ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բազային սկզբունքները ֆիքսել ենք, գնում ենք տեղում իրագործմանը․ վարչապետը Երևան -Բաքու համաձայնությունների մասին

Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ այսպես է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Բաքվի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները,  որոնցով, ըստ էության, պաշտոնապես սկսվել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատումը Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ն ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:  Ալմա Աթայի հռչակագիրը դառնում է բազային հիմք սահմանազատման համար՝ մեկնաբանելով  պայմանավորվաշությունները Լոռու մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը։  

Նախօրեին տեղի ունեցածը ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել է պետք՝ կարծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կարևորում ձեռք բերված պայմանավորվածությունների քաղաքական նշանակությունը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ սեղանի շուրջ լուծել են հարց»։   

Լուծված հարցն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն սկսվում է Տավուշի հատվածից։ 4 գյուղերի հատվածում առաջին անգամ կլինի հստակեցված սահման։ Վարչապետի աշխատակազմը դեռ նախօրեին էր ներկայացրել քարտեզը, ըստ որի պետք է գծվի սահմանը։ «Բաղանիսից մինչև Բերքաբեր հատվածն է հստակեցվելու։ Զինված ուժերը հետ են քաշվելու, նրանց փոխարեն սահմանապահներ են տեղակայվելու։  Կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների»,- հայտնել էր վարչապետի գրասենյակը։ Նշվում է, որ մինչև մայիսի 15-ը գեոդեզիական չափումներով պետք է կազմվի սահմանի նկարագրություն։ Այն, որ Ալմա-Աթայի հռչակագիրն է ընդունվել որպես սահմանազատման հիմք, պետք է նշվի նաև սահմանազատման կանոնակարգի նախագծում, ինչը պետք է հաստատվի ԱԺ-ում։  

Սա, ըստ վարչապետի, սա կարևոր նրբություն է։ Դեռ նախօրեին վարչապետի գրասենյակը հաստատել է, որ Կիրանց գյուղի մոտ ճանապարհի մի հատվածի փոփոխություն է լինելու, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենալու, քանի որ այս փուլում այդպիսի խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում։ Մեկնաբանելով ձեռքբերված համաձայնությունները՝ Փաշինյանն ասում է նաև, որ դրանք ձեռքբերում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։

«Ըստ էության՝ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացքում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»։   

Անկյունաքարային քայլ՝ ինքնիշխանության, անկախության զարգացման հաջորդ փուլի համար՝ ասում է վարչապետը։ Կարծում է, որ ձեռք բերված համաձայնություններն էականորեն նվազեցնելու են անվտանգային ռիսկերը, որը կա ոչ միայն Տավուշի տվյալ հատվածում, այլ նաև՝ ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։

«Մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում։ Սա նաև խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է»։

Մեծ յոթնյակի երկրները պաշտպանում են այն սկզբունքները, որոնք կյանքի են կոչվում՝ հիշեցրեց Փաշինյանը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանը ստանում է ոչ թե 4, այլ 2.5 գյուղ, իսկ Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ այս հատվածներում զինված ուժերը սահմանապահներով փոխարինելը կնշանակի, որ այստեղ լինելու է ոչ թե առաջնագիծ, այլ սահման, իսկ սահմանը, նրա ձևակերպմամբ, խաղաղության նշան է։

«Դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»։ 

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հետագայում պետք է որոշվի նաև անկլավ, էքսկլավների ճակատագիրը, քանի որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն է ու չեն կարող հրաժարվել այդ խնդրից։ Վարչապետի ձևակերպմամբ՝ «ալերգիկ» թեմա է, բայց դրանից հրաժարվել չի լինի։

«Որովհետև ՀՀ 29.743 քառ կմ ինքնիշխան տարծքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է՝ մեր տեսակետից, անկլավ՝ Ադրբեջանի տեսակետից»։

Հատվածային սահմանազատմամբ առաջ շարժվելու հեռանկարը Նիկոլ Փաշինյանն իրատեսական է համարում։ Կարծում է, որ հանձնաժողովների ոչ հեշտ աշխատանքային գործընթաց է սպասվում, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության համար ռիսկերի նվազեցման մասին է։   

«Մի աստիճանով, պայմանական, բարձրացնելու է բոլոր առումներով Հայաստանի միջազգային, տարածաշրջանային հեղինակությունը։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շատ բան է փոխվելու։ Շատ տեղերում շատ բան է փոխվելու։ Բայց ես նաև ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ ակնհայտորեն, կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա։ Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա «ֆորպոստի» տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումը իրագործելու հնարավորություն չունենա։ Այդ թվում՝ խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն, և այլն»։

Այս առումով վարչապետը հանգիստ է, խոսել է Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ։ Այսօր էլ խորհուրդ է տալիս՝ պետք է հոգեբանական տրանսֆորմացիա տեղի ունենա, որ այլևս ոչ թե առաջնագիծ, այլ պետական սահման է լինելու։ Սահմանապահների առկայությունը, նրա ձևակերպմամբ, նշանակում է կրակոցների դադարում։

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ նախօրեի պայմանավորվածությունները շրջադարձային նշանակություն են ունենալու անվտանգության, ինքնիշխանության զարգացման համար։ Վարչապետի խոսքով՝ թեև գործընթացն առանց կանոնակարգի է մեկնարկել, սակայն փաստաթուղթ է ստորագրվել, և գործընթացը շարունակվելու է արձանագրված սկզբունքներով։ Դրանք ամրագրող փաստաթղթերը կքննարկվեն  խորհրդարանում, որից հետո սահմանազատումը կդառնա ինստիտուցիոնալ։   

Back to top button