ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանազատում՝ 2 քարտեզների ինտերվալով․ Աժ-ն չի ընդունի ընդդիմադիրների հայտարարության նախագիծը

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները այսօր 2 ժամից ավելի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ մի նախագիծ, որի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է։

Սա, ըստ էության, ապրիլի 2–ին ընդդիմադիրների նախաձեռնած հրատապ քննարկման շարունակությունն է, որի արդյունքներով առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել։

Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետրից 208–ը ադրբեջանական օկուպացիայի տակ է։ Խոսքը Արծվաշենի և Տավուշի մարզի բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին է։ Սակայն, Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման աշխատանքները այդ տարածքներին չեն վերաբերվում։ Ընդդիմադիրների պնդումներին՝ ինչո՞ւ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի վերադարձին զուգահեռ հայելային պահանջ չի ներկայացվում, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը պարզաբանեց․

«Մենք ներկայացնում ենք այս պահանջը, հետ վերադարձնելու այդ 208 քառակուսի կիլոմետրը։ Շատ հստակ է։ Այս փուլում Հայաստանի համար չափազանց կարևոր է եղել կառավարել էսկալացիայի ռիկսը, որովհետև տևական ժամանակ Ադրբեջանը ինֆորմացիոն դաշտ էր կառուցում Հայաստանի շուրջ նոր էսկալացիա, նոր հարձակում նախաձեռնելու համար։ Մեզ անհրաժեշտ է եղել կառավարել այս ռիսկը, այդ խոսակցությունը բերել հանձնաժողովներ, և հանձնաժողովներում անպայման ընդգծել իրավաքաղաքական հիմքը, որով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։ Բավական է, որ մեկ կորդինատի շուրջ Ադրբեջանը տա համաձայնությունը իրավաքաղաքական հիմքի, այսինքն՝ քարտեզների և Ալմաթիի հռչակագրի, և այդ մեկ կորդինատը հիմք է հանդիսանում վերից վար, հյուսիսից հարավ ՀՀ միջպետական սահմանի Ադրբեջանի կողմից ճանաչման համար։ Ես համարում եմ սա  դիվանագիտական ձեռքբերում»։  

Այլ պնդումներ է անում խորհրդարանական ընդդիմությունը։ Այո, բանակցություններ պետք է լինեն, այո սահմանազատում պետք է լինի․ սա ասելով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը փոխանցում է ընդդիմության կարծիքը՝ սահմանազատում իրականացնել ոչ թե 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի, այլ ԱՊՀ համալրման 1993 թվականի փաստաթղթերի սկզբունքներով։ Ընդդիմությունը նաև պնդում է, որ այն մարմնին, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որևէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնելու, թե որտեղով է անցնում սահմանը։ Սահմանի և տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Ազգային Ժողովի հայտարարություն ընդունել, որտեղ հստակ նշվում է, թե ինչ  փաստաթղթերի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը։

«Սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ՝ սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո անցնեն սահմանագծման։ Այսինքն՝ զորքերի հետքաշմանը և վերատեղակայմանը։ Հայելային պահանջ ներկայացրեք։ Ասեք՝ դու դուրս արի Ջողազի ջրամբարից հյուսիս տարածքից, դու դուրս արի հենց հիմա հայելային Ջերմուկից։ Հիմքը ընտրենք և գնանք սահմանազատման։ Ոչ թե Ադրբեջանի անմիջական սպառնալիքի ներքո։ Պատերազմով սպառնալիքը խախտում է միջազգային իրավունքի ողջ բազան»։

Միջազգային իրավունքից այլ օրինակներ է բերում «Իմ քայլը» խմբակցությունից Մարիա Կարապետյանը։

«Հայաստանի դիվանագիտությունը չի կարող ընտրողաբար միջազգային դրույթներից որոշները, որոնք իրեն ձեռնտու է ընտրել, մյուսների նկատմամբ պարզապես աչք փակել։ Դուք պնդում եք, որ կարող է, մենք համարում ենք, որ՝ ոչ։ Միջազգային իրավունքը իր ամբողջության մեջ պետք է նայել, որովհետև պարզ է, որ հակառակորդն էլ մյուս դրույթներն է դրոշակի նման առնելու և գալու սեղանի մոտ քննարկման, ինչը և եղել է նախորդող 30 տարիների ընթացքում։ Տարիներ շարունակ Հայաստանի դիվանագիտությունը ունեցել է հետևյալ մոտեցումը, որ բոլոր հարցերը պետք է փոխկապակցել և միաժամանակ լուծել։ Այս մոտեցումը, ես կարծում եմ, բաղադրատոմս է հակամարտության շարունակականության և չի բխում մեր շահերից, ասել, որ մինչև բոլոր գերիները չվերադառնան, մենք սահմանազատում չենք իրականացնի։ Կամ ցանկացած այլ հարց ընտրել և փոխկապակցել միմյանց հետ, դա հակամարտությունը շարունակելու տրամաբանության մեջ է»։

Իշխանության առաջարկած տարբերակով սահմանազատում իրականացնելու գործնական վտանգներից մեկը օրինակով ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը․

 «Կիրանցի և Բերքաբերի օրինակը ասեմ Կիրանցում իբր կանգնելու է սահմանապահը ավտոմատով, Բերքաբերում պոստում կանգնած են մարտական ստորաբաժանումները՝ դեմ դիմացն էլ ադրբեջանական մարտական ստորաբաժանումները։ 2016 թվականից է կարծեմ, ամբողջ Տավուշի հատվածում կանգնած է Ադրբեջանական Հանրապետության սահմանապահ մարտական զորքերը։ Իսկ մեր սահմանապահները, ոչ թե գաղտնիք եմ բացում, դա իրողություն է, զինված են թեթև զենքերով»։

Տավուշում սահմանազատման աշխատանքներին զուգահեռ Հայաստանում ամենաշատ կրկնվող հարցը թերևս առնչվում է քարտեզներին։ Ո՞ր քարտեզներով է իրականացվում աշխատանքը՝ հարցի պատասխանը համարվում է գաղտնիք, որը ներկայացվել է ապրիլի 2-ի հրատապ փակ նիստում։ Որոշակի փակագծեր իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը, այնուամենայնիվ, բացեց․

«Նշվեց քարտեզների երկու ինտերվալ և նշվեց՝ ինչու դրանց փոխլրացնելով Հայաստանը պետք է օգտագործի այդ երկու ինտերվալի քարտեզները։ Այսքանով սահմանափակվեմ, նիստը դրա համար էր փակ»։

Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, որ ԱԺ-ը ընդունի ընդդիմության առաջարկած հայտարարությունը, դեմ է անգամ, որ նախագիծը հանձնաժողովից տեղափոխվի լիագումար նիստ և այնտեղ քննարկվի։

Back to top button