ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններ․ զարգացման ուղղությունն ու ինտենսիվությունը

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները։ Այս մասին հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև երկխոսությունն ընթանում է բնականոն հունով։

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար»

Մարգարային կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտությունն իրականացել է, սակայն կառույցի երկկողմ բացումն այդպես էլ տեղի չի ունենում։ «Ինչո՞ւ» հարցի Ռուբինյանի պատասխանը «ոչ մեր մեղքով»-ն է։ Քննարկումները կան, շոշափելի գործողությունը՝ ոչ․

«Այո, մենք այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ այդ պայմանավորվածությունը և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերը արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, հայկական կողմը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»։

Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշվել է շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների՝ ասում է Ռուբեն Ռուբինյանը։

Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ էր հաստատել, որ երկխոսությունը դրական ուղղությամբ է զարգանում։ Եվ չնայած անկատար է մնացել նախորդիվ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն ևս՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, Միրզոյանն աստիճանաբար ավելի լավատեսորեն է խոսում․

«Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»։

Հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի տեղաշարժ չի լինի, քանի դեռ չեն որոշակիացել հայ-ադրբեջանական հարաբերությունները․ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսպիսի եզրահանգման է եկել վերջին շրջանում ավելի հաճախ քննարկվող հայ-թուրքական շփումները դիտարկելով։

«Թուրքիայի ղեկավարությունը որոշում է ընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կարգավորման գործընթացը իրականում կշարունակվի միայն այն դեպքում, երբ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր։ Այդ որոշումը ընդունված է Թուրքիայի ղեկավարության կողմից և դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը»։

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան շարունակում է հանդիպումներն ու բանակցությունները՝ հստակ քայլեր չկատարելու որոշմամբ։ Այն, ինչ կատարվում է՝ կարևոր է, ասում է թուրքագետը։ Սակայն սրանք դետալներ են, որոնք դեռ երկար կհավաքվեն՝ առանց ամբողջական պատկեր դառնալու։

«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, պայմանագիրը ստորագրվի, Թուրքիան, ինչպես ինքը հայտարարել է, սկզբունքային որոշում կընդունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան միանգամից ամեն ինչ կդնի մի կողմ, կասի՝ ամեն ինչ լավ է, մենք հարաբերություններ ունենք, սահմանը բաց է, եկեք երկաթգիծը օգտագործենք և այլն։ Ոչ, Թուրքիայի կողմից նման մոտեցում ես չեմ սպասում։ Դա կանի փուլային տարբերակով՝ նպատակ ունենալով ճնշումը Հայաստանի վրա պահպանել։ Ինչի՞ եմ ես այդպես կարծում, որովհետև Թուրքիայի համար շատ կարևոր նշանակություն ունի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Որ Հայաստանը հրաժարվի իր տարածքային ինքնիշխանությունից այս 41-42 կմ երկաթգծի երկայնքով»։

Բանակցողները, սակայն, հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականի հետ չեն կապում։ Ռուբեն Ռուբինյանը նույնիսկ չի բացառում, որ առաջինն ավելի շուտ կկարգավորվի․

«Ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացը 2 տարբեր գործընթացներ են։ Կարո՞ղ են դրանք փոխազդել միմյանց վրա․ կարող են։ Ես կարծում եմ, որ Հայաստան- Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացին և ընդհանրապես, մենք խոսում ենք երկրների մասին, որոնք նույն տարածաշրջանում են և, բնականաբար, ազդեցություն լինում է, ասենք, Հայաստան- Վրաստան հարաբերությունները ազդում են նաև Հայաստան- Թուրքիա, Հայաստան- Ադրբեջան, Հայաստան- Իրան հարաբերությունների վրա։ Բոլոր հարաբերությունները փոխազդում են, բայց դրանք 2 տարբեր գործընթաց են»։

Հայաստան- Թուրքիա հերթական հանդիպման օրը դեռ հայտնի չէ։ Կողմերի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 10 օր առաջ, երբ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Քննարկվե՞լ է այդ հանդիպման ժամանակ երկաթուղու հարցը, թե ոչ՝ հայտնի չէ։

Կարդացեք նաև

Back to top button