ԿարևորՀասարակություն

Գյումրիում քննարկել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող մանրամասներ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են «ԱԶՆԱՎՈՒՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրին, փոխտնօրեն Կարինե Էվոյանին, մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Տաթև Ղազարյանին:

«Շառլ Ազնավուրին ամբողջ աշխարհն է ճանաչում, հայ ազգին աշխարհում Շառլ Ազնավուրով են ճանաչում: Շառլ Ազնավուրի ներդրումն ահռելի է մեր քաղաքում, դրա մասին գիտեն բոլորը։ Բարեկամության այգում հիմա լայն թափով աշխատանքներ են տարվում, բայց մինչ այդ, ընդամենը մի քանի տարի առաջ էր «ԱԶՆԱՎՈՒՐ» հիմնադրամի հետ համագործակցության, հիմնադրամի միջոցներով հնարավոր եղավ այգու տարածքն ազատել տնակներից և տնակների բնակիչներին ապահովել բնակարանով: Քաղաքի միջոցները բավական համեստ են, բայց մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում մենք ևս նախատեսում ենք միջոցառումներ՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100»-ի շրջանակներում։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ողջույնի իր խոսքում ընդգծել է Վարդգես Սամսոնյանը:

Մեծանուն հայորդու թողած ահռելի ժառանգության, հայ ազգի ու հայ մշակույթի հանրաճանաչման գործում ունեցած անչափելի ներդրման մասին իր խոսքում ընդգծել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, ապա նաև հյուրերին ներկայացրել «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» միջոցառումների շրջանակներում Գյումրիում նախատեսվող ծրագրերն ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

Քրիստինա Ազնավուրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Գյումրին իրենց սրտի քաղաքն է բոլոր ժամանակներում, ամեն անգամ մեծ սիրով են գալիս Գյումրի, մեծ ոգևորությամբ իրականացնում ծրագրեր՝ հարազատ և սիրելի քաղաքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, դրանց կազմակերպմանն առնչվող մանրամասներ:

Back to top button