Խնդիրները ժամանակին ֆիքսելու, ճիշտ մոտեցման ու առողջ կենսակերպի շնորհիվ հնարավոր է, որ որոշ դեպքերում տարեց մարդը չհասնի դեմենցիայի։
Դեմենցիայի՝ ծերունական թուլամտության ուշ փուլերում շատ հաճախ բուժառուներն ունենում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, և բժշկին ժամանակին դիմելն էականորեն բարելավում է ինչպես տարեց մարդու, այնպես էլ խնամողների կյանքի որակը:
ՀՀ առողջապահության նախարարության՝ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, ծերաբույժ Գևորգ Փաշիկյանի խոսքերով, անցած երկու տարում զգալի աշխատանք է կատարվել այս ուղղությամբ, ամենակարևոր ձեռքբերումը Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի ընդունումն է, բարձրացել է մարդկանց իրազեկվածության մակարդակը:
«Եթե նախկինում մարդիկ նման խնդիրները կոչում էին ծերունական փսիխոզ, հիմա գոնե բոլոր տեսակի դեմենցիաներին ասում են Ալցհայմերի հիվանդություն և ավելի վաղ փուլերում են դիմում բժշկի»,— արձանագրում է մասնագետը:
Ենթակառուցվածքների առումով նույնպես առկա են որոշակի դրական տեղաշարժեր: Շատանում են պալիատիվ խնամքի հաստատությունները մասնավոր հատվածում, նախատեսվում է ունենալ նման ծառայություն նաև պետական հիմնարկներում: Շարունակական բնույթ են կրում դեմենցիայի վերաբերյալ վերապատրաստումները ԱԱՊ օղակի բժիշկների շրջանում, ինչպես նաև տարեցների հետ աշխատող տարբեր մասնագետների համար:

Գ.Փաշիկյանը տեղեկացնում է, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ համատեղ այս տարի վերապատրաստման դասընթաց է անցկացրել նաև պարեկային ծառայողների համար, որովհետև նրանք, անմիջականորեն աշխատելով հասարակության հետ, որոշակի իրազեկվածության և բազային գիտելիքների կարիք ունեն տարեցների մասով:
Բացի դրանից, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայում գործում է աշխատանքային խումբ, որը մշակում է բժշկական գործելակարգեր և ուղեցույցեր, թե դեմենցիայի պարագայում որոնք են լինելու բուժառու հարազատների, ինչպես նաև բժիշկների քայլերի հերթականությունը:
«Այս փաստաթղթերում հստակ նշված են ոչ միայն բուժման ուղիներն, այլ նաև դեղորայքային ու ոչ դեղորայքային մեթոդները և կարևոր խորհուրդներ խնամքի հետ կապված»,- բացատրում է բժիշկը:
Խոսելով կանխարգելման և վաղ փուլերում բժշկին դիմելու կարևորության մասին՝ Գ.Փաշիկյանն ընդգծում է, որ հիշողության հետ կապված խնդիրներն, առօրյա կյանքում դժվարութունները, ուշադրության և կենտրոնցման պակասն ահազանգ են դիմելու գոնե ընտանեկան բժշկին, որը կարող է արձանագրել խնդիրները և ուղղորդել նեղ մասնագետի:
«Խնդիրները ժամանակին ֆիքսելու, ճիշտ մոտեցման ու առողջ կենսակերպի շնորհիվ հնարավոր է, որ որոշ դեպքերում տարեց մարդը չհասնի դեմենցիայի»,— եզրափակում է նա:




