ԿարևորՀասարակություն

Վարչապետն այցելել է Լոռու մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ:

Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին  հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: 

Վարչապետի առաջին կանգառը եղել է Մեդովկայի միջնակարգ դպրոցում: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թ․ նոյեմբերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 860 մլն 153 հազար դրամ է։

Հաջորդիվ վարչապետն այցելել է մարզի մի շարք դպրոցներ, որտեղ կառուցվել են նոր մարզադահլիճներ:

Ստեփանավանի N 1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2022 թ․ մայիսի 30-ին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 270 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 178 մլն դրամ է։

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 276 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 89,8 մլն դրամ է։

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 336 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 256,8 մլն  դրամ է։

Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել իրականացված շտկումները, սակայն միաժամանակ ընդգծել շինարարական աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ անորակ աշխատանք չի ընդունվելու:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 930 մլն դրամ:  

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:    

Վարչապետը Ստեփանավանում ծաղիկներ է խոնարհել «Հայրենական մեծ» պատերազմի   զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին, Վանաձորում` հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

Կառավարության ղեկավարի Լոռու մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածում, որտեղ 11 կմ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 մլրդ 153 մլն դրամ: Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:

Back to top button