Գեղեցիկ և դիտարժան բեմադրություն, ներդաշնակ զույգեր, շքեղ բեմական հագուստներ, գրավիչ երաժշտություն, ֆիզիկական անթերի կեցվածք, բացառիկ ճկունություն, ռիթմի զգացողություն, զգացմունքայնություն, բարձր տեխնիկա, մեծ արտիստիզմ, զուգընկերների միջև անթերի փոխըմբռնում, մեծ ջանքեր, նվիրվածություն, համբավ, հիացմունք, ճանաչում, փառք, հանդիսատեսի ինքնամոռաց սեր, ծաղկեփնջեր, ծափահարություններ, հյուրախաղեր, երկար տարիների քրտնաջան աշխատանք, անվերջ մարզումներ, հանդիսատեսի աչքերից թաքնված բազմաթիվ դժվարություններ. այս ամենը միավորողը տպավորիչ ու ազդեցիկ, զգացմունքային ու դիտարժան սպորտային պարերն են՝ սպորտի և արվեստի համադրություն, որ հրճվանք է պատճառում գեղեցիկի սիրահարներին:
Սպորտային պարերը ոչ միայն սիրված են, այլև վայելում են համաշխարհային հռչակ և ճանաչում, հետաքրքրությունն ամբողջ աշխարհում բավականին մեծ է:
Եթե որոշել եք ընտրել այս անչափ հրապուրիչ մասնագիտությունն ու ծնունդ տալ բեմական հրաշագեղ ստեղծագործությունների, պատրաստ եք անցնել բարդ, բայց միևնույն ժամանակ հրապուրիչ ճանապարհ, ապա վստահաբար կարող եք ընտրել այս մասնագիտությունը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դասախոս, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն, մրցավարական կոլեգիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Լևոն Վերմիշյանը:




