ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Դպրոցական սնունդը» շուտով կհասնի նաև Երևան

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը տարիներ շարունակ գործում էր միայն մարզերում շուտով կհասնի նաև Երևան՝ ընդգրկելով  տարրական օղակն ամբողջությամբ։  Կվերանայվի և կվերահսկվի նաև դպրոցական ճաշարաններում առաջարկվող տեսականին։

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը տարիներ շարունակ գործում էր միայն մարզերում, հաջորդ տարվանից կհասնի նաև երևանյան դպրոցներ։ Սա նշանակում է, որ ևս 50 հազարով կմեծանա ծրագրի շահառու երեխաների թիվը: Ծրագիրն առայժմ գործում է բոլոր մարզերի 1-4–րդ դասարանի բոլոր երեխաների համար։ Չի բացառվում, որ  ծրագրի շահառու դառնան նաև ավելի մեծ դպրոցականները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Նպատակն է, որ տարրական օղակն ամբողջությամբ ընդգրկված լինի։ Երբ գործընթացը ավարատենք, քննարկվում է նաև միջին և ավելի բարձր օղակում դպրոցական սննդի հնարավորությունը»։

Առողջ սննդակարգի պահպանումը մեր ժամանակների սոցիալական մարտահրավերներից է։ Խնդիր են նաև առողջ սննդակարգին վերաբերող մեր ազգաբնակչության գիտելիքներն ու սովորույթները, ու կարևոր է, որ գոնե դպրոցահասակ երեխաների հարցում  պետության քաղաքականությունն առավել ուշադիր լինի՝ ասում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։

«Եթե մենք խոսում ենք, որ երեխայի օրգանիզմի համար նորմայից ավելի շաքարը կամ պարզ ածխաջրերն ունեն բացասական հետևանքներ, բայց դպրոցի բուֆետն առաջարկում է միայն թխվածք, բուլկիներ կամ չունի համապատասխան պայմաններ, որպեսզի կարողանանք երեխային առաջարկել այն ուտելիքը, որը նպաստավոր կարող է լինել օրգանիզմի համար, կներեք, բայց մենք դատարկախոսությամբ ենք զբաղվելու, որովհետև հետևանք չի ունենալու»։

Ըստ Պիպոյանի՝ ՀՀ-ում դպրոցական համակարգի ենթակառուցվածքները թույլ չեն տալիս օրվա ընթացքում պահպանել ճիշտ սնուցման կանոններ։ Տնից սնունդ տանելը ևս խնդրի լուծում չէ՝ ասում է։ Նաև պետք է հասկանալ, որ անվտանգ սնունդը դեռ առողջ սնունդը չէ։

«Երեխաների մեծ մասն առավոտյան տնից դուրս է գալիս առանց նախաճաշելու։  Հետևաբար, դպրոցում երեխաների սնման գործընթացը կազմակերպելն առավել ևս է կարևորվում։ Բայց նաև մեր հարցազրույցները երեխաների հետ ցույց են տալիս, որ արդեն փոքր տարիքից երեխաների մոտ ձևավորվում է սխալ սննդակարգ, օգտագործում են գազավորված ըմպելիքներ, չիպսեր, էներգետիկ ըմպելիքներ։ Շատ կարևոր է, որ «դպրոցական սնունդ» ծրագիրը չսահմանափակվի միայն սննդամթերքի մատուցումով, այլև ենթադրի իրազեկման արշավներ»։

Կրթության նախարարությունը ևս մտահոգված է դպրոցական ճաշարաններում առաջարկվող տեսականիով։ Նոր ստանդարտների մշակումից և հաստատումից հետո բուֆետները ևս ստիպված կլինեն ենթարկվել առողջ սննդակարգի կանոններին։ Ըստ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի՝ այս կարգավորմանը երկար չենք սպասի։

«Այդ կարգավորումը լինելու է այնպես, որ դպրոցներում առողջ սնունդի տրամաբանություն լինի։ Եթե լինեն բուֆետներ, դրանցում պետք է հստակ պահանջներ լինեն, թե ինչ մթերք կարող է վաճառվել»։ 

Հետաքրքիր մի փաստ. թե՛ Դավիթ Պիպոյանը, թե՛ Թամարա Սարգսյանը արձանագրում են, որ այն երեխաները, որոնք սովորաբար խուսափում են տաք ապուրներից և նախընտրում են արագ սնունդ, նրանց տան խոհանոցում ևս տաք ապուրներ ու տնական կերակուրներ հազվադեպ են լինում։ Սա սովորաբար հանդիպում է այն ընտանիքներում, որտեղ տատիկներ չկան, իսկ մայրիկները հնարավորություն չունեն երկար ժամանակ հաստակցնել խոհանոցին։ Ըստ Պիպոյանի՝ առողջ սննդակարգը ապրելակերպ է, որը պետք է սկսել տնից և շատ վաղ տարիքից։

Back to top button