
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր Sotheby’s աճուրդային տան ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հայաստանյան այցի շրջանակում պատկերասրահ են այցելել Sotheby’s Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին ու Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը, հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։
Հյուրերի համար կազմակերպված ճանաչողական շրջայցի ընթացքում ներկայացվել են թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները, մշակութային հարուստ հավաքածուն և իրականացվող միջազգային ծրագրերը։ Այս հանդիպումը կարևոր հարթակ է Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպությունների և Sotheby’s-ի միջև արդյունավետ համագործակցության հաստատման, մասնագիտական կապերի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման ու ուսումնասիրման գործում պատկերասրահի բացառիկ դերն ու մեր հարուստ արվեստը միջազգային ասպարեզում նորովի արժևորելու համար։




