
ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Համաձայնագրի մասին առաջինը հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ նշելով, որ այն ներառում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին։ Երկու կողմերն էլ համաձայնել են անհապաղ և մշտական հրադադարի», — սոցիալական ցանցերում գրել է Շարիֆը։
Նրա խոսքով՝ Պակիստանը, որը միջնորդել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում, շնորհակալություն է հայտնել նաև Կատարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային՝ համաձայնագրի կնքմանն աջակցելու համար։ Մինչեւ պաշտոնական ստորագրումը նախատեսվում է անցկացնել մի շարք հանդիպումներ՝ համաձայնագրի իրականացման մեխանիզմները քննարկելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ «Իրանի հետ համաձայնագիրն ավարտված է»։ Նա նաև հայտնել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման և Իրանի դեմ կիրառված ծովային շրջափակման վերացման մասին։
«Շնորհավորում եմ բոլորին։ Ես լիազորում եմ Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ զինված ուժերի կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը։ Թող նավթը հոսի», — գրել է Թրամփը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը ճշտել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո։
Թեհրանը նույնպես հաստատել է պայմանավորվածությունների ձեռքբերումը, սակայն համաձայնագրի բովանդակության և պայմանների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։




