ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երեխաս արդեն դպրոց է գնալու, մանկապարտեզի հերթը դեռ չի հասել. Վանաձորում 800 երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին

Մանկապարտեզներ հաճախելու նպատակով հերթագրված երեխաների խնդիրը մտահոգում է Վանաձորի համայնքային իշխանություններին ու քաղհասարակությանը: Մինչ ավագանու անդամները պնդում են, որ Վանաձորում հնարավոր է անվճար դարձնել մանկապարտեզները, ՏԻՄ ներկայացուցիչներն էլ՝ հղում անում անբավարար ֆինանսական միջոցներին, քաղհասարակության ներկայացուցիչները խնդրի ստվերոտ կողմերն են մատնանշում: Վանաձոր խոշորացված համայնքում 800-ից ավելի երեխաներ սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին:

Համայնքային խնդիրները քարտեզագրելիս «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի անդամները  պարզել են, որ Վանաձոր համայնքում նախադպրոցական տարիքի  հարյուրավոր երեխաներ զրկված են նախնական կրթություն ստանալուց և սպասում են  մանկապարտեզ գնալու իրենց հերթին:

 Մարգարիտա Խուդավերդյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ անդամ․ «Պաշտոնական հարցումով պատասխանեցին, որ 500 երեխա իր հերթին է սպասում, բայց մինչև այդ զանգով էի ճշտել, ասել էին 800 երեխա հերթի մեջ է: Կենտրոնում ավելի վատ է, որովհետև կենտրոնի մանկապարտեզները շատ ծանրաբեռնված են»: 

Մարգարիտան ասում է՝ ծնողների հետ հանդիպումների արդյունքում նաև այլ խնդիրներ են հայտնաբերել: Ծնողներից մեկը պատմել է, որ մանկապարտեզներից մեկում, թեև սահմանված 30 տեղը լրացել էր խմբում, այդուհանդերձ, տնօրինությունը չի մերժել  և երեխային վերցրել է խումբ։

«Համ ծնողից վերցնում են ամբողջական վճարը, ոնց որ բոլորից, համ էլ ինչ են անում՝ մի մանկապարտեզում քնելու ժամին ուղարկում են տուն, մի մանկապարտեզում էլ հստակ պատմություն լսեցինք, որ երեխեքը, որոնք տեղ չունեն, խաղասենյակում սպասում են, մինչև մյուս երեխաները քնեն, վեր կենան կամ էլ եթե երեխաներից մեկը հիվանդանում է, մյուսն է քնում  նրա անկողնում»:

Լիլիթը զավեշտալի դեպք է հիշում, երբ ծնողը երեխային օնլայն գրանցել է, բայց այդպես էլ բախտ չի վիճակվել մանկապարտեզ հաճախել։

«Ասում է՝ գրանցվել եմ դեռ 2 տարի առաջ, երբ երեխան 3,5 տարեկան էր: 2 տարի է, ասում է, սպասում եմ հերթի մեջ, արդեն երեխան դպրոց է գնալու, դեռ հերթը չի հասել»:

Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը կարծում է, որ Վանաձորի մանկապարտեզները կարող են անվճար լինել, առնվազն՝ սոցիալական որոշ խմբերի համար: Ավագանու վերջին նիստում Ալավերդյանը պնդել է այս առաջարկը։

«Ոչ այնքան տնտեսումների, որը պարտավոր ենք անընդհատ անել՝ ավելի լավ կառավարում ունենալու համար, այլ առաջնահերթությունների խնդիր դնելով: Վերջին նիստին ես ցույց եմ տվել ծախսային մասում, որ եթե դա անում եք առաջնահերթության կարգով, ինձ համար օրինակ կարևոր էր, որ նախադպրոցական կրթության համակարգի վրա դնեիք էդ վճարը: Եթե շատ խորանանք, էլի կգտնենք գումարներ: Մենք կարողանո՞ւմ ենք գոնե սկսենք  անապահով երեխաներից, եթե ամբողջ ծավալը չենք կարողանում: Բայց մեր նպատակը լինելու է այն, որ Վանաձորում կարողանանք ապահովել երեխաների անվճար մանկապարտեզ հաճախելը»: 

Ալավերդյանն ասում է՝ երբևէ չի ուսումնասիրվել  մանկապարտեզների շենքային պայմանների և հաճախող երեխաների հարաբերակցությունը, արդյո՞ք ունեցած շենքային ֆոնդը բավարար է նախադպրոցական կրթություն կազմակերպելու համար:

Ըստ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ համայնքի 23 մանկապարտեզ հաճախում է 1837 երեխա, հերթում սպասում է 809-ը, որը հաճախողների թվի գրեթե կեսն է: Համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը «Ռադիոլուր»-ին ասաց հերթագրվածների թիվն այս օգոստոսին կտրուկ կնվազի, երբ ընդունելություն լինի: Չժխտեց՝ խնդիրը լուրջ է: Ծնողների մեծ մասն ուզում են՝ իրենց  երեխան կենտրոնում մանկապարտեզ հաճախի, բայց շենքային պայմաններն են սահմանափակ: Տնակային մանկապարտեզում՝ 4000, քարաշեն կառույցում՝ 5000 դրամ  է վճարը: Համայնքի բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է նաև բռնի տեղահանված արցախցի փոքրիկների անվճար հաճախումը,  նաև սոցիալական որոշ խմբերի վճարի զեղչումը: Առաջիկայում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Վանաձորի 2 մանկապարտեզներում պիլոտային խմբեր կբացվեն 0-3 տարեկանների համար: 

Քրիստինե Մադոյանը դժվարացավ ասել՝ մանկապարտեզ հաճախող, բայց չգրանցված երեխաներ կա՞ն, թե՞ ոչ, ասաց միայն, որ տարեվերջին 2 տնօրեն նկատողություն է ստացել։

«Նման խնդիր մտածել եմ, որ կլինի: Անցյալ տարի դեկտեմբերին  շրջայց եմ արել, 2 տնօրեն նկատողության են արժանացել ՝ ոչ բարեխիղճ աշխատանքի համար»:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցներից մեկը սկսզբում համաձայնեց, հետո հրաժարվեց ձայնագրվելուց՝ գաղտնիության ու անվտանգության նկատառումներից ելնելով: Ասաց միայն, որ իր երեխան էլ է նման իրավիճակում հայտնվել: Վանաձորի մանկապարտեզներից  մեկի տնօրենը սկզբում մերժել, հետո համաձայնել է ընդունել երեխային: Երբ մանկապարտեզներում ստուգումներ են սկսվել,  պարզել է, որ երեխային չեն գրանցել:

Համայնքապետարանում ստուգումներից տեղյակ են,  մանրամասներից՝ ոչ: Կոմիտեն համապատասխան փաստաթղթեր է պահաջել, բավարարվել են՝ դրանք տրամադրելով։

«Մեզնից փաստաթուղթ են ուզել, բայց հստակ չեն ասել՝ կոնկրետ մեղադրանք կա՞, խնդիր կա՞, թե՞ ոչ: Ընդամենը աշխատակիցների և տնօրենի պայմանագրերի փաստաթղթերն են ուզել, մեզ մոտ էլ չի պահվում, խնդրել ենք մանկապարտեզից, մենք էլ տրամադրել ենք հակակոռուպցիոնին»: 

2024-ի սկզբին Հակակոռուպցիոն կոմիտեն Վանաձորից ստացված հաղորդումների հիման վրա ստուգումներ է իրականացրել Վանաձորի մի շարք մանկապարտեզներում՝  «Ռադիոլուր»-ին փոխանցեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նախաձեռնվել  է վարույթ թիվ 33 մանկապարտեզի մասով, որը սակայն, կարճվել է՝ վարույթը շարունակելու հնարավորությունների սպառված լինելու հիմքով: Ինչ վերաբերում է թիվ 31 մանկապարտեզին, վարույթը դեռ ընթացքի մեջ է: 2 մանկապարտեզների գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը երկակի մոտեցում է տեսնում իրավապահների գործողություններում: Մի դեպքում, ասում է, ամիսներ առաջ, կոմիտեն խուզարկություն իրականացրեց Վանաձորի քաղաքապետարանում, ապա՝ Վանաձորի մանկապարտեզներում, բայց ո՛չ խախտում արձանագրվեց, ո՛չ էլ մեղադրանք առաջադրվեց, մինչդեռ շուրջ 2 ամիս առաջ ձերբակալվեց 6 անձ՝ էկոնոմիկայի նախարարության հետ կապված աղմկահարույց գործով, այդ թվում և՝ նախարարը 

«Էս տրամաբանությամբ մենք միտված ենք նրան, որ Վանաձորում ավելի շատ կա համայնքային իշխանություն պահելու խնդիր, որով պայմանավորված որևէ  քրեական գործ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ցանկանում սկսել»:

Որպես կանոն, ասում է Գևորգը, Վանաձորի մանկապարտեզների տնօրենները եղել ու մնում են նախկին ու ներկա համայնքային իշխանությունների հետ փոխկապակցված անձինք: Հիշատակում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանին: Չնայած համայնքին պատճառած մեծ վնասներին, ասում է, նրան հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, ասում է Գևորգը, երբ խոսում ենք կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականությունից,  իրավապահները պիտի նկատի առնեն, որ մանկապարտեզների շահառուները երեխաներն են, և այստեղ կոռուպցիոն երևույթները ոչ միայն դատապարտելի պիտի լինեն, այլև իրավական համարժեք գնահատական ստանան:

Back to top button