ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Պուտինյան պլանը երկարաժամկետ է», ուստի «Ստիպված կլինենք հաշվի նստել նրա հետ»․ Պուտինը կրկին նախագահ է

«Անհարմար բան ստացվեց»
«Պուտինյան պլանը երկարաժամկետ է»
«Ստիպված կլինենք հաշվի նստել նրա հետ»

Այս բառերով աշխարհն արձանագրեց փոփոխության բացակայությունը․ 2000 թվականից սկսած արդեն 5-րդ անգամ իմացանք, որ Վլադիմիր Պուտինը կղեկավարի Ռուսաստանի Դաշնությունը։

Եվ որպեսզի ամեն բան նույնությամբ չկրկնվի, Պուտինն այս անգամ հաղթեց աննախադեպ բարձր՝ 87.38% արդյունքով։ Նրա մրցակիցները միասին 13%-ից ցածր ձայն ստացան։ Աշխարհի մի շարք լրատվամիջոցներ տեղի ունեցածն օրինաչափ, նույնիսկ կանխատեսելի համարեցին։

The Observer (Բրիտանիա): «Պուտինի հաղթանակը կանխատեսելի էր, նա արժանի մրցակից չուներ»։ 

Der Standard (Ավստրիա): «Մենք ստիպված կլինենք ապրել Վլադիմիր Պուտինի ու նոր գերտերություն Ռուսաստանի հետ։ Եվ, հնարավոր է, մոտ ապագայում ստիպված լինենք Պուտինի հետ բանակցությունների դուրս գալ։ Պուտինյան պրոյեկտը երկարաժամկետ է»։

Blick (Շվեյցարիա): «Պուտինը շարունակում է մնալ և՛ հսկայական սպառնալիք, և՛ կարևոր զրուցակից եվրոպական երկրների համար։ Միգուցե հենց նրա հետ մի  օր սկսվեն խաղաղության բանակցությունները»։

***

Մինչ միջազգային մամուլը փորձում էր հասկանալ «Պուտինը հաղթեց, և ի՞նչ», ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ քննարկում էին «Ինչո՞ւ և ինչպե՞ս հաղթեց Պուտինը» հարցը։ Օրինակ՝ ռուսական «Մեդուզա»-ն գրեց, որ Ռուսաստանը երբևէ չէր տեսել Սահմանադրության պահանջներին այսքան չհամապատասխանող ընտրարշավ և ընտրություններ, պատմեց «Կեսօրն ընդդեմ Պուտինի» արշավի մասին, նշելով՝ դա ճիչ է, որը ոչ ոք չի լսում։

Ալեքսեյ Նավալնին մահից առաջ ունեցած իր վերջին քաղաքական հայտարարությամբ կոչ էր արել մարդկանց կեսօրին գնալ ընտրատեղամասեր՝ ցույց տալու իրենց դժգոհությունը, չքվեարկելու Պուտինի օգտին։ Ռուսաստանում ու աշխարհի մի շարք երկրներում, կիլոմետրեր ձգվող հերթեր առաջացան։ Երևանում ՌԴ դեսպանատանը գործող ընտրատեղամասի մոտ ժամը 12:30-ի դրությամբ շուրջ 3700 մարդ է եղել, հերթի երկարությունը եղել է 980 մետր։

Ռուսաստանի 5-րդ անգամ վերընտրված նախագահի պաշտոնում Պուտինն առաջին ասուլիսը տվեց հենց քվեարկության օրը՝ կեսգիշերն անց, անդրադառնալով նաև այս ակցիային․

«Եթե եկել են քվեարկելու, ես դրա համար ծափահարում եմ։ Իմ գործն է խնդրել մարդկանց գալ քվեարկության։ Եթե ընդդիմությունն էլ է կարծել, որ պետք է գնալ քվերակության, կապ չունի՝ ում օգտին, դա արդեն լավ է, ապրեն։ Բայց ինչպես հասկանում եմ՝ այդ ամենը ոչ մի ազդեցություն չունեցավ»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կիրառվել է պարզունակ մանիպուլյացիա՝ պարզապես քվեարկության եկած մարդկանց հերթերի նկարները ներկայացվել են որպես ակցիայի մասնակիցների հերթեր։

Ռուսները կարողացել են քվեարկել նաև ՌԴ-ից դուրս 144 երկրներում, որոնցից յուրաքանչյուրում 2-ական ընտրատեղամաս է գործել։ Նախորդ ընտրություններին աշխարհում 113-ով ավելի ընտրատեղամաս է եղել։ Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներն ասում են՝ թիվը նվազել է «ոչ բարեկամ երկրների իշխանությունների շնորհիվ»։ Երևանում Պուտինը պարտվել է՝ հավաքելով ձայների 32.87, Գյումրիում՝ հաղթել ընտրողների 58,14 տոկոսի քվեով։

Այնուամենայնիվ, առաջիկա 6 տարիներին Պուտինն, ըստ ամենայնի, անխուսափելի է, ուստի հարցերն այսուհետ ոչ թե արդեն տեղի ունեցած ընտրության, այլ առաջիկայում հնարավոր գործողությունների մասին են։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Պուտինը ժամանակ չունի նշելու ընտրություններում իր հաղթանակը»: Առաջինը նա հանդիպումներ կունենա նախագահի պաշտոնի մյուս հավակնորդների հետ:

Ասուլիսի ընթացքում նրան ուղղվել է նաև «Ի՞նչ է պատրաստվում անել աշխարհի հետ» հարցը։ Լրագրողները փորձել են պարզել՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման հավանականություն, եթե դաշինքն ամբողջությամբ մտնի Ուկրաինայի պատերազմի մեջ։

«ՆԱՏՕ-ի հետ պատերազմը միայն մեկ քայլ հեռու կլինի լայնածավալ երրորդ համաշխարհային պատերազմից: Կարծում եմ՝ հազիվ թե որևէ մեկը դրանով հետաքրքրված լինի»։

Միևնույն ժամանակ լրագրողները ցանկանում են իմանալ՝ ինչ զարգացում կունենա ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինը որպես սկզբանկետ նշում է՝ ուժեղ, անկախ ու սուվերեն Ռուսաստան ունենալու իր նպատակադրման ու դա պահպանելու իր հաստատակամության մասին։ Մնացած ամեն բանի նայում է այս մեկնարկային կետից։

«ՄԵր առաջադրանքն է, քաղաքացիների վստահությունն օգտագործելով, անել ամեն բան մեր նպատակին հասնելու համար։ Մենք նաև կողմնակից ենք խաղաղության պայմանագրերին, բայց միայն ոչ այն պատճառով, որ թշանամու փամփուշտներն են վերջանում։ Մենք կողմ ենք, եթե նրանք իսկապես, լրջորեն, երկարաժամկետ հեռանկարով ուզում են կառուցել խաղաղ, բարի դրացիական հարաբերություններ»։

Ինչպիսին կլինեն Պուտինի քայլերը առաջիկա 6 տարում՝ հայտնի չէ, սակայն կան երկներ, որոնք արդեն հաջողություն են մաղթել նրան այդ քայլերն իրականացնելիս։ Ի տարբերություն Հռոմի պապի, Չինաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի և մի շարք այլ երկրների ղեկավարների՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի շնորհավորել ՌԴ նախագահին և չի էլ պատրաստվում անել։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Ռուսաստանում ընտրական գործընթացը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության և ռեժիմի դեմ ցանկացած ձևի հակազդման նկատմամբ բռնաճնշումների, խոսքի ազատության անընդհատ աճող սահմանափակումների և անկախ լրատվամիջոցների գործունեության արգելման պայմաններում։ Ընտրություններն անցել են առանց որևէ անաչառ միջազգային դիտարկման»։ Եվրամիությունը համարել է, որ ընտրությունները անցել են «խիստ սահմանափակ միջավայրում, որն էլ ավելի սահմանափակ է դարձել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող անօրինական ագրեսիայի պատճառով»։ Իսկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՌԴ նախագահի ընտրությունները «ոչ ազատ են, ոչ էլ արդարացի»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովն անդրադարձել է վերջին հայտրարությանը՝ նշելով, որ Կրեմլը նման գնահատականների հետ համաձայն չէ։

Back to top button