2020 թվականի պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Արմեն Հարությունյանը զանգել է հարազատ քրոջը ու խնդրել, որ հեռախոսով միացնի «Հայաստանի համն ու հոտը ուրիշ է, մորս ձեռքի հացի նման անուշ է» երգը։ Քույրը կատարել է եղբոր խնդրանքը, որը, ցավոք, եղել է Արմենի վերջին ցանկությունը։ Հիշում, հուզվում ու վերապրում է այդ պահի զգացողություններն Արմենի մայրը՝ տիկին Լիանան։
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մայրը որդուն խնդրեց, որ ամեն օր գոնե մեկ անգամ զանգի, որպեսզի ձայնը լսեն տնեցիները։ Արմենն այդպես էլ անում էր։ Արմենը մորը՝ տիկին Լիաննային, միշտ հորդորում էր, որ ուժեղ լինի, քանի որ իրենից բացի ևս երկու երեխա ունի։ Տիկին Լիաննայի խոսքով` Արմենն այնքան էր սիրում հայրենի գյուղը՝ Աշանը, որ նույնիսկ հրաժարվել է ԱՄՆ մեկնել ընտանիքի հետ։ Արմենի առաջնային նպատակը գործարար դառնալն էր, ցանկանում էր հարազատ գյուղը զարգացնել։
2020 թվականի hոկտեմբերի 11-ին Արմենը զինակից ընկերների հետ Ակնայից Հադրութ տեղափոխվելու ժամանակ «Թութակներ» կոչվող վայրում վիրավոր ընկերներին օգնելուց հետո անօդաչու թռչող սարքի հարվածից անմահացավ։ Հուղարկավորված է հայրենի Աշանում։ Արմեն Հարությունյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալների, ինչպես նաև մի շարք պատվոգրերի։