
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան են ժամանել ամերիկացի անվասայլակով բասկետբոլի աշխարհահռչակ մարզիկներ Ռոուզ Հոլլերմանն ու Սթիվ Սերիոն։ Բազմակի պարալիմպիկ մեդալակիրները, որոնք ունեն հաշմանդամություն, որպես ԱՄՆ սպորտային բանագնացներ այցելում են տարբեր երկրներ՝ խթանելով սպորտային համագործակցությունն ու ամրապնդելով մարզական կապերը։
ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս անգամ հայտնի մարզիկները հյուրընկալվել էին Գյումրիում, որտեղ Շիրակի պետական համալսարանի ուսանողների և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի մարզիկների հետ անցկացրել են ընկերական խաղ։
Ավտովթարից հետո Ռոուզ Հոլլերմանը կորցրել է երկու եղբայրներին, իսկ ինքը՝ գոտկատեղից ներքև մասնակի կաթված ստացել։ Սթիվ Սերիոն մեկ տարեկանից է ապրում հաշմանդամությամբ։ Այսօր երկուսն էլ աշխարհի ամենատիտղոսակիր անվասայլակով բասկետբոլիստներից են և որպես ԱՄՆ սպորտային բանագնացներ շրջում են տարբեր երկրներում՝ ապացուցելու, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող սահմանափակել մարդու հնարավորությունները։
Այս անգամ նրանց կանգառը Հայաստանն էր։ ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Ռոուզ Հոլլերմանն ու Սթիվ Սերիոն Գյումրիում հանդիպեցին Շիրակի պետական համալսարանի ուսանողներին և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի մարզիկներին՝ անցկացնելով ընկերական խաղ և վարպետության դաս։ Այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում, որը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Պարալիմպիկ խաղերի բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլլերման․
«Ես փոքր հասակում ավտովթարի պատճառով կորցրել եմ երկու եղբայրներիս, հաշմանդամություն ձեռք բերեցի, բայց կարծես հենց նրանց հիշատակի համար ուժ գտա իմ մեջ և կայացա սպորտում։ Այս ծրագրի նպատակը մարզիկներին և հաշմանդամություն ունեցող անձանց ոգեշնչելն է, ինչպես նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդումը։ Անկախ ֆիզիկական վիճակից՝ պետք չէ ընկճվել, պետք է միշտ առաջ շարժվել»,- ասում է նա։
Սթիվ Սերիոն, որը ԱՄՆ հավաքականի կազմում նվաճել է երեք ոսկե և մեկ բրոնզե պարալիմպիկ մեդալ, վստահ է՝ սպորտը փոխում է ոչ միայն մարզիկների, այլև հասարակության վերաբերմունքը։
«Իմ մոտ հաշմանդամությունը մեկ տարեկան հասակից է։ Երբ բացահայտեցի անվասայլակով բասկետբոլը, ձեռք բերեցի ինքնավստահություն և դարձա ոչ միայն մարզիկ, այլև առաջնորդ։ Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Հայ մարզիկների պատրաստվածությունն իսկապես բարձր մակարդակի է։ Տարածված կարծրատիպ կա, թե հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչինչ չեն կարող անել, բայց մեր հաջողությունները հենց այդ կարծրատիպերն են կոտրում»,- ասում է Սերիոն։
Հայաստանում անվասայլակով բասկետբոլը, թեև քիչ է հանրայնացվում, արդեն կայացած մարզաձև է։ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան գործում է 2011 թվականից, ունի երեք ակումբ և շուրջ 35 մարզիկ, մասնակցում է միջազգային մրցաշարերի։ Թեև մարզադահլիճների և տրանսպորտի մատչելիության խնդիրները շարունակում են խոչընդոտել զարգացմանը, մարզումները չեն դադարում։
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Խզմալյան․
«Այսօրվա դրությամբ Հայաստանում անվասայլակով բասկետբոլը կայացած մարզաձև է։ Ունենք կայուն մարզումներ, ակումբներ, համագործակցում ենք Եվրոպայի, ԱՄՆ-ի և աշխարհի բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Միջազգային բասկետբոլի ֆեդերացիայի անդամ ենք և ամեն ինչ անում ենք մարզաձևը զարգացնելու համար»։
Ընկերական խաղից հետո ամերիկացի մարզիկները ուսանողներին ներկայացրին նաև մրցումների համար նախատեսված հատուկ անվասայլակների առանձնահատկությունները։ Դրանք սովորական անվասայլակներից տարբերվում են անիվների թեքությամբ, ինչը թույլ է տալիս ավելի արագ շարժվել և նվազեցնում է կողաշրջվելու վտանգը։ Ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ փորձել մարզական անվասայլակները և ամերիկացի հյուրերի առաջնորդությամբ նույնիսկ մի քանի հաջող նետումներ կատարել։
Հայտնի մարզիկների խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց պետք է ոչ թե խղճալ, այլ ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք լիարժեք մասնակցեն հասարակական և մարզական կյանքին։ Իսկ սպորտը դրա լավագույն ճանապարհներից մեկն է։




