
Վիլենի երազանքն էր ապրել միայն Արցախում։ Ուզում էր հայրենի Ճարտարում իր սեփական տունն ունենալ, հայրական տունն էլ` «պալատներ» դարձնել։
Վիլեն Սարգսի Բալայանը ծառայության է մեկնել 2019 թվականի հունվարի 14–ին՝ Մարտունու երրորդ պաշտպանականում։ Սեպտեմբերի 25-ին դիրքեր է բարձրացել` պատերազմից երկու օր առաջ։
Վերջին անգամ Վիլենը ծնողների հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 26- ին։ Որդեկորույս մայրը՝ Վիլենի զոհվելուց հետո հաճախ էր երազում որդուն տեսնում․ հիմա էլ չի տեսնում։
Տիկին Արևիկը երեք երեխա ունի, հանուն նրանց է ապրում։ Բռնի տեղահանման ժամանակ ընտանիքի անդամները՝ Ճարտարից Վիլենի անձնական իրերից որոշ բաներ ու մի նամակ են կարողացել Հայաստան բերել։
Վիլենի զոհվելուց 40 օր հետո է գտել տիկին Արևիկը որդու նամակը։ Կարծես որդին կանխազգում էր իր մահը` կարդալով նամակը ասում է նա։
Վիլեն Սարգսի Բալայանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածքում։




