Art embassy ցուցասրահում բացվելու է Աննա Սողոմոնյանի «Մենք ենք, մեր սարերը» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Այս շարքի վրա արվեստագետն աշխատել է Արցախի զանգվածային հայաթափման օրերին, իր բառերով ասած ՝ «անտանելի իրականությունը փոխելու և ավելի երջանիկ հայկական միջավայր ստեղծելու նպատակով ու ցանկությամբ»։
Գեղանկարիչ Աննա Սողոմոնյանը և Art embassy ցուցասրահի համահիմնադիր, նորարարությունների կառավարման մասնագետ Դավիթ Մելիքսեթյանը խոսում են առաջիկա ցուցահանդեսի կոնցեպտից, արվեստի խնդիրներից, ազդեցություններից։
Աննա Սողոմոնյանի շարքում գերակշռում է վառ դեղին և նարնջագույն գույները։ Դավիթ Մելիքսեթյանի մեկնաբանությամբ գունային այս ավանդույթը ոչ միայն սարյանական ակունքներ ունի, այլ ծագում է հայկական միջնադարյան արվեստից և հայաստանյան բնությունից։
Աննան ասում է՝ շարքը ստեղծելիս, ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել և իր յուրաքանչյուր ցուցահանդես՝ շարքի ամփոփումն է։ Երկու տարի նա աշխատում է նույն թեմայով՝ նկարելով գունավոր սարեր։
«Երբ ներկերս վերջանում է և ստիպված եմ մի քանի գույնի մեջ մտածել, միշտ արդյունքում հետաքրքիր աշխատանքներ են ստացվում, քան երբ ամբողջ գունապնակը ձեռքիդ տակ է։ Սահմանափակումները խթանում է երևակայութունը», – ասում Աննա Սողոմոնյանը։
Իր դիտարկմամբ յուրաքանչյուր նկար երկու հեղինակ ունի, մեկը՝ արվեստագետն է, մյուսը՝ այն դիտողը։ Նկարը հայելի է, որի միջոցով մարդիկ իրենք իրենց են տեսնում․ իրենց վախերն ու հույզերը։
Աննա Սողոմոնյանի «Մենք ենք, մեր սարերը» ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 22–ին, ժամը 19։00–ին, Art embassy ցուցասրահում։




