ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ–ն Բաքվին տեսանելիության դաշտ բերելու նպատակ ունի․ փորձագետ

Ապրիլի 15-19 Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ընթացավ առանց ադրբեջանցի պատվիրակների։ Ձմեռային նստաշրջանի ժամանակ որոշվել էր ադրբեջանական պատվիրակությանը մեկ տարով զրկել նիստերին մասնակցելու հանրավորությունից՝ կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Սակայն վեհաժողովում Ադրբեջանի հարցով զեկուցողը քայլեր է ձեռնարկում Բաքվին վեհաժողով վերադարձնելու ուղղությամբ՝  նշելով նաև, որ դրա համար հստակ պահանջներ են սահմանված։ Փորձագետները կարծում են, որ այդ քայլով վեհաժողովը փորձում է տեսադաշտում պահել Բաքվին, բայց նաև պահանջում է, որ համազեկուցողները մուտք ունենան ադրբեջանական բանտեր, ինչը, ըստ նրանց, քիչ հավանական է։

ԵԽԽՎ նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու հնարավորությունը վերականգնելու ուղղությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենին։ Վերջինս հստակեցրել է, որ Բաքվին վեհաժողովում տեսնելու ցանկություն կա, սակայն կա նաև պահանջ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան և կատարեն մի շարք պահանջներ, մասնավարապես, պետք է Ադրբեջան մուտք ապահովեն ԵԽԽՎ համազեկուցողների համար, և նրանց համար անխոչընդոտ աշխատելու պայմաններ ստեղծեն, հնարավորություն տան նրանց նաև բանտեր այցելելու։

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրեթե համոզված է, որ Բաքուն որևէ համազեկուցողի, կամ եվրոպացի պատվիրակի թույլ չի տա մուտք գործել իր բանտեր․

«Ադրբեջանական բանտերը հանդիսանում են Ադրբեջան պետության հիմնական մահակը, որով թե՛ ընդդիմադիր գործիչներին, թե՛ ազգային փոքրամասնություններին կտտանքների ենթարկվելով, փորձում են հնազանդության մեջ պահել հասարակությանը։ Այս իմաստով, կարծում եմ՝ Բաքվի համար բավականին դժվար կլինի սրան համաձայնելը։ Նաև կախված կլինի այն բանից, թե դրա դիմաց ինչ կստանա Բաքուն։ Այն, որ ԵԽԽՎ վերադառնալը Բաքվի համար ռազմավարական նշանակության խնդիր չէ, դա ակնհայտ է, սակայն դա առավել անհրաժեշտ է ԵՄ–ին, որպեսզի Բաքվին բերի տեսանելիության դաշտ, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցությունները հետագայում արևմտյան որևէ հարթակում վերագործարկելու նպատակով»։

Բանն այն է, որ անցած տարվա հունիսին Բաքուն թույլ չտվեց իր երկրում գտնվող մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին մուտք գործել բանտեր ու հանդիպել քաղբանտարկյալներին։

Ու չնայած խոստումներին, հաջորդ այցի ընթացքում համազեկուցողներին դարձյալ թույլ չի տրվել ծանոթանալու քաղբանտարկյաներին պահելու պայմաններին։ Ադրբեջանը նաև արգելեց որոշ եվրոպացի պատվիարակների ու պաշտոնատար անձանց մուտք գործել երկիր՝ նրանց այցերը չեղարկվեցին։ Այս, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ու Արցախում բռնի տեղահանության փաստերով ԵԽԽՎ-ը ձմեռային նստաշրջանում որոշեց մեկ տարով զրկել ադրբեջանական պատվիարակությանը ԵԽԽՎ նիստերին մասնակցելու հնարավորությունից, մինչև որ այդ երկիրը կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Այս որոշումից հետո ադրբեջանական կողմից հայտարարեցին, որ դիտարկում են ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը։ Այս առումով քայլեր ձեռնարկելու հավանականությունը Արա Պողոսյանը քիչ է համարում․

«Այս պահին սա քիչ հավանական սցենար է՝ հաշվի առնելով Բաքվի էներգետիկ տնտեսական համագործակցությունը Բաքվի հետ։ Նաև հաշվի առնենք, որ Բաքվի գազի հիմնական սպառողը Եվրոպան է և հրաժարումը դրանից, կամ սանկցիաները Ադրբեջանի նկատմամբ, չափազանց խոցելի իրավիճակ կստեղծի Բաքվի համար, ինչը հաշվի առնելով կարծում եմ, որ դրանք ընդամենը հայտարարություններ են Ալիևի կողմից, և վստահ եմ, որ Բաքուն նույնպես ջանքեր է գործադրում, որպեսզի վերադառնա ԵՄ երկրների հետ հարաբերությունների այն մակարդակին, որում գտնվում էր, որպեսզի չվտանգվի իր էներգետիկ գործարքները ԵՄ երկրների հետ»։

ԵՄ առանձին երկրներից, հատկապես Ֆրանսիայից Էներգետիկ համագործակցության պայմանների վերանայման մասին հայտարարություններ են հնչում, ինչը Բաքվի համար մեղմ ասած՝ ցանկալի չէ, քանի որ վտանգելով այդ գործարքները, կվտանգվեն Բաքվի էներգետիկ ու տնտեսական ենթակառուցվածքները, համոզված է քաղաքագետը։

Փորձագետները չեն բացառում նաև, որ Բաքվի լոբբիստական աշխատանքի արդյունքում նաև Թուրքիայի, Սերբիայի, Հունգարիայի պատվիարակները ներկայանան ԵԽԽՎ՝ Ադրբեջանի ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։ ԵԽԽՎ հայկական պատվիարակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբագրության անդամ Սոնա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ վեհաժողովի հանձնաժողովներում այդ մասին քննարկումներ չկան․

«Որևէ քննարկում չի եղել այն ձևաչափերում, որտեղ կարող էր նման հարց բարձրացվել, նկատի ունեմ այն հանձնաժողովները, որոնք իրավասու են այդ քննարկումներին անդրադառնալ։ Նման քննարկում չկա այս պահին հատկապես, որ Ադրբեջանում որևէ առաջընթաց չի գրանցվում այս առումով»։

Ամեն դեպքում հստակ է՝ որպեսզի Բաքվի պատվիարակները Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստերին մասնակցեն, այդ երկիրը ստիպված կլինի կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունները։

Back to top button