ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր հեղափոխություն․ Փաշինյանը սահմանեց նոր անելիքները

8-րդ գումարման խորհրդարանի՝ կառավարության հետ վերջին հարց ու պատասխանն անցավ առանց ընդդիմության։ Իշխանական խմբակցությունը և վարչապետը հիմնականում անդրադարձել են անցած ընտրություններին, նոր խորհրդարանի և կառավարության առաջնային անելիքներին։

Վարչապետի խոսքից պարզ է դարձել, որ կառավարությունն աշխատում է մեկ այլ՝ այս անգամ արտահերթ ընտրություն կազմակերպելու ուղղությամբ։ Խոսքը Գյումրիի ճգնաժամի հաղթահարման մասին է։ Ըստ վարչապետի՝ աշխատում են, մշակում են սցենարներ, բայց ավելի կոնկրետ այդ հարցին կանդրադառնան ԱԺ և կառավարության ձևավորումից հետո։ Այսինքն՝ մոտ երկու ամիս հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ազդարարեց Հայաստանի համար նոր սկսվող փուլը։ Այն պայմանականորեն անվանում է «Երեխաների հեղափոխություն» և իրավիճակին տալիս է հետևյալ ձևակերպումը․ կա՛մ նոր թափ է ստանում հեղափոխությունը, կա՛մ հաղթում է հակահեղափոխականությունը։ Այս ամենը, ընդհանուր առմամբ, ընտրակաշառքի, ընդդիմության և ընտրությունների արդյունքները արտաքին ուժերի միջամտությամբ փոխելու ջանքերի մասին է։

«Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու, ոտքի տակ տալու ճանապարհով։ Հատուցման ժամը եկել է, այսօր է, հիմա է հատուցման ժամը և ժողովուրդը քվեարկել է այդ հատուցման ժամի օգտին՝ 720 000 մարդ։ Ասում եմ` կալուգացի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան, բելառուսացի ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չէ, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Այո, և ես հայտարարել եմ երեխաների հեղափոխություն։ Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա, ջարդուփշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է»։

Հայաստանի վարչապետը նաև սահմանում է նոր «խաղի կանոններ» և որպես սկիզբ՝ հիշեցնում է 2021 թվականի ընտրությունների ընտրակաշառքի գործերը։

«Տասնյակների նկատմամբ քրեական գործերը կարճվել են, պայմանական ժամկետներ են տրվել և այլն։ Էլ չեմ ասում` ամենամեծ կաշառատուն արդարացվել է։ Ո՞վ է հավատում, որ ձրի է արդարացվելու։ Եթե չէ, ուրեմն պետք է սրան կոնկրետ պատասխան տվողներ լինեն։ Հասկանում ենք` անկախ։ Չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինի, ուրիշ տեղի ենթարկվող իշխանություն լինի Հայաստանի Հանրապետությունում։ Ես հստակ ասում եմ` ամեն ինչ հասկանում ենք՝ իշխանության բաժանում և այլն, բայց ի՞նչ է սա։ Եթե ընտրակաշառք տված և վերցրած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է։ Տասնյակ հազարավոր մարդիկ գնում են և կոնկրետ մարդկանցից պատասխան են պահանջում, ասում են` էս ի՞նչ եք արել և ո՞նց եք արել»։

Քրեաօլիգարխիկ համակարգից և ընտրակաշառքի թեմայից բացի ընդդիմության հետ կապվող ուղիղ վտանգը, ըստ Փաշինյանի, գալիս է նաև նրանց խոսույթից և օգտագործվող սիմվոլիկայից։ Մինչև այս պահը ԱԺ դահլիճում ընդդիմությանը հատկացված տեղերում դեռ տեղադրված են Արցախի Հանրապետության դրոշները։ Այս թեման շարունակելով Հայաստանի վարչապետը հայտարարեց․

«Ե՛վ խոսքերով, և՛ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։ Հիմա ասենք, օրինակ, այն խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելո՞ւ է իր սեղանին։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու՞ են, թե՞ չեն շարունակելու։ Այն ուժը, որը նախընտրական շրջանում ասում է` մենք 29 743 քառակուսի կիլոմետրով  չպետք է բավարարվենք։ Ըստ էության, նա հարևաններին պատերազմ է հայտարարել արդեն, այսինքն` տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն` դուք, համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն, դնեն հարվածի տա՞կ»։  

Առիթից օգտվելով, Հայաստանի վարչապետը հերթական անգամ պնդեց․ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք է, նման հարց չի եղել, չկա և չի լինելու։

Ընդդիմության մեկ այլ խոսույթին, որն առնչվում է Ադրբեջանի հետ առանց երաշխավորների և միջնորդների ընթացող բանակցություններին, անդրադարձավ պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Նախընտրական փուլում մեր ընդդիմադիրները նաև ասում են, որ մենք առանց երաշխավորների, ըստ էության, կորած ենք Հարավային Կովկասում։ Սրան ի պատասխան խորհրդարանի խոսնակը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն են միմյանց խաղաղության երաշխավորը, և ընդդիմադիրները այս նախադասության միայն մի հատվածը մեջբերելով, էլի փորձում էին այդտեղ խոցելիություն գտնել։ Այնինչ ես կարծում եմ, որ սա այն մեծ ռազմավարական գործարքի մաս է կազմում, որի մասին նաև խոսել եք դուք»։

Անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո Հյաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, ըստ վարչապետ Փաշինյանի, արդեն խոսուն փաստ է․

«Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում։ Տեղի է ունեցել հանդիպում, այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է։ Մեր փորձը ի վերջո, ի՞նչ է ցույց տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են։ Ընդ որում, գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ այդ ձևաչափով երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել, և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում և ենթադրաբար հաջորդն էլ տեղի կունենա Ադրբեջանում։ Շատ կարևոր է, որ սրանով, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»։

Սակայն, այս ամենով հանդերձ, վարչապետ Փաշինյանն ասում է, որ չի կարող հստակ նշել, թե որն է լինելու խաղաղության օրակարգի հաջորդ փուլը։

Կարդացեք նաև

Back to top button