ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մշակութային ցեղասպանություն․ ադրբեջանական վանդալիզմը եկեղեցիներից անցել է գերեզմանատներ

Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրել է Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։ Արբանյակային լուսանկարներից երևում է նաև Կանաչ ժամի տարածքը՝ արդեն առանց եկեղեցու։ Ադրբեջանական վանդալիզմը նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գերեզմանատուն է հասել։

Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել, ահազանգում է Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը։ Կազմակերպությունը կադրեր է հրապարակել վանդալիզմից հետո և առաջ։ Քորնուելի համալսարանի Caucasus Heritage Watch-ը Արցախի հուշարձաններին հետևում է արբանյակային լուսանկարների միջոցով։ Հետազոտական նախաձեռնությունը արձանագրում է, որ եկեղեցին քանդելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշումը։

Կազմակերպությունը հիշեցնում է՝ Կանաչ ժամ կոչվող եկեղեցին հայերը Շուշիում կառուցել են 1847-ին, այն ուներ կառուցողների մասին հայերեն արձանագրություն, որտեղ նշված էր՝ եկեղեցին կառուցել են «պարոն Հովհաննես և Բաբա Ստեփանյան Հովնանենցին՝ ի հիշատակ իրենց հանգուցյալ եղբոր՝ Մկրտիչի»։

2020 թվականի պատերազմից հետո Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմը խոստացել էր վերականգնել Կանաչ ժամը, սակայն փաստորեն, ըստ հետազոտողների, եկեղեցին հողին հավասարեցվեց։ Ադրբեջանն այսպիսով որոշել է վերջնականապես ջնջել Շուշիի հայկական դիմագիծը, և պատահական չէ, որ հենց եկեղեցիներից է սկսել, նկատում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

«Շուշիի եկեղեցիներից երկուսն են մնացել՝ Ղազանչեցոցը և Կանաչ ժամը, և ըստ էության հարկավոր էր ձերբազատվել այդ դոմինանտներից։ Դրա համար առաջին հերթին փորձել են Կանաչ ժամը նախ պայթեցնել, թողնել ավերակների մեջ, լուրեր տարածել, որ դա հայկական եկեղեցի չէ, այլ ռուս ուղղափառ եկեղեցի է։ Եվ ի վերջո, տեսնելով անտարբեր վերաբերմունքը դեպի իր կատարած գործողությունները, այս անգամ իսպառ ոչնչացրել է Կանաչ ժամը»։ 

Կանաչ ժամից հետո հաջորդ վտանգված մշակութային հուշարձանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին է, կարծում է գիտնականը։

«Անընդհատ տախտակամածներով պատելը, կիսագնդաձև տանիք ստեղծելը, ոսկեգույն ներկելը փորձ է ցույց տալու, որ եկեղեցին իր արտաքին տեսքով նման չէ հայկական եկեղեցիներին, գուցե մեկ այլ առիթով ընդհանրապես գետնի երեսից ջնջի։ Նույնը գերեզմանոցներին է վերաբերում»։

Ի դեպ, ադրբեջանական վանդալիզմը նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գերեզմանատուն է հասել։ Արբանյակային լուսանկարներում այն այլևս չկա։ Գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Եվ սա այն դեպքում, երբ Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրել է կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումները:

«Ըստ էության Շուշիի ամենահին գերեզմանոցը, որտեղ պեղումներ ենք արել, տապանաքարերը բացել ենք, այդտեղ է Շուշիի ամենահին հայերեն արձանագրությունը՝ 18-րդ դարի կեսերից և ըստ էության  այդ ամենը նույնպես բնաջնվել է։ Ուղղակի քարերը հավաքել են, բուլդոզերով հարթեցրել են տարածքը։ Այսինքն՝ Շուշիի ամենահին հայկական վկայությունն այլևս գոյություն չունի»։

Գաղտնիք չէ, որ միջազգային կառույցների կոնվենցիաները, որոնք ընդունվել են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից, չեն աշխատում, նկատում է ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ազդեցություն չունի Ադրբեջանի վրա, ասում է նա։

«Քաղաքակիրթ երկրի հետ չունենք գործ, դրա համար էլ չի գործում։ Մենք ևս բազմաթիվ խնդիրներ փորձել ենք բարձրացնել, ինչ որ հաջողություն լինում է, բայց վերջնարդյունքը անարդյունավետ է»։

Քանի դեռ մենք ինքներս մեր հնարավորությունները լիարժեք չենք ներդրել՝ մեր իրավունքների պաշտպանության համար, ուրիշներից չենք կարող պահանջել։ Քանի դեռ մենք ինքներս մեր պետական կառավարման մարմնում ժառանգության հարցերով զբաղվող արդյունավետ կառույց չունենք, բոլոր հայտարարություններն ու ձևակերպումները ազդեցություն չեն ունենալու, նկատում է Գյուրջյանը։

«Կառավարման մարմին, որը օժտված լինի լծակներով, որ զուտ զբաղվի այդ գործով ու ոչ թե տարալուծված լինի որևէ նախարարության մեջ։ Հայաստանի պարագայում, երբ հարուստ ենք պատմամշակութային ժառանգությամբ, պարտավոր ենք ունենալ նման առանձին մարմին, որը հագեցած լինի մասնագետներով։

Պիտի հավաքվենք և փորձենք համատեղ ուժերով ստեղծենք այն քաղաքականությունը, որը պետք է վարի մեր երկիրն այս ոլորտում»։

Անպատիժ մնացած Ադրբեջանը հիմնահատակ ավերել է նաև Շուշիի շրջանի Քարինտակ գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։ Google Earth արբանյակային ծառայության թարմացրած լուսանկարներում պարզ երևում է, որ ոչնչացվել է գյուղի կենտրոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձան-կոթողը: Ջնջվել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, բուժկետը, գյուղապետարանը։ Գյուղում գործում էր Շուշիի մանկական երաժշտական դպրոցի մասնաճյուղը։ Մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։ Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից Կարկառ գետի վրա կառուցված Սիմոնենց կամուրջը։

Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հայկական հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ ՄԱԿ-ի մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Արցախ թույլ չի տրվել։

Back to top button