
«Նախկինում, եթե հպանցիկ ակնարկով նայենք, պատերազմները կմղվեին բաց դաշտի մեջ՝ 2 բանակներ իրար դեմ։ Ընդհանրապես քաղաքացիները՝ ոչ մարտիկները, իրենց քաղաքներում կամ ամրոցներում, ծանր վնասներ չէին ունենում։ Բայց երբ պատերազմի հոլովույթը փոխվեց՝ սկսվեց ավելի ծանր, ավելի մեծ տարողությամբ ռմբակոծումներ կամ կրակ ստեղծվել քաղաքների մեջ, սկսանք տեսնելու քաղաքացիների ներգրավվածությունը այս պատերազմի մեջ՝ իրենց վնասներով»։
Կար ժամանակ, երբ ռազմական գործողությունը տեղի էր ունենում ռազմի դաշտում։ Այդ ժամանակ զենքը, հիմնականում, մարդկանց տուն չէր մտնում, այն ծակող, կտրող-կոտրող, կրակ կամ արկ արձակող, նետվող-պայթող մի բան էր։ Սպանելիս անգամ ուղիղ էր ու հստակ․ առաջացնում էր կրակ, ոչ թե դանդաղ-մահաբեր սով կամ անվստահություն։
«Պետք է մտածել, թե մարդու ստեղծագործությունը՝ ոչ ստեղծագործական, այլ սպանելու իմաստով, ի՞նչ սահմաններ ունի։ Կամ կարող է անսահմա՞ն է»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումը պատերազմների ընթացքում կիրառվող ոչ ռազմական զենքերի մասին է։
***
Օգոստոսի 14-ի առավոտյան Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարեց՝ նախորդ օրվա ընթացքում ևս 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, մահացավ սովից։ Այդ առավոտյան Գազայում սովից մահացած մարդկանց թիվը հասավ 235-ի։ Նրանցից 106-ը երեխաներ էին։ Սա 21-րդ դարի պատերազմի կանոնն է․ կռվում է բանակը, մահանում են նաև երեխաները։
Պատերազմներ միշտ են եղել․ ցեղը՝ ցեղի, ազգը՝ ազգի, ժողովուրդը՝ ժողովրդի, պետությունը՝ պետության դեմ կռվել են՝ սեփական գերակայությունը հաստատելու, տարածք ու իշխանություն նվաճելու, հնարավոր վտանգները չեզոքացնելու համար։ Բայց ժամանակի ընթացքում այդ պատերազմներում հաղթելու զենքերը փոխել են։ Այսօրվանը միշտ չէ, որ պայթյուն է առաջացնում։
Մարդու երևակայությունը ի՞նչ «նվաճումներ» ունի, ինչո՞վ է փոխարինվել ավանդական զենքը, այդ ո՞ր մեթոդներն են, որ կրակ կամ պայթյուն չեն առաջացնում, բայց առաջացած վնասն էլ ավելի տեսանելի է լինում, ինչպե՞ս է պատերազմի ընթացքում թիրախավորվում սովորական մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջությունը․ սովը զե՞նք է։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Ուրիշ միջոց չկա․ եթե դու չես կարա ամրոցը գրավել, ուրեմն, պետք է ստիպված նստես-սպասես։ Բոլոր պատմությունների մեջ կտեսնես, որ առաջին քայլն այն է, որ պետք է փորձես քաղաքը կամ ամրոցը առնել։ Եթե չեղավ, կշրջափակես և կսպասես, որ սովից կամ ծարավից մեռնեն»։
Ամերիկյան համալսարանում քաղաքագիտություն դասավանդող Ասպետ Գոչիկյանին Հանրային ռադիո էի հրավիրել՝ խոսելու այն մասին, թե արդյո՞ք պատերազմներն էլ առաջվանը չեն։ Խոսակցության տեղեկատվական առիթը Գազայից ամեն օր ստացվող լուրերն են՝ կրկին սովից մարդիկ են մահացել։ Այս «զենքի» կիրառումը մեզ համար նորություն չէ, սակայն պարզվում է, որ այն գոյություն է ունեցել շատ տարիներ առաջ և չի համարվել պատերազմական հանցագործություն․
«Մեր նախնական խոսակցությունից հետո ես որոշեցի մի քիչ ավելի ուսումնասիրել։ Իմ համար զարմանալի էր։ Սովը միշտ եղել է զենք՝ էդտեղ կասկած չկա, հարցն այն է, թե ինչքանո՞վ ընդունելի, ինչքանո՞վ իրավական կամ ոչ իրավական՝ անօրեն։ Հետաքրքրական է, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ շատ մեծ ճնշում կար, որ սովը կամ բլոկադը նկատի առնվի որպես զենք և լրիվ արգելվի, Նատոն և արևմտյան աշխարհը շատ դեմ էին դրան։ Վերջում Ժնևի կոնֆերանսում՝ Ժնևի հայտարարության մեջ որոշում եղավ, որ բլոկադան և սովը ընդունված զենք են պատերազմի ժամանակ։ Էս՝ 1949-ին։ Արևմուտքը ուզում էր ունենալ էդ բլոկադայի կարողությունը կամ կարելիությունը՝ որպես իրավական միջոց, որպեսզի սովետմիության վրա պաշարի»։
Մոտ 80 տարի առաջ մի հերթական դեկտեմբեր ամսի աշխարհի մի կետում՝ Լենինգրադում, սովից 52 881 մարդ մահացավ։ 1941-ի հունվար-փետրվարին մահացավ 199 187 մարդ։ Նյուրնբերգյան դատավարությունում հրապարակվել է պաշարման ընթացքում մահացածների թիվը՝ 632 253 մարդ։ Նրանց միայն 3%-ն է զոհվել ռմբակոծությունից և հրետակոծությունից, մնացած 97%-ը մահացել է սովից, ցրտից և հիվանդություններից։ Այս տվյալը հաստատվել է Օկուպացված տարածքներում գերմանաֆաշիստական զավթիչների վայրագությունների հետաքննության արտակարգ հանձնաժողովի կողմից։ Այլ աղբյուրներով՝ 4 տարվա ընթացքում զոհերի թիվը տատանվում է 600 հազարից մինչև 1,5 միլիոն մարդու սահմաններում, բայց բոլոր տվյալներով այդ օրերին մարդիկ ավելի շատ սովից են մահացել, քան զենքից։
Նույն կերպ տարակարծություններ կան 1971 թ. Բանգլադեշի անկախության պատերազմի ընթացքում սովից և դրա ուղեկցող հիվանդություններից մահացածների թվի վերաբերյալ, սակայն պատմաբանների և հետազոտողների մեծ մասը նշում է, որ սովից մահացածների թիվը հասնում է 1.5 միլիոնի։ Սովը պայմանավորված էր գյուղատնտեսական շրջանների ավերմամբ, տեղահանություններով և մատակարարման խափանումներով։ Այն նաև խորացավ փախստականների հոսքով և քաղաքականորեն նպատակաուղղված տնտեսական արգելափակումներով։

«Եվ ընդհանրապես, մինչև 1977-ն ընդունված միջոց էր, ամենադաժան օգտագործվող դեպքերից մեկը Նիգերիայում էր՝ Բիաֆրա, 1967-1970։ Մի ցեղախումբ քաղաքացիական պատերազմ էր ստեղծել, Նիգերիայի բանակը 3 տարի շրջափակեց և ասում են՝ կես միլիոնից 2 միլիոն մարդ 3 տարվա մեջ մահացավ սովից։ Ուղղակի պատերազմից՝ 100 000, սովից՝ 2 միլիոն։ Մինչև 1997-ը Ժնևի պրոտոկոլ թիվ 1 և 2-ով որոշվեց, որ սովը ցեղասպանության միջոց է և անընդունելի է։ Բայց թեկուզ էդպես՝ տակավին կշարունակվի»։
Ասպետ Գոչիկյանի խոսքով՝ մարդու երևակայությունը միշտ կհորինի արդարացում այն դեպքերի համար, երբ դաժան լինելու ցանկություն-որոշումը վեր է ամեն ինչից։ Այսպես, օրինակ, ասվում է՝ մենք չենք սովամահ անում, պարզապես նրանք չեն կարողանում սնունդ գտնել և միջազգային հանրությունը երկար որոնում է մեղավորներին։ Այդ ընթացքում մարդիկ մահանում են։
«Միայն ուղղակի սովամահ անելը չէ։ Երբ, օրինակ, դիտավորյալ քանդում ես կերակուրի կենտրոններ կամ ջրի միջոցները, արդեն ինքնին էդ կատեգորիայի մեջ է ընկնում։ Մարդ արարածը ինչքան ավելի բարդանում է, օրենքը ավելի շատ փորձում է էդ նյուանսները բացատրի, բայց միշտ տարբեր զարտուղի կամ միջանկյալ միջոցներ են գտնում, որպեսզի կարողանան իրենց նպատակը անել։ Գազայում կատարվողի մասին իսրայելյան մոտեցումը այն է, որ՝ չէ, մենք տալիս ենք կերակուր իրենց, բայց․․․ ցեղասպանություն ապրած ժողովուրդ, որ ինքը ցեղասպանությունը անում, ինձ համար անհասկանալի է․․․ մարդկանց հրավիրում են, որ եկեք՝ կերակուր տարեք, գալիս են, իրենց վրա կրակում են, և պատճառաբանությունը, թե՝ ծուռ աչքով նայեցան մեզ։ Լավ, ծուռ աչքով նայեցան, դու էլ ծուռ աչքով նայիր, մի՛ սպանիր»։
Պատերազմի այլընտանքային միջոցները սովի պայմաններ ստեղծելով չեն սահմանափակվում։ Այսօրվա պատերազմները տարաբնույթ են, բնավ չխրախուսվող ստեղծարար մեթոդներով։ Սննդամթերքը տեղ չի հասնի, ջրի աղբյուրները կփակվեն կամ կթունավորվեն, վառելիք չի մատակարարվի, կխափանվեն էլեկտրական ցանցերը, ջեռուցման կայանները, հոսանքի խափանմամբ կաթվածահար կարվի քաղաքացիական կյանքը։ Մի մեծ ական էլ կարող է նետվել համացանց, ուր պատերազմը կընթանա միայն մեր ժամանակներին բնորոշ կանոններով․
«Հիբրիդային պատերազմի գլխավոր նպատակն է ընկճել ժողովրդին։ Պատերազմների ժամանակ, մանավանդ, երբ երկարաշունչ պատերազմներ են լինում, կարևոր է, որ քո քաղաքացին, քո արդյունաբերությունները շարունակեն գործընթացները։ Դրա համար պետք է իրենց բոլորին հավաքես միակ դրոշի շուրջ․ կարող է ազգայնականությունը լինի, կամ կարող ես ասել, որ թշնամին ռասիստ է, կամ ֆաշիստ է և այլն, ինչը այսօր կտեսնենք Ռուսաստանում․ խոսակցությունն այն է, որ ուկրաինացիները ֆաշիստ են, ուրեմն, եկեք բոլորս աշխատենք՝ փրկելու համար մեր երկիրը։ 2-րդ համաշխարհային պատերազմներին շատ կար էդպես պրոպագանդա՝ ներքին և արտաքին․ ներքին, որ ժողովրդին ամուր պահեն, և արտաքին, որ ջլատեն իրենց թշնամու ժողովրդին։ Վերջին 30-40 տարվա ընթացքում, այս վերջին 15 տարիների ընթացքում՝ ավելի շատ, մարդիկ անկարող են նույնիսկ իմանալու, որ էս ճիշտ լուր է կամ պրոպագանդա է»։

«Տեղեկատվական և հոգեբանական ազդեցության զենքեր» կատեգորիայում տեղավորվում են դեզիմֆորմացիան, կեղծ լուրերի տարածումը՝ հատուկ մշակված քարոզչությունն իրականացնելու համար։ Այլընտրանքային զենքերը լինում են նաև տնտեսական՝ գնաճի առաջացում, արժույթի արժեզրկում, արտանահման/ներմուծման արգելքներ և այլն, առողջապահական՝ դեղորայքի պաշարի ոչնչացում, աղբահանության կամ ջրահեռացման համակարգերի խափանում՝ համաճարակների տարածման վտանգով, կամ, օրինակ՝ մշակութային՝ կրոնական սրբավայրերի կամ մշակութային արժեքների ոչնչացում, որով կոտրում են համայնքի ինքնությունը։
«Պատրվակ տալիս են, որ պատերազմի ժամանակ բոլոր միջոցները պետք է օգտագործել։ Ես չեմ հավատում դրան, բայց, դժբախտաբար, իմ հավատալ- չհավատալը ոչ մի արդյունք չի տա, որովհետև երբ որ պատերազմ ես մղում, դու կարող ես շրջանցել էդ որոշումները»։
Պատերազմների ժամանակ շատ բան է արգելվել, բայց մարդու երևակայությունը ստեղծել է արգելքները շրջանցելու մեխանիզմներ ու, օրինակ, սովից մահացող մարդկանց մասին պատմությունները ինչ-որ դեպքերում վերածվել են պարզ վիճակագրության։ Դրանք սովորական են դարձել։
Բայց մեր առօրյա կյանքում տեղ գտած մի շարք սովորական, պատշաճ ուշադրության չարժանացող երևույթներ պատմական-գիտական-մասնագիտական լուրջ հիմքեր ունեն։ Դրանցից հերթականին անդրադառնալու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




