Ստալինյան բռնաճնշումներն ու մաքրագործումները Հայաստանում իրականացվեցին ավելի վայրագորեն քան Խորհրդային Միության որևէ այլ մասում։
Ստալինյան բռնաճնշումների զոհերից էր նաև ճանաչված ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանի հայրը, որի գուլագյան գողգոթայով անցած տառապալից կյանքի պատմությունն ուսումնասիրել և առանձին գրքով տպագրել է դուստրը։
Ճանաչված ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանի «Թավրիզից ստալինեան գուլագ․ ընդհատված պատմութիւն» գիրքը, որը լույս է տեսել հայերենով 2019 թ․, ներկայացնում է իր իսկ ընտանիքի պատմությունը՝ լուսաբանելով հոր՝ Բաղդիկ Մինասեանի՝ ստալինյան գուլագում անցկացրած տարիների, աքսորից ազատվելու և հետագա կյանքի մասին հոգեցունց դրվագները։
Ստալինյան բռնաճնշումների զոհերի ընտանիքները նույնպես կրում էին իրենց բռնադատված հարազատների անվան խարանը, որը նրանց ուղեկցում էր սերնդեսերունդ ընդհուպ մինչև 90-ականների զանգվածային բացահայտումներն ու արդարացումները։
Գուլագի աքսորում անավարտ մնացած այս պատմությունը գրքով լրացնելու գաղափարն առաջարկեց որդին։
Գիրքը գրվել է աղբյուրագիտական հարուստ հենքի վրա, պարունակում է քարտեզներ, արխիվային եզակի լուսանկարներ ու փաստաթղթեր։
Այն միտքը, որ ստալինյան բռնաճնշումների մասին պատմական հիշողությունը չի փոխանցվել խորհրդային Հայաստանում, ամրապնդեց գիրքը հայերենով տպագրելու գաղափարը։
Հոր վերադարձի առթիվ ու նրա հետ անցկացրած տարիների մասին սիրով լեցուն հիշողությունները հեղինակն անկեղծորեն փոխանցում է ընթերցողին։
Գրքում փաստացի նյութին զուգահեռվում են գիտնական հեղինակի անաչառ վերլուծություններն ու տառապած դստեր հուզումնառատ ապրումները։
Ամփոփելով ստալինյան բռնաճշումների զոհերի մասին այս հուզիչ պատմությունը, հուսանք, որ կգա այն բաղձալի ժամանակը, երբ կբացահայտվեն փակ արխիվների բոլոր փակ թղթապանակները։