Քառամյա ընդմիջումից հետո պաշտոնավարման երկրորդ ժամկետով Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն։ Ընտրությունների նախնական արդյունքներով նա Միացյալ Նահանգների 47–րդ նախագահն է։ Թեև քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է, բայց Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում։ Նախնական արդյունքներով՝ Թրամփի ու Հարիսի ձայների տարբերությունը շուրջ 5 միլիոն է։ Մինչ Միացյալ Նահանգներում շարունակում են հաշվել քվեաթերթիկները, աշխարհում փորձում են հասկանալ, թե ինչպես իմպիչմենթներ, քրեական մեղադրանքներ ու մահափորձեր հաղթահարած Թրամփին հաջողվեց հաղթանակի հասնել և ինչ է փոխվելու աշխարհում նրա երկրորդ պաշտանավարման ժամանակ։
Օվալաձև աշխատասենյակ վերադառնալու ճանապարհին որոշիչ էին ԱՄՆ 7 տատանվող նահանգների ձայները։ Դրանց ընտրողները կողմնորոշվել են հանրապետական թեկնածուի օգտին։ Քառամյա ընդմիջումից հետո 78-ամյա Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։
Առաջինը FOX NEWS-ն էր ազդարարել Թրամփի հաղթանակի մասին և ասել, որ հանրապետական թեկնածուն արդեն իսկ ստացել է ընտրիչների ձայների անհրաժեշտ թիվը՝ ընտրական կոլեգիայի 538 ընտրիչների 277 քվեն: Հաղթանակի համար պահանջվում էր 270 ձայն: Մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը 226 ձայն է ստացել։ Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը Ֆլորիդայում իր աջակցիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին։
Թրամփը կանխատեսել է, որ ընդհանուր առմամբ կստանա ընտրիչների 300–ից ավելի ձայն։ Այն դեպքում, երբ հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնն արդեն ապահովել է։
Շնորհակալություն հայտնելով ժողովրդին՝ հանրապետական թեկնածուն շեշտել է, որ գալիս է կանգնեցնելու պատերազմները, խոստացել է իր կառավարման շրջանում բացել ԱՄՆ ոսկե դարաշրջանը.
«Սա, իհարկե, ոսկե դար կլինի ԱՄՆ-ի համար»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր հաղթանակը ԱՄՆ պատմության մեջ նախադեպը չունեցող քաղաքական հաղթանակ է։
Associated Press-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քվեաթերթիկների շարունակվող հաշվարկի նախնական արդյունքներով առաջ է Քամալա Հարիսից շուրջ 5 մլն ձայնով։ Ըստ նախնական հաշվարկների՝ Հանրապետականները մեծամասնություն կլինեն նաև ԱՄՆ Սենատում:
Խոսքն առայժմ նախնական, ոչ պաշտոնական արդյունքների մասին է։ Քվեարկությունը թեև ավարտված է, բայց ձայների վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր:
Մինչ Միացյալ Նահանգներում հաշվում են քվեաթերթիկները, աշխարհում փորձում են հասկանալ, թե ինչ կփոխվի Թրամփի ընտրությունից հետո։
Իմպիչմենթներ, քրեական մեղադրանքներ ու մահափորձեր հաղթահարած թեկնածուն հայտարարում է, որ գալիս է գլխիվայր փոխելու Ամերիկան, որն, իր համոզմամբ, արդեն նախկինը չէ։
«Այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա: Ուզենք, թե չուզենք՝ ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա»,- ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրությանն անդրադառնալով՝ ՖԲ իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, նկատում է՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կարող են լինել տակտիկական փոփոխություններ, բայց ռազմավարական նպատակների առումով փոփոխությունները երբեք չեն պայմանավորվել նախագահներով։
«ԱՄՆ-ն իր ռազմավարությունը մշակում և ծրագրավորում է, ես կարծում եմ, տասնամյակների հաշվարկով անգամ, և այդտեղ խնդիրը, նախագահական թիմերի առումով, արդեն տակտիկական մոտեցումները և մեթոդաբանությունն են։ Կարող եմ ասել հետևյալը, որ, ըստ իս, Թրամփը ներկայանում էր կամ փորձում էր ներկայանալ հետևյալ տրամաբանությամբ․ ստանձնելով նախագահի պաշտոնը՝ կփորձի միջազգային այսօրվա, այսպես, բախումնային իրավիճակն ու մթնոլորտը բերել պայմանավորվածությունների դաշտ։ Այսինքն՝ անցնել պայմանավորվածությունների ռեժիմի և Միացյալ Նահանգների մեծ դերակատարումը ծառայեցնել դրան։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված լինելու արդեն էական ազդեցությունը միջազգային պրոցեսներում»։
Թրամփի ընտրությամբ ամերիկյան արտաքին ռազմավարության թե’ բովանդակության, թե’ աշխարհագրության փոփոխություններ է կանխատեսում Ռուբեն Սաֆրաստանը։
«Հաշվի առնելով Թրամփի մոտեցումները։ Եվ կարճ բնութագրումը հետևյալն է, որ Ամերիկան հնարավորինս պետք է թոթափի այն բեռը, որ վերցրել է իր վրա։ Այսինքն՝ ԱՄՆ-ն պետք է ավելի պասիվ արտաքին աշխարհառազմավարություն որդեգրի։ Ես կարծում եմ, որ հենց դա է լինելու հիմնական փոփոխությունը»։
Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, որոնք, Սաֆրաստյանի գնահատմամբ, վերջին տարիներին դրական դինամիկա են արձանագրում, դրանց տրամաբանությունը կպահպանվի։ Ամերիկահայերի խնդիրների տեսանկյունից, Սաֆրաստյանի համոզմամբ, Թրամփի ընտրությունը նրա անմիջական շրջապատի հետ ավելի անձնական սերտ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը աշխարհի թեժ կետերում ու մեր տարածաշրջանում էական փոփոխություններ է կանխատեսում։
«Եթե Թրամփը վարի իր նախորդ նախագահության տարիների արտաքին քաղաքական կուրսը, ապա աշխարհում ստեղծված իրավիճակը կտրուկ փոփոխության կենթարկվի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմից մինչև Իսրայել-Իրան հակամարտություն։ Եթե Թրամփը շարունակի նախորդ նախագահաության տարիների վարած իզոլիացիոն քաղաքականությունը, ապա նաև մեր տարածաշրջանում մենք կհայտնվենք բոլորովին նոր մարտահրավերների առջև»։
Փորձագետը միաժամանակ հավելում է՝ «եթե»-ներով չառաջնորդվենք, սպասենք պարտավորությունների ստանձնմանն ու արտաքին քաղաքական կուրսի մասին հայտարարություններին ։