ԿարևորՀասարակություն

Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր: 

Մայր աթռոի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նորին Սրբությունն իր այցի ընթացքում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:
Հայոց Հայրապետը նաև իր օրհնությունն է բաշխել նախագծի բարերարներին, ճարտարապետներին և շինարարներին՝ մաղթելով, որ աշխատանքները բարեհաջող ավարտին հասնեն, և նվիրական այս ուխտավայրն իր հրաշագործ զորությամբ  ամրացնի հույսն ու  հավատքը մեր ժողովրդի և պահապան ու օգնական լինի՝ հաղթահարելու ներկա ծանր փորձությունները։

Վեհափառ Հայրապետին ուղեկցել են  Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սուրբ Էջմիածնի  միաբաններ։

Back to top button