Կյանքի պատկառելի 8-րդ տասնամյակին մոտեցող Սուսաննա Մկրտչյանը՝ նկարչուհի, Գյումրու գեղագիտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, իր արտաքինի ու ոգու երիտասարդության պատճառով տարակուսում է, թե ինչու են իրեն «Երկրորդ շնչառություն»-ից հրավիրել, այլ ոչ թե երիտասարդական ծրագրեր խմբագրությունից:
«Տարիքը գաղտնիք չէ, այն նույնիսկ պարծանք է, տարիներն ինչպես կարող ես քողարկել: Կա անձնագիր, կա սերունդ, որ քեզ ճանաչում է վաղուց, շատ վաղուց դեռ 50 տարի առաջ: Մեկուկես տարի հետո ես կդառնամ 80 տարեկան»,- ասում է տիկին Սուսաննան՝ խոստովանելով, որ ծերանալու ժամանակ չունի, շատ հագեցած առօրյա ունի:
Նա նկարում է, կարում, ցուցահանդեսներ է կազմակերպում, խոհանոցում է ստեղծագործում, հյուրեր է ընդունում, դասավանդում է, այնպես, որ սուրճ խմելու ժամանակ հազիվ է մնում:
«Հիմա տեմպը մի քիչ արագացնում եմ, քանի որ հասկանում եմ, որ ժամանակն իմ օգտին չի գնում, երբ մտածում եմ վերջի մասին, հասկանում եմ, որ գործերս չեմ հասցնի»,- ասում է նա՝ հաստատելով, որ ամենաթանկը կյանքում ժամանակն է, որը ոչ մի կերպ վատնել չի կարելի:
Կարևորն այն է, որ մարդն այս կյանքում գտնի իր առաքելությունը և թողնի իր ոտնահետքը, որքան խորը, այնքան ավելի լավ: Տիկին Սուսաննան կարծում է, որ ժամանակի ամենաարդյունավետ օգտագործումը սովորելն է, կարդալը, բոլորից մի բան քաղելը:
«100 տարի ապրի, 100 տարի սովորի: Մայրս ասում էր՝ ինչքան էլ խելոք էղնիս, երկու խելռի խոսք բդի լսես»,- իր մոր պատգամը, որ իր կյանքի ուղենիշերից մեկն է, մեզ է փոխանցում արվեստագետը:




