ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման ավարտը կարող է օրինակ դառնալ Ադրբեջանի համար. փորձագետ

Երևանն ու Թբիլիսին քննարկումներ են իրականացնում ենթակառուցվածքային համատեղ նախագծեր իրականացնելու, քաղաքական երկխոսությունն ու տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ։ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են նաև վերսկսել սահմանազատման աշխատանքները։ Այս թեզերը հնչել են Երևանում մեկնարկած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» խորագրով համաժողովի ընթացքում։ Դրան տեսաուղերձով միացել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։ Նա վստահեցրել է՝ Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Հայ-վրացական փորձագիտական համաժողովը ողջունել է նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։   

Հայաստանի համար կարևոր է անվտանգության նոր համակարգի ստեղծումը։ Այդտեղ ուրույն տեղ ունի նաև Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հետագա հեռանկարի բացահայտումը։ Հայ-վրացական փորձագիտական համաժողովին ողջույնի խոսքում ՀՀ վարչապետի  աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով զարգացնել հարաբերությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ և շարունակելով համագործակցությունն ավանդական գործընկերների հետ։ Հարությունյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ գործընկերությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։

«Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մի մասն է կազմում նաև անվտանգության նոր համակարգի ստեղծումը և պաշտպանության ոլորտում նոր գործընկերությունների հաստատումը, կարևոր գործոն է Հայաստանի Հանրապետության համար»։

Հարությունյանը հիշեցրեց Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության, փոխադարձության սկզբունքների և երկրների տարածքով անցնող ճանապարհների իրավասության սկզբունքների վրա։ Հարավային Կովկասը կարող է դառնալ նոր տարանցիկ հանգույց հյուսիսի և հարավի, ինչպես նաև արևելքի և արևմուտքի միջև՝ հավելեց Հարությունյանը։

Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» խորագրով համաժողովին միանալով տեսաուղերձով ՝ ասաց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նա ընդգծեց, որ Թբիլիսին նաև պատրաստ է  ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Դարսալիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան:

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում և հույս ունենք, որ չի ուշանա առաջին նիստը»։

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը պատասխանեց՝ սահմանազատման գործընթաց է լինելու, որի հիմքում հարևան բոլոր երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը վերականգնելն է։  

Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը, ոմանց դուր գալ, կարծիք է հայտնել փոխնախարարը, հավելել, որ Ռուսաստանի եւ այլ երկրների հետ հարաբերություններում ՀՀ–ն առաջնորդվում է պետական շահերով։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ութերորդ խմբագրումը։

«Սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին։ Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիրներ չկան։ Խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանը փաստաթղթում արտացոլի ձեռք բերված պայմանավորվածությունները երեք սկզբունքների շրջանակում»։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանագծումը կարող է նախատիպային լինել, օրինակ դառնալ Ադրբեջանի համար, իսկ հայ-վրացական ռազմավարական համագործակցության մեկնարկով այդ հարաբերություններին նոր որակի հաղորդումը, փորձագետի ձևակերպմամբ, պիտի որ նպաստի այդ գործընթացին։

«Կարևոր է այս գործընթացի ավարտը, քանի որ բոլոր պետությունները պիտի միջպետական պայմանագրով ֆիքսված սահման ունենան։ Այս տարիների ընթացքում, իմ անձնական կարծիքով, ունենալով ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, Վրաստանն այդ գործընթացը չավարտեց, և այսօր, նույն մակարդակի հարաբերություններ ունենալով, մենք նույնիսկ կարող ենք մեր գործընթացում նոր թափ հաղորդելով՝ գործընթացը վերսկսելով, նաև ինչ-որ չափով օրինակ ցույց տանք մեր հակառակորդին։ Ինչու ոչ, իմ կարծիքով, Վրաստանի համար ևս կարևոր է, որ ևս մեկ երկրի հետ իրենք ունենան միջպետական պայմանագրով ֆիքսված սահման»։

Օրակարգը վերանայելով և հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի բարձարացնելով՝ ասում է փորձագետը։ Ըստ Մելիքյանի՝ հստակ է նաև, որ հայ-վրացական սահմանի հիմնական մասը հստակեցված է։ Նրա խոսքով՝ խնդրահարույց որոշ հատվածներ կան, որոնց շուրջ որոշումները կարող են  բարիդրացիական փոխհամաձայնությամբ կայացվել։ Արագ չի լինի, բայց կարևոր է աշխատանքն այսօր ակտիվացնելը՝ եզրափակում է Վրաստանի հարցերով փորձագետը։

Back to top button