ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աստղիկի հնավայրը՝ «մարսային» տեղանք․ ի՞նչ կշահի Հայաստանը Մարսը ճանաչելու մրցավազքում

Կարմիր մոլորակը «ճանաչելու» հայաստանյան միջազգային գիտափորձը շարունակվում է։ Մինչև ապրիլի 5-ը Արարատի մարզի Արմաշ համայնքի ժայռոտ սարահարթը ոչ այնքան Երկիր, որքան Մարս մոլորակի տեղանք է։ Նորակառույց կայանում AMADEE 24 առաքելության 6 անալոգ տիեզերագնացները նմանակում են Մարսի ապագա գաղութարարներին։ Բուն մեկուսացումը սկսվել է մարտի 12-ին, ժամը 17։10 րոպեին։ Մարսեցիների կապը Երկիր մոլորակի՝ Վիեննայի կենտրոնակայանի հետ սահուն է։ «Կարմիրմոլորակյան» իրադարձություններին հետևել է Աստղիկ Փիլիպոսյանը։

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Ավագյանը AMADEE 24-ի փորձնակ տիեզերագնացների մարզման և սննդակարգի պատասխանատուն է։ Նրա գործուն ջանքերով 1 ամիս մեկուսացողները կուտեն «սուպերֆուդեր»։ 150-200 գրամ «սուպերֆուդ» ուտելը հավասար է 2-3 կգ առօրյա սննդամթերք ընդունելուն։

«Սուպերֆուդերի կարևորությունն այն է, որ տիեզերագնացի ստամոքսը փոքրացվի և հասցվի 100 միլիլիտրի, որպեսզի նա քիչ, բայց բարձր կենսամատչելիություն ունեցող սնունդ ուտի և ուշ սովածանա»։

Մասնագետի հետ հաշվում ենք Մարսում մարդուն անհրաժեշտ սննդի 1 ամսվա պաշարը։  

«Եթե 1 օրվանը հաշվենք 300 գրամ, 1 ամիսը կդառնա մոտ 10 կգ։ Մենք պատահում է, որ 1 օրում ուտում ենք մինչև 4 կգ մթերք»։

Հովհաննես Ավագյանը պատմում է՝ Արմաշի կայանում մեկուսացողների թվում կան բուսակերներ, նրանք սովոր են «այլընտրանքային սնունդ» ընդունելուն։ Գուցե ապագայում Մարսի վրա երկար դիմանալու մեծ շանսեր ունեն հենց բուսակերները հարցին, պատասխանում է․

«Միգուցե, որովհետև սպիտակուցներ կարելի է ստանալ նաև բուսական ծագում ունեցող աղբյուրներից, օրինակ՝ սոյայից։ Իսկ դրա աճեցման համար կան որոշակի նանոտեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ այն կարելի է աճեցնել 1-2 օրվա ընթացքում»։

Ծրագրի սննդաբանի կանխատեսմամբ՝ մարդը Մարս կհասնի 10 տարի անց․ այժմ այնտեղ ռոբոտներ են ուղարկում, հետո կանցնեն մարդկանց։ Զրուցակիցս թվարկում է, թե ովքեր, իր կարծիքով, կլինեն առաջին մարսագնացները։

 «Էնտուզիաստները, քչակերները և նրանք, ովքեր հոգնել են Երկիր մոլորակից»։

Կենսաբանական գիտությունների թեկնածուն ենթադրում է՝ եթե այսօրվա հաշվարկներով Մարսում էնտուզիաստները կարող են «ողջ մնալ» 1-2 ամիս, 5 տարի անց տեխնոլոգիաների զարգացումը նրանց համար կապահովի 2-3 տարի գոյատևելու հնարավորություն։

Մարսի կայան կառուցելու լուրն ամիսներ առաջ կատակ են համարել Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները։ Մտածել են «Մարսը ո՜ւր, մենք ուր», իսկ այժմ դպրոց են հաճախում տիեզերական կայանի հարևանությամբ։ Դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս-աստղագետ Նվարդ Սիմոնյանը հարազատ շիկակարմիր ժայռերի մասին ասում է․

«Երբևէ չենք մտածել, որ կարող են այդպես նշանավոր դառնալ, բայց այժմ գիտահետազոտական մեծ գործընթաց է կազմակերպվում։ Լուսնից բացի ուրիշ ոչ մի երկնային օբյեկտի վրա մարդը դեռ ոտք չի դրել։ Մարս են գնացել մարսագնացներ, բևեռագլխարկների տակ ջրային սառույց են հայտնաբերել, և դա հույս է ներշնչում, որ Մարսը կարող է նման լինել Երկրին»։

Ծրագիրը հյուրընկալող համայնքի ներկայացուցիչներից հետաքրքվում եմ՝ ինչպե՞ս են տեղանքն անվանում արմաշցիները։

«Տեղանքը շատ հնում կոչվել է Աստղիկ, հետո ժամանակի ընթացքում անվանումը հնչյունափոխության է ենթարկվել, և հիմա անվանում են Ասնի»։

Տեղացիները հպարտանում են՝ ունեն ուրարտական շրջանի բացառիկ հնավայր, նույն շրջանին է թվագրվում նաև Աստղիկ-Ասնիի ջրամբարը։

Արմաշի գիտափորձերը մարդկությանը ևս մեկ քայլով կմոտեցնեն Կարմիր մոլորակին՝ ասում է Ավստրաիական տիեզերական ֆորումի ղեկավար Գերնոթ Գրոմերը։ Նա 2023թ.-ի մեր զրույցում, հաշվի առնելով տիեզերական տեխնոլոգիաների առաջընթացը, նշել էր՝ Մարս մոլորակի վրա «առաջին ոտք դնողն» արդեն ծնվել է, հնարավոր է նա դպրոց է հաճախում Երևանում, Պեկինում կամ Նյու Յորքում։

1 տարի անց դոկտոր Գրոմերին հարցնում եմ՝ կանխատեսումներում փոխություններ կա՞ն։ Կատակում է՝ Մարսի վրա «ոտք դնել» պատրաստվողը տեղափոխվել է հաջորդ դասարան։

Աստղակենսաբանը մատնացույց է անում ապարային ուշագրավ նստվածքներն ու շերտերը։

«Սրանք լավայի շարժի արդյունք են, նույնը տեսնում ենք նաև Մարսից ստացված լուսանկարներում։ Այս տարածաշրջանում Մարսի երկրաբանական երկվորյակ տեղանքներ էլի կան: Դրանք տարածված են մի քանի վայրերում: Այստեղ գտել ենք նաև Մարսի Վիկտորիա խառնարանի նմանօրինակը։ Այն Մարսի վրա մարսագնացներից մեկի վայրէջքի հասցեն է։ Այնտեղ դժվար է եղել այդ սարքի, այստեղ էլ՝ մեր սարքի համար, քանի որ բավական զառիթափ տեղանք է։ Այստեղ նույնիսկ առավել դժվար է, քանի որ Մարսն ավելի քիչ ձգողականություն ունի, և մարսագնացն այնտեղ ավելի հեշտ է շարժվել»։

Գերնոթ Գրոմերն ասում է՝ եթե մարսագնաց սարքերն Արմաշում գոյատևեն 1 ամիս, կնշանակի, որ դրանք Մարսի մակերևույթին շարժվելու շանսեր կունենան:

Տարածաշրջանում Մարսի անալոգային առաքելության հայկական կայանը տեսակով եզակի է։  Հայաստանում AMADEE 24-ի նախաձեռնող և կազմակերպիչ Հայկ Ասլանյանը նկատում է՝ տիեզերքն անծայրածիր է, ուստի մրցակցության բոլոր ձևերն էլ հնարավորություն կտան կառավարել դրան առնչվող գիտական քաոսը։

«Տիեզերական բնագավառում ամենակարևորը մարդկային ռեսուրսներն են, այդ առումով կարծում եմ մենք մրցակցային առավելություն ունենք աշխարհում։ Երկարաժամկետ հեռանկարի՝ մոտ 200 տարվա մասին եթե խոսենք, կոնկրետ իմ կողմից անկալվող արդյունքն է, որ տիեզերական գերակայություն ունենանք մեր տեխնոլոգիաներով և մասնագետներով»։

Ծրագրի նախաձեռնողի խոսքով՝  AMADEE 24-ը հյուրընկալելու մրցութային փուլը հաղթահարել են՝ հայ գիտնականների ձեռբերումները ներկայացնելով։ Հետո պատվիրակությունը ժամանել է Հայաստան ու փնտրել տեղակայման վայր։

 «Տիեզերական նկարների միջոցով նախապես 7 տեղանք է ընտրվել, որ լինի կարմիր գույնի, հրաբխային ծագման։ /Առաջինը հենց էստեղ ցույց տվեցի՞ք,-հեղինակ/։ Ոչ, իրականում սա վերջինն էր։ Սկսել ենք Երևանի շրջակայքից, հետո քիչ-քիչ հեռացել դեպի տարբեր մարզեր։ Ինչպես Գերնոթ Գրոմերն էր ասում, էնպիսի տեղեր էինք գնում, որ ամեն անգամ  «մեքենան 2 կտորով էինք հետ բերում»։ Բայց ի վերջո գտանք»։

Հայկ Ասլանյանի խոսքով՝ վայրը ծրագրի ներկայացուցիչներին զարմացրել է ոչ միայն Կարմիր մոլորակի հետ նմանությամբ, այլև անկրկնելի տեսարաններով․ Արմաշում մայրամուտն ամեն օր տարբեր է։

Ապրիլի 5-ին, երբ տիեզերագնացները դուրս գան մեկուսացումից, «Մարս կայանի» երկվորյակ «Արմաշ կայանի» համար կսկսվի կյանքի հաջորդ փուլը։ Դրանում կգործեն տիեզերական հանդերձանքի մշակման, ռոբոտաշինության և տարբեր հետազոտությունների լաբորատորիաներ։

AMADEE 24-ի հայկական կողմի ղեկավար Գայանե Հակոբյանը պատմում է՝ կայանը կօգնի նաև Հայաստանում զարգացնել տիեզերական զբոսաշրջությունը։

«Հայաստանում տիեզերագնացների և տիեզերական տնտեսության սովետական ժառանգության մասին պատմելու շատ հետաքրքիր փաստեր կան։ Ավելացնելով այս ամենը՝ կարող ենք «սփեյս տուրիզմի» համար շատ լավ հիմք ստեղծել»։

2025թ.-ի սեպտեմբերին հայկական կայանը կմասնակցի Գլոբալ Անալոգին։ Ծրագիրը միաժամանակ կմեկնարկի աշխարհի 15 կետերում և 300 անալոգ տիեզերագնացներ կաշխատեն 1 ընդհանուր առաքելության շուրջ։

«Շատ հետաքրքիր ծրագիր է։ Այն ենթադրում է ոչ միայն մարսյան, այլև միջմոլորակային սիմուլյացիաներ, որոնք կլինեն նաև ջրի տակ, հրաբխային հատվածներում»։

Մինչև այդ Արմաշում կիրականացնի թվով 8 գիտափորձ՝ տիեզերագնացի հոգեբանության ուսումնասիրությունից մինչև արտամոլորակային ուղղահայաց գյուղատնտեսություն։ Հենց դրանց արդյունքներով Հայաստանի դրոշով կներկայանանք Գլոբալ Անալոգ 2025-ին։

Այժմ տիեզերքի մոտակա հատվածում գտնվող Հայաստանին պատկանող 2 սարքերից մեկը Հայասաթ-1 արբանյակն է։ Դրա նախագծող թիմից երիտասարդ գիտնական Մարատ Հայրապետյանը 4 տարի աշխատել է Ռուսաստանի աերոտիեզերական հպարտություն «Ռոսկոսմոսում»։

«Երբ սկսեցի ուսումնասիրել, ինձ ապշեցրեց այն փաստը, թե որքան մեծ է Հայաստանում տիեզերական ժառանգությունը։ Խորհրդային աստղաֆիզիկայի մի մեծ աստղաբույլ եղել է այստեղից։ Բոլորը գիտեն Վիկտոր Համաբարձումյանին։  Բազմաթիվ սարքեր, որոնք խորհրդային տարիներին ուղարկվել են տիեզերք, նախագծել են հենց հայերը։ Աշխարհի առաջին լուսնագնացի և առաջին մարսագնացի ստեղծողն էլ Ալեքսանդր Քեմուրջյանն է»։

Ինժեները 2024թ.-ի անալոգային առաքելությունը միջազգային խոշոր ասպարեզ «ցատկի» հիասքանչ հնարավորություն է համարում Հայաստանի համար։

«Մարդկությունն  այժմ ակտիվորեն պատրաստվում է դեպի Մարս թռիչքին։ Թվում է, որ այն մոտ ապագայի հարց չէ, բայց արդեն 2035-2040 թթ.-ին մեծ է հավանականությունը, որ կլինեն առաջին փոխադրումները։ Դրան պետք է պատրաստվել,  հաճելի է, որ Հայաստանը դարձել է փորձարկման բազա»։

Հայկական արբանյակը նախագծող թիմի մասնակիցը հավատում է՝  այսօրվա որևէ հայ  հետազոտող 10-20 տարի անց կարող է ներգրավվել իրական մարսային առաքելությունում։

Արմաշ կայանի հարակից բարձունքին իր գործն է անում քամու գեներատորը։ Մարսում ջերմաստիճանային մեծ փոփոխություններ են նկատվում, քամիներ կան, ուստի գեներատորի կատարելագործված տարբերակը ապագայում մարսեցիներին կարող է էներգիայով ապահովել։

«Բազումք» լաբորատորիայի գեներատորի ստեղծմանը մասնակցել է նաև երիտասարդների խումբ։ Նրանք 2023թ․-ին Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից մեկնարկած «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողներն են։

Կրթական կառույցի ներկայացուցիչ Անդրանիկ Աղաջանյանն ասում է՝ գիտատար ոլորտը Հայաստանին կարող է թույլ տալ կշիռ ունենալ  գլոբալ մրցավազքում։

«Կոնկրետ մեր ուղղության դեպքում խոսքը գնում է ավիացիոն և տիեզերական տարբեր սարքավորումներում օգտագործվող տեխնոլոգիաների մշակման մասին, որը միշտ պահանջված է։ Կան ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի սարքաշինության տարբեր խնդիրներ, որոնցում հայերը բավականին փորձ ունեն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես շատ են նման կենտրոնները»։

Քամու գեներատորի, մյուս սարքերի ու երևույթների հետ կապված փորձերի արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 5-ին։ Այդ օրը տարբեր երկրներ ներկայացնող 6 անալոգ տիեզերագնացները կհանեն սկաֆանդրները և դուրս կգան մեկուսացումից։ Ցանկացողները կարող են մասնակցել կայանից  դուրս եկողներին դիմավորելու արարողությանը։ Մինչև այդ՝ տեղանքը բացի «մարսեցիներից» փակ կլինի բոլորի համար։

Back to top button