ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սևանի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով. վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել էր 1993-ին

Սևանա լճում և հանրապետության խոշոր ջրամբարներում ջրի մակարդակն այս պահին աննախադեպ բարձր է: Թեև ջրային պաշարների կտրուկ կուտակումը ռազմավարական նշանակություն ունի, սակայն մասնագետները նկատում են, որ այս փոփոխությունները կարող են նաև այլ ազդեցություն ունենալ:

Ի՞նչ օգուտներ կամ հնարավոր վնասներ կարող է պատճառել լճի մակարդակի բարձրացումը էկոհամակարգին ու կենսաբազմազանությանը:

2026 թվականի հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։ Մասնագետները սա աննախադեպ են համարում՝ հիշեցնելով, որ հունիսի առաջին կեսին նման տեմպ վերջին անգամ արձանագրվել էր 33 տարի առաջ՝ 1993-ին։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը ասում է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումն ավանդաբար գրանցվում է հենց հունիս-հուլիս ամիսներին, սակայն այս տարի գործընթացը համեմատաբար արագ է։ Ըստ մասնագետի՝ ռեկորդային ցուցանիշը պայմանավորված է մի քանի հիմնական պատճառներով․

Ամալյա Միսակյան․ «Հունիսի 1-ից մինչև այսօր լճի մակարդակը բարձրանում է շատ արագ տեմպերով, ինչը պայմանավորված է առաջնային մի քանի հանգամանքներով։ Ձյան պաշարների առկայության պատճառով գետերում ջրի ելքերը դեռ բավականին բարձր են։ Այսինքն՝ գետերի միջոցով Սևանա լիճ արձանագրվող ներհոսքը նորմայից բավականին մեծ է։ Միևնույն ժամանակ, էական գործոն են նաև դիտվող տեղումները, որոնց հետևանքով ևս մակարդակի բարձրացում է տեղի ունենում, սակայն առաջնայինը դեռևս գետային ներհոսքն է»։

Ըստ մասնագետի՝ տեղումների առատության շնորհիվ այս պահի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումներ չեն արվում։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, չոր եղանակով պայմանավորված, լճից արդեն ակտիվորեն ջուր էր բաց թողնվում դեպի Արարատյան դաշտ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար։ Մասնագետն ասում է՝ ջրի մակարդակի բարձրացումն այս պահին միայն դրական ազդեցություն է թողնում լճի վրա։ Սևանը նախկինում էլ է ունեցել ջրի մակարդակի այսպիսի և ավելի բարձր նիշեր, պարզապես այս տարի գործընթացի տեմպերը անհամեմատ ավելի արագ են․

«Ազդեցությունը դրական է, որովհետև լճում կուտակվում են զգալի քանակությամբ ջրային ռեսուրսներ, ինչը շատ լավ է հենց լճի էկոհամակարգի համար։ Առհասարակ, ջրային պաշարների կուտակման տեսանկյունից որևէ բացասական ազդեցություն չի կարող լինել, քանի որ մենք այս մակարդակից ավելի բարձր նիշեր էլ ենք ունեցել։ Այս պարագայում հիմա միայն դրական ազդեցություն է լճի վրա, և սա դրական է անդրադառնում նաև լճից կախվածություն ունեցող մյուս համակարգերի վրա»։

Վերջին տասնամյակներին Սևանի հիմնական խնդիրներից մեկը ջրի մակարդակի անկումն էր, որը լուրջ հետևանքներ էր առաջացրել լճի ինքնամաքրման համակարգում։ Սակայն մասնագետը նկատում է, որ մակարդակի կտրուկ փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև լճի կենսաբազմազանության վրա.

«Այս մակարդակի շատ կտրուկ տատանումները կարող են բավականին բացասական ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների համար, սակայն այս պարագայում ջրային պաշարների ավելացումը հնարավորություն է տալիս, օրինակ, լճում թթվածնի պաշարների ավելի մեծ կուտակմանը, որը, բնականաբար, կենդանի օրգանիզմների համար շատ դրական ազդեցություն ունի»։

Լճում ջրի վիճակը մշտական  վերահսկողության տակ է։ Հիդրոլոգիայի ծառայության պետի խոսքով՝ ամենամսյա կտրվածքով անցկացվում են մշտադիտարկումներ՝ ջրի որակն ու հնարավոր փոփոխությունները հասկանալու համար։ Ըստ մասնագետի՝ այս պահին որևէ արտառոց երևույթ չի արձանագրվել։

Ի դեպ, ջրային պաշարների ավելացման դրական միտումները նկատելի են ոչ միայն Սևանա լճում, այլև ողջ հանրապետությունում։

Դեռևս տարեսկզբին մասնագետները կանխատեսել էին, որ այս տարի հանրապետության ջրամբարներում ջրի պաշարը զգալիորեն կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը։ Ամալյա Միսակյանը փաստում է՝ կանխատեսումներն իրականացել են, և այս պահին արդեն մի քանի ջրամբարների լցվածությունը հասել է հարյուր տոկոսի․

«Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում ունենք լիարժեք՝ 100 տոկոսանոց լցվածություն։ Բոլոր առումներով ջրամբարների վիճակն այս տարի անհամեմատ ավելի լավ է, քան նախորդող տարիներին։

Այսօրվա դրությամբ՝ հանրապետության հինգ խոշոր ջրամբարներում կուտակված ջրի ծավալը 169 միլիոն խորանարդ մետրով ավելի է, քան դիտվել էր նախորդ տարվա նույն օրը։ Ավելին՝ Ապարանի ջրամբարում վերջին անգամ 100-տոկոսանոց լցվածություն արձանագրվել էր 2011 թվականին, ինչը նշանակում է, որ այս տարի մենք ունենք վերջին 15 տարիների ամենաբարձր և լավագույն ցուցանիշը»։

Ըստ մասնագետների՝ Սևանում և ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացումը դեռ կշարունակվի։ Առատ ներհոսքի շնորհիվ առաջիկա օրերին ևս նիշերը կավելանան՝ ձևավորելով ընթացիկ տարվա ոռոգման շրջանի համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների անհրաժեշտ պաշարը։

Կարդացեք նաև

Back to top button