ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաշատ Մարսելից՝ Երևան․ ֆրանսահայ գործարարները կբարելավեն Ֆրանսիայի դիրքերը  Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում

Ֆրանսիական Մարսել քաղաքից Հայաստան են ժամանել ավելի քան 30 ընկերությունների ներկայացուցիչներ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։ Նրանք ապրիլի 9-ից 12-ը հայաստանյան գործընկերների հետ կկնքեն համագործակցության պայմանագրեր։ Ընկերությունների թվում են ֆրանսիական հյուրանոցային բիզնեսի առաջատար LUMEN Paris-ը,  ջերմոցային տեխնիկա արտադրող RICHEL Group-ը, եվրոպական որակի հանքարդյունաբերական տեխնիկա ատադրող Aramine ընկերությունը։

Երևանն ու Մարսելը ապրիլի 20-ից կկապվեն ուղիղ չվերթերով։ Օդային կապը կարող է նպաստել հայ-ֆրանսիական համագործակցության նոր պայմանագրերի կյանքի կոչմանը։

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի հարավային «Պրովանս-Ալպեր-Լազուր ափ» երկրամասի «Բուշ դյու-Ռոն» նահանգի ղեկավար Մարտին Վասալը՝ 4 քաղաքապետերի և գործարար համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Բուշ դյու-Ռոնի գլխավոր քաղաքը հայաշատ Մարսելն է, այնտեղից եկած  ֆրանսահայ գործարարները շուրջ 30-ն է։

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Մկրտչյանը նահանգապետի արդեն  3-րդ այցը կարևորում է տնտեսական տեսանկյունից։

«Այցի նպատակն է վերահաստատել Բուշ դյու-Ռոն նահանգի աջակցությունը Հայաստանի մարզերին։ Հյուպատոսությունը ներկայացրել է՝ ինչպես ներդրումներ կատարել, հայաստանյան օրենսդրությունը, յուրահատկությունները։ Հիմնականում մեր օրենսդրությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, և շատ դեպքերում մենք ունենք ավելի պրեֆերենցիալ հնարավորություններ, քան նույն Եվրոպական Միությունում»։

Մարսելում է գտնվում նաև «Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի» գրասենյակը։ Երևանում կնքվող 8 պայմանագրերից մեկը նախատեսված է պալատի, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի և  Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև՝ պատմում է կառույցի ղեկավար Արմեն Մնացականյանը։

«Պայամանագիր պետք է ստորագրվի, որ ամեն տարի 20 ուսանող այցելի Ֆրանսիա և 7 շաբաթ այնտեղի ընկերություններում անցնի պրակտիկա։ 9 ամսվա աշխատանք են կատարել 10-օրյա այցը արդյունավետ դարձնելու համար։ Մարսել քաղաքի 10 տոկոսը հենց հայ են, հայերը շատ լուրջ աշխատանքն են կատարում այնտեղ»։

Ֆրանսահայ ընտանիքի ստեղծած և աշխարհում մեծ հեղինակություն ձեռք բերած «Aramine» ընկերության հանքագործական տեխնիկայի համար Հայաստանը Մեքսիկայից հետո կարող է դառնալ մասերի հավաքման 2-րդ երկիրը։ Գործն իրականացնելու բարձր հավանականություն է կանխատեսում հայաստանյան կողմի՝ «Spartan Mines»-ի համահիմնադիր Վահագն Հակոբյանը։

«Ստացել ենք առաջարկ, որ ներկայացնենք «Aramine» ընկերությունը Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում, խոսքը Ղազախստանի, Ղրղզստանի մասին է, նաև այսօր քննարկեցինք Իրանի տարբերակը։ Խոսքը 1-2 տարուց սպասվող պլանների մասին է, որովհետև զուտ տեխնիկական հարցերով որոշ գործողություններ կան։ Հավաքման գործարանն, ըստ ամենայնի, կտեղակայվի ազատ տնտեսական գոտիներից մեկում»։

Երկար տարիներ Ֆրանսիայի քաղաքական ներկապնակին հայկական գույն ու ջերմեռանդություն հաղորդող Դիդիեր Փարաքյանը Երևան ժամանած պատվիրակության կազմում է։ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորը զրույցի սկզբում ասում է՝ իմ սիրտը բաբախում է Հայաստանի և Ֆրանսիայի համար։

«Իմ նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը հեշտացնելն է։ Նախագահ Մակրոնն ասում է, որ Ֆրանսիան Հայաստանի մեծ եղբայրն է, ուստի մեծ պարտավորություն է զգում։ Հայաստանի առևտրատնտեսական 11-րդ գործընկերն է, և իմ նպատակն է առաջիկա տարիներին  լինել լավագույն հնգյակում»։

Հայ–ֆրանսիական առևտրաշրջանառության մեջ ո՞ր ոլորտներն լարող են լուրջ դերակատարում ունենալ՝ հարցնում եմ Դիդիեր Փարաքյանին։

«Գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, սննդարտադրությունն և տուրիզմը»։

Ֆրանասիայի Հանրապետության ազգային ժողովի ծագումով հայ պատգամավորը հաջորդ այցը Երևան նախատեսում է այս տարվա հունիսին։ Նշում է՝ իրեն կընկերակցի Ֆրանսիայի նախկին վարչապետ, աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ Ժան Պիեռ Ռաֆարենը՝ համագործակցության նոր ծրագրերով։ Խոստանում է նաև՝ ամեն ինչ անել, որ մոտ ապագայում նախագահ Մակրոնը ժամանի Հայաստան։

Back to top button