Ժամանակի վկան

Հայ ազգի տաղանդաշատ զավակը․ Հրանդ Մարգարեան․ «Ժամանակի վկան»

Սփյուռքահայ երևելի անհատների փաղանգին է պատկանում տաղանդաշատ մի անձնավորություն, որի հետ պատիվ ունեցա հանդիպելու այս տարի Նյու Յորքում։ Խոսքս գիտնական, պրոֆեսոր, թատերագիր, բանաստեղծ, թարգմանիչ, թատերագետ, գրաքննադատ, բեմադրիչ, դերասան, խմբագիր, հռետոր, երգահան և հասարակական գործիչ դոկտոր Հրանդ Մարգարեանի մասին է։

Պատիվ ունեցա նաև Հրանդ Մարգարեանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին Նյու Յորքի Սբ․ Լուսավորիչ Մայր Եկեղեցում հայ համայնքին ներկայացնելու իմ երկու գրքերը՝ հայերեն՝ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» (Երևան, 2016), և` “Tatul Krpeyan: the Self-Defense of the Getashen Sub-District in Northern Artsakh” (Yerevan, 2019):

Հարուստ է հասարակական, կրթամշակութային և գիտնական գործիչ Հրանդ Մարգարեանի կենսագրությունը․

  • 15 տարի Բագին պարբերաթերթի խմբագրական կազմի անդամ:
  • Վարել է  Համազգային հայ կրթական և մշակութային միության տեղական և շրջանային վարչությունները:
  • 8 տարի եղել է Համազգայինի Կեդրոնական Վարչության անդամ, 10 տարի՝ Ն.Յ.-ի Ս. Լուսավորիչ վարժարանի վարչությունում։
  • 1985-ից ի վեր Հայ բժշկական ֆոնդի /ԱՄՆ/ վարիչ քարտուղարն է:
  • Այսքանից զատ նա նաև ստեղծագործել է և իր բանաստեղծությունների հիման վրա հորինել երաժշտություն։

Հրանդ Մարգարեանը գիտական, մշակութային, հատկապես՝ թատերական և գրական շրջանակներին քաջածանոթ հեղինակություն է։ Իսկ կյանքի ու հաղթահարած ճանապարհի մանրամասնությունները պարզեցի մեր զրույցի ընթացքում։ Հաղորդումը ձայնագրվել է Նյու Յորքում 2024 թ․ հոկտեմբերի 20-ին։

DR. HERAND MARKARIAN DR. YERAZ MARKARIAN- DR. JANETT MOURADIAN- DR. GAHMK MARKARIAN

1967 թ․ Հրանդ Մարգարեանը հիմնադրեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի թատերախումբը և մինչև օրս ղեկավարում է այն։ Նա ոչ միայն որպես դերասան մասնակցել է ներկայացումներին դեռևս Իրաքում բնակվելու տարիներից, այլև գրել է թատերախաղեր․ հեղինակ է 28 թատերախաղերի, բացի այդ հանդես է եկել որպես բեմադրիչ՝ բեմականացնելով ոչ միայն իր հեղինակած, այլև՝ ավելի քան 3 տասնյակ այլ հեղինակների տարբեր ստեղծագործություններ։ Նրա բեմադրած երկու թատերախաղերը՝ (“Mirrors”)-«Հայելիները» և «Լռությունը» (“Silence”) ներկայացվել են Նյու Յորքի Բրոդվեյ թատրոնի (0ff Broadway) բեմերում։

DR. JANET MOURADIAN-MARKARIAN

Նա է հիմնադրել նաև Նյու Ջըրզիի Համազգայինի մանկապատանեկան թատերախումբը։

Թատերագիր Հրանդ Մարգարեանի թատերաական գործերը ներկայացվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հունաստանում, Սիրիայում, Լիբանանում, Կանադայում և, իհարկե, Հայաստանում ու Արցախում՝ մինչև Արցախի բռնի հայաթափությունը։

Բազմաբովանդակ ու բազմազան են գրող և բանաստեղծ Հրանդ Մարգարեանի գրական ստեղծագործությունները։ Նա հեղինակ է ավելի քան 36 տարբեր հրատարակությունների։ Լայն է նաև թարգմանիչ Հրանդ Մարգարեանի թարգմանությունների շրջանակը․ հայերենից անգլերեն թարգմանել է ավելի քան 13 հայ նահատակ գրողների հարյուրից ավելի գործեր։

1985-1995 թթ․ խմբագրել է Վասպուրականի միութեան «Վարագ» պարբերականը:

Պատրաստել է  կրթական բովանդակությամբ բազմաթիվ լսատեսողական նյութեր՝ «ԱՆԻ», «ՀՕՄ», «ԴՊՐԵՎԱՆՔ», «ՀԱՅՐԻԿ», «ՀԱՅՐԵՆԻՔ» և այլն։

25 տարի դասավանդել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Առաջնորդարանի՝ Սիամանթո լսարանում, իսկ 7 տարուց ավելի մինչև օրս՝ Արևելյան շրջանի Էջմիածնական թեմի Ս. Ներսես ընծայարանում։ 10 տարի էլ որպես պրոֆեսոր աշխատել է Նյու Յորք նահանգի համալսարանական համակարգում։

Հրանդ Մարգարեանը բազմիցս արժանացել է պետական և գերատեսչական պարգևների՝ ԱՄՆ-ի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր կառույցներից։ Նա անդամակցել է Հայաստանի և Արցախի գրողների միություններին, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իսկ պարգևներից նշենք ընդամենը միայն մի քանիսը (ցանկը տրամադրել է Հրանդ Մարգարեանը, հրապարակում ենք նույնությամբ)․

  • 1980- «Ոսկեայ Մետալ» ԱՄՆի եւ Քանատայի Համազգայինի Շրջանային վարչութիւններէն:
  • 1987- «Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա. Կաթողիկոսի:
  • 1992- «Սփիւռքի Լաւագոյն Թատերագիր» Հայաստանի Գրողներու Միութիւն, Երեւան:
  • 2002- «Մշակոյթի Ոսկեայ Մետալ» Հայաստանի Մշակոյթի Նախարարութենէն, Երեւան:
  • 2002- «Մշակութային բացառիկ ներդրում» Քլէյր Շուլմըն, Ն.Ե.ի Քուինզ մարզի նախագահ:
  • 2004- «Վահրիճ եւ Վերժին Ճէպէճեան թատերական մրցանակ» Լիբանան:
  • 2008- «Ակնունի» ՀՕՄի ԱՄՆի Արեւելեան Շրջանային Վարչութիւն, Պոստոն, ԱՄՆ:
  • 2008- «Յակոբ Մեղապարտ» մետալ Հայաստանի Ազգային Գրադարան, Երեւան:
  • 2008- «Համազգայինի Կեդրոնական Վարչութեան Շնորհում», Կ.Վ. Համազգային:
  • 2010- «Արտաւազդ Թատերական Շնորհում» Հայաստանի Թատերական Միութիւն: Երեւան:
  • 2010- «Մշակութային Իրագործման Շնորհում» Ճըրզի Սիթիի, ՆՃ, Քաղաքապետ:
  • 2012- «Բարձրագոյն Գրական Շնորհում» Հայաստանի Գրողների Միութիւն, Երեւան:
  • 2012- «ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ ՄԷՏԱԼ» ձեռամբ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆի: Երեւան:
  • 2018- «Ֆրիտեոֆֆ Նանսէն Շքանշան» Երեւան:
  • 2019- «Վիլյամ Սարոյեան Շքանշան» Սփիւռքի Նախարարութիւն, Երեւան։
  • 2019- Կոնդակ Ն․Ս.O.Տ․ Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ․ Վեհափառին կողմէ։
  • 2019- Կոնդակ Ն․Ս.O.Տ․ Տ․ ԱՐԱՄ Ա․ Վեհափառին կողմէ։
  • 2019- Հայասատանի քաղաքացիութեան շնորհում

Ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնած Նյու Յորքի հայ համայնքն այսօր։

Ի՞նչ կմաղթեք համայն հայությանն այս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում։

Ամփոփելով հաղորդումը հայ ազգի տաղանդաշատ զավակի՝ Հրանդ Մարգարեանի հետ, հավելեմ, որ սա այն հայտնի ասույթի լավագույն օրինակն է, երբ ասում են, եթե անհատը տաղանդավոր է մի ուղղությամբ, ապա նա տաղանդավոր է ամեն ինչում։

Հրանդ Մարգարեանն իր կյանքի 86 տարիների ընթացքում միայն արարել ու արարել է, և այդ ընթացքը ներկայումս էլ շարունակում է երիտասարդական եռանդով, հայրենիքի, հայ մշակույթի ու պատմության հանդեպ մեծ սիրով ու նվիրվածությամբ։ Մաղթենք նրան առողջություն և ստեղծագործական մտքի նորանոր փայլատակումներ։

Կարդացեք նաև

Back to top button