ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առանց ընդդիմության, բայց հագեցած օրակարգով․ ԱԺ-ն քննարկել է հերթական օրենսդրական փոփոխությունները

Համայնքների խոշորացում, երիտասարդների համար հանրային ծառայության նոր հնարավորություններ, քրեակատարողական համակարգի վերահսկողության խստացում և թվային տիրույթում նոր սահմանափակումներ․ այս հարցերն էին ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

8-րդ գումարման վերջին նստաշրջանի հերթական նիստը մեկնարկեց մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնությունների քննարկումով։ Սակայն հագեցած օրակարգը քննարկվել է առանց ըննդիմության ներկայացուցիչների։

Ընդդիմության դատարկ աթոռներ, հագեցած օրակարգ և մի շարք նոր նախաձեռնություններ․ այսպես սկսվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին նստաշրջանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կուսակից ընկերներից հետաքրքրվեց, թե որտեղ է ընդդիմությունը, և ինչու պատգամավորները չեն մասնակցում նիստին․

«Ինձ կասե՞ք՝ ուր է ընդդիմությունը։ Նրանք գումար են ստանում, ինչո՞ւ չեն եկել նիստին»։

Խորհրդարանի աշխատանքային օրը սկսվեց Հայրերի օրվա առիթով բարեմաղթանքներով։ Ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, արդեն հաշտվել են այն մտքին, որ օրվա կապակցությամբ ո՛չ ծաղիկ են ստանում, ո՛չ նվեր․

«Պարզ է՝ մեզ ոչ մեկը ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ, բայց շնորհավորենք Հայրերի օրվա կապակցությամբ»։

Պատգամավորները հայրական ջերմ բարեմաղթանքներից արագ անցան օրակարգային հարցերի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքների խոշորացման հերթական՝ ութերորդ փուլը։ Ըստ նախագծի՝ Լոռու մարզում կձևավորվի Ստեփանավան խոշորացված համայնքը, որը կներառի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռիբերդ համայնքները՝ դրանց մեջ ընդգրկված ընդհանուր 20 բնակավայրերով։ Սյունիքում կկազմավորվի Գորիս խոշորացված համայնքը՝ Գորիս, Տաթև և Տեղ համայնքներով, իսկ Վայոց ձորում՝ Եղեգնաձորը՝ Արենի և Եղեգիս համայնքներով։ Ընդ որում՝ սա արդեն միավորման երկրորդ փուլն է այդ համայնքների համար՝ ասաց նախարարը․

«Եթե շատ կարճ ասենք, նախկինում միավորված համայնքներն այժմ միավորվում են»։

Վարչատարածքային փոփոխությունների նախորդ յոթ փուլերի հիման վրա համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներն են։ Չեն միավորվել Երևանը, Գյումրին, ազգային փոքրամասնություններով բնակեցված հինգ համայնքներ։ Նախագծով հստակեցվում է նաև միավորվող համայնքներում ավագանու ընտրությունների նշանակման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների անցման կարգը։ Ըստ այդմ՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, գործող ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեն, և նույն օրը նոր ավագանին կստանձնի իր լիազորությունները։

Ազգային ժողովի օրակարգի հերթական հարցը վերաբերում էր պետական մարմիններում փորձաշրջան անցնող երիտասարդներին։ Եթե մինչև այժմ պրակտիկան շատերի համար առաջին հերթին փորձ ձեռք բերելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորություն էր, ապա առաջարկվող փոփոխություններով այն կարող է դառնալ նաև վարձատրվող աշխատանք․

«Մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ փորձնակները կարող են նաև վարձատրվել։ Մինչև այսօր գործող օրենսդրությամբ իմպերատիվ պահանջ կար, որ չեն վարձատրվում»։

Նախագիծը ներկայացնող Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի խոսքով՝ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական, այլև ամբողջ հանրային ծառայության շրջանակում պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Ընդ որում՝ փոփոխությունը կունենա նաև հետադարձ ուժ. նախկինում պրակտիկա անցած անձինք ևս կկարողանան իրենց անցած ճանապարհը գրանցել որպես հանրային ծառայության ստաժ․

«Վստահ ենք, որ այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը և լսելի կլինի մեր երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը և անցնելու հանրային ծառայության»։

Օրակարգում ընդգրկված էր նաև մեկ այլ նախագիծ, որն արդեն վերաբերում էր քրեակատարողական հիմնարկներում անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատգամավորներին ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որը միտված է քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի շրջանառության կանխարգելմանը։ Նախարարի խոսքով՝ գործող կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սահմանված վարչական տույժերը բավարար չափով չեն կանխում իրավախախտումները։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձինք արգելված առարկաներ փոխանցելու փորձից հետո վճարել են համեմատաբար մեղմ տուգանք և կրկին կատարել նույն խախտումը։ Նախարարի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբարձրացնեն քրեակատարողական համակարգի անվտանգության մակարդակը և ավելի արդյունավետ կդարձնեն արգելված իրերի շրջանառության դեմ պայքարը․

«Նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն` քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված, մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար վերանայել քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տուգանքի չափը։ Մասնավորապես` հիշյալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով»։

Նիստի օրակարգ ընդգրկված էր նաև մեկ այլ նախագիծ, որն ուղղված է թվային տիրույթում վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը։ Խոսքը խաղային գործունեության կարգավորմանն առնչվող օրենսդրական փաթեթի մասին է, որը պատգամավորներին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին խաղային ոլորտը զգալի փոփոխությունների է ենթարկվել, և եթե նախկինում խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ էր այցելել հատուկ վայրեր, ապա այսօր դա հնարավոր է մի քանի հպումով՝ կայքերի և բջջային հավելվածների միջոցով։ Ըստ զեկուցողի՝ հիմնականում Հայաստանում լիցենզավորված օպերատորներն են պահպանում գործող սահմանափակումները, սակայն ինտերնետային տիրույթում շարունակում են գործել բազմաթիվ չլիցենզավորված հարթակներ, որոնք ծառայություններ առաջարկում են նաև Հայաստանի քաղաքացիներին, հաճախ նույնիսկ հայերեն։ Այս պայմաններում գործող կարգավորումներն արդյունավետ չեն․

«Խնդրի լուծման համար առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ։ Առաջին փուլով ՊԵԿ-ում կստեղծվի հատուկ ինտերնետային ռեսուրս, որտեղ կգրանցվեն արգելափակման ենթակա կայքերը, և կապի օպերատորները հնարավորություն կունենան սահմանափակել դրանց հասանելիությունը։ Երկրորդ շերտը վերաբերում է վճարահաշվարկային համակարգերին, որոնց միջոցով նախատեսվում է ավելի խիստ վերահսկողություն սահմանել ֆինանսական փոխանցումների նկատմամբ։ Երրորդ մակարդակը վերաբերում է գովազդին. միջազգային գովազդային հարթակները չեն կարողանա Հայաստանում թիրախավորել խաղատների գովազդ, եթե դրանք չեն գործում հայկական օրենսդրության շրջանակում»։

Կխստացվի վերահսկողությունը պիտանելության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անորակ կամ օրենքի խախտմամբ շրջանառության մեջ հայտնված դեղերի ոչնչացման նկատմամբ։ Գործող կարգավորումներով՝ նման դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը պետք է ոչնչացվեն վտանգավոր թափոնների ոչնչացման համար սահմանված պահանջներին համապատասխան։ Նախագիծը ներկայացնող Լուսինե Բադալյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակը բացառելն է այն դեպքերը, երբ ոչնչացման ենթակա դեղերը փաստացիորեն չեն ոչնչացվում և կրկին հայտնվում են շրջանառության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button