Այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որն աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ և հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը, գրավիչ և զարգացող մասնագիտություն՝ ռազմավարական և վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար:
Գաղտնիք չէ, որ ցանկացած բնագավառում, ցանկացած գործունեության հաջողության հիմքը խելամիտ և արդյունավետ կառավարումն է: Որոշումների, կանոնների, նորմերի և գործողությունների մի մեծ և յուրահատուկ, բարդ և դինամիկ գործընթաց, որը պահանջում է հմտություններ և գիտելիքներ՝ գերագույն նպատակին հասնելու համար՝ ապահովելով ցանկացած համակարգի արդյունավետ զարգացումը և առկա սահմանափակ ռեսուրսների պայմաններում մաքսիմալ արդյունքների ձեռքբերումը:
Կառավարում կրթական ծրագրի նպատակն է ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ, պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլ ոլորտների կառավարման մասնագետներ՝ կազմակերպությունների կառավարման տարբեր ֆունկցիոնալ ուղղվածության, ինչպես նաև ինժեներական, բիզնեսի թվայնացման և նախագծերի կառավարման խնդիրների առաջադրման ու լուծման համար:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Ֆրանգուլյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Տեխնոլոգիաների կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ելենա Պետրոսյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Տեխնոլոգիաների կառավարման ամբիոնի ավագ դասախոս Հարություն Գզրարյանը։




