ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ակնալիճում խոշորացումից հետո միայն մեկ ծրագիր է իրականացվել

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում համայնքների միավորումից հետո միայն մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Տեղացիներն ասում են, որ իրենց գյուղի բյուջեով առաջ ավելի շատ աշխատանքներ են իրականացրել, քան խոշորացումից հետո: Խմելու ջրի ցանցը փոխվում է պատկան միջոցներով, սակայն գյուղը չունի ջրահեռացման համակարգ: Կոյուղու ջրերը հաճախ են խառնվում ոռոգման համակարգին: Այդօրինակ խնդիր կա նաև մարզի Մուսալեռ գյուղում:

Ակնալիճը Մեծամոր համայնքի 31 բնակավայրերից մեկն է: Մինչև խոշորացումը համայնքի բյուջեով գյուղում բարեկարգման աշխատանքները տեսանելի էին, վստահեցնում են բնակիչները, իսկ միավորումից հետո գյուղն աչքաթող է արվել:

«Մինչև խոշորացումը տարածաշրջանի շատ-շատ գյուղեր, որոնք մեր բյուջեից լավ, հավասար կամ ավելի հարուստ բյուջե ունեին, չի արվել այն աշխատանքներն, ինչ արվել է մեր գյուղում: Այստեղ ավագանու, համայնքի նախկին ղեկավարի, ժողովրդի համատեղ ճիշտ աշխատանքի արդյունքում, կարելի է ասել, բավականին աշխատանքներ կատարվել են՝ որը բյուջեի հաշվին, որը՝ սուբսիդավորմամբ»:

Զրուցակիցս թվարկում է միասնական ուժերով կատարված աշխատանքները :

«Մինչև խոշորացումը գյուղի գրեթե 80 տոկոսը ասֆալտապատվել էր, 90 տոկոսով գազիֆիկացվել, կենտրոնական փողոցներում լուսավորության ցանց անցկացվել: Դա եղել է 2000-2022թթ ու բավականին մանր-մունր աշխատանքներ»:

Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կրթական հաստատությունները: Մանկապարտեզը, բացի ձմեռվա ամիսներից, չի դադարել աշխատելուց, ասում է, թեկուզ մեկ խմբով, բայց աշխատել է: Գյուղապետարանն է հոգացել ծախսերը: Խոշորացումից հետո միավորված բյուջեով Ակնալիճում միայն մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ տեղեկացնում է վարչական ղեկավար Շողիկ Մուրադյանը:

 «Սուբվենցիայով 2024թ-ին գազիֆակացում է եղել: Միայն մի փողոցում բնական գազ չկար, արվեց: Մի փողոց ունենք, որ պետք է ասֆալտապատվի, կարծում եմ՝ մյուս տարի կանեն»:

Այս տարի փոխում են գյուղի խմելու ջրի ամբողջ համակարգը։ Այդ պատճառով գրեթե բոլոր փողոցները քանդվել են, իսկ ավարտված հատվածներում՝ ասֆալտապատում են նաև հորդառատ անձրևների ժամանակ:

 Կոռոզիայի պատճառով խմելու ջրի խողովակները հաճախ են շարքից դուրս գալիս՝ ասում է վարչական ղեկավարը:

 «Վեոլիայի» աշխատանքներն ավարտելուց հետո, կարծում եմ՝ խմելու ջուրը կկարգավորվի, որովհետև վթարներ հաճախակի էր լինում, իսկ շենքերում մշտապես մենք ջրի խնդիր ունենք: Հատկապես այս սեզոնին ջուրը չի հերիքում, բարձր հարկերում ջուր չի բարձրանում»:

Գյուղում քիչ չեն բազմաբնակարան շենքերը, որոնցից մեկը նաև վթարային է: Շողիկ Մուրադյանի խոսքով՝ խնդրին տեղյակ են պատկան կառույցները:

«Շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել, գնահատվել: Երևի մի 10 տարի կլինի, տեսնենք, թե ինչ կարվի: Մի քանի անգամ դիմել ենք, սպասում ենք պատասխանին: Անընդհատ աշխատանքներ տարվում են՝ մարզպետարանից էլ են եկել տեսել, , համայնքապետարանից էլ»:

Բնակիչներն ասում են՝ գյուղի հիմնախնդիրներից մեկը կոյուղին է: Իրավիճակը կարգավորելու համար փողոցներում դիտահորեր են տեղադրել, կամ էլ կոյուղաջրերը պարզապես լցվում են ոռոգման համակարգ՝ ասում է զրուցակիցս:

«Ամեն մեկս մեր դռան դիմաց ենք դրել, կարկատանի պես է դարձել փողոցը: Այդ նույն վիճակում է ամբողջ գյուղը: Իսկ ով չի կարողանում դա անել, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված՝ 130-150 հազար դրամ, միացնում են ոռոգման ջրի համակարգին, առուներին, կիսախողովակներին, որն ահավոր հակահիգիենիկ է, նամանավանդ ամառվա սեզոնին, դա տարբեր համաճարակների աղբյուր է»:

Կոյուղու խնդիրը հանգիստ չի տալիս նաև Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի բնակիչներին:

«Ցանցը կառուցված է եղել, բայց հիմա չի գործում:Այստեղ 4 եռահարկ բնակելի շենքեր կան, որոնց կոյուղու ջրերը լցվում են ջրանցքը՝ ոռոգման տակ: Ահավոր հոտ է տարածվում»:

Մուսալեռի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանն ասում է, որ խնդրի լուծումը ներառված է Փարաքար համայնքի 2025-2030 թթ հնգամյա զարգացման ծրագրում, իսկ Ակնալիճի ջրահեռացման վերաբերյալ որևէ լուծում դեռ չկա:

Կարդացեք նաև

Back to top button