ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Բայդենը և Թրամփը հաղթեցին ներկուսակցական փրայմերիզներում

Անցնող շաբաթ ԱՄՆ-ն անցկացրեց նախագահական ընտրությունների առանցքային փուլը՝ ներկուսակցական փրայմերիզների «Սուպերերեքշաբթին»՝ որոշելու նախագահի թեկնածուներին։

Այսպիսով կարելի է ասել նոյեմբերին ԱՄՆ–ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական Դոնալ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը։

Հայաստանի Հանրային Ռադիոն ԱՄՆ–ի պետդեպարտամենտի հրավերով հնարավորություն է ունեցել տեղում հետևել ամերիկյան նախընտրական օրացույցի առանցքային ընտրությունների՝ «Սուպեր երեքշաբթիի» ընթացքին, հարցազրույցներ անել ընտրական համակարգի մասնագետների, պրոֆեսորների, ՀԿ–ների, հանրապետական և դեմոկրատ կուսակցությունների ներկայացուցիչների և ընդհանրապես ընտրողների հետ։

«Սուպերերեքշաբթին» ԱՄՆ–ում ներկուսակցական ընտրություններն են՝  միանգամից 15 նահանգներում և ամերիկյան Սամոա կղզում։ Այսօր արդեն ամփոփվող այդ ընտրությունների արդյունքները հավանական են դարձնում Բայդեն–Թրամփ ռևանշը նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններում։

Ընտրությունների ներկուսակցական փրայմերիզներում հիմնական ուշադրությունն ուղղված էր հանրապետականների վրա։ Նույն կուսակցությունից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը Նիկի Հեյլին էր՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը։ Վերջինս այսօր արդեն հայտարարում է՝ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից․

«Ժամանակն է դադարեցնել քարոզարշավը: Ես չեմ ափսոսում: Թեև ես այլևս թեկնածու չեմ լինելու, ես չեմ դադարի խոսել այն մասին, ինչին հավատում եմ»։

Հատկանշական է, որ Հեյլին իր կողմնակիցներին կոչ չի արել նախագահական ընտրություններում աջակցել իր կուսակից Թրամփին։

Թրամփը հաղթանակ է տանում հանրապետականների փրայմերիզներում գրեթե բոլոր նահանգներում, այդ թվում Հյուսիասային Կարոլինայում, որը համարվում է այսպես ասած տատանվող, անկանխատեսելի։

Այստեղ իր ընտրությունը կատարելով՝ Չառլզ Փրթնին, որ մշտապես հանրապետականների կողմանկից է եղել, «Ռադիոլուրին» պատմում է․

Չառլզ Փրթնի

«Խնդիրն այստեղ այն է, որ նրանք՝ և Թրամփը, և Բայդենը կորցրել են իմ՝ որպես ընտրողի հետ կապը։ Հարգելով նրանց տարիքը, պետք է ընդգծել,  իսկապես արդեն մոռացել են այն խնդիրները, որոնք ես, բոլորս ունենք, որպես քաղաքացի ու ընտրող։ Թրամփը խելացի էր, երբ նոր եկավ կառավարելու․ խոստացավ մաքրել ճահիճը, շատ բան արեց, սակայն դա բավարար չէ, իսկ Բայդենը շատ ծեր է։ Այդ պատճառով նոր արյուն է պետք․․․»։

Իսկ երիտասարդներն այստեղ ավելի շատ դեմոկրատների կողմնակիցն են։

«Ես կարծում եմ իմ տարեկիցներն ԱՄՆ–ում հիմնականում դեմոկրատներին են համակրում։ Այսօր ամերիկյան քաղաքականությունում խնդիրները բազմազան են, ներքին ու արտաքին քաղաքական գորոծոններ կան՝ Իսրայել–Պաղեստին հարցից մինչև տնտեսություն։ Կարծում եմ՝ դեմոկրատներն են այդ հարցերը լուծելու», – ասում է Հյուսիսային Կարոլինայի Ռալե քաղաքի համալսարաններից մեկի ուսանող Դեյվիդը։ 

Հյուսիսային Կարոլինայում ընտրություններից առաջ քարոզարշավներում կարևորվում են ներքին խնդիրները՝ կրթական հարցեր, շրջակա միջավայր, հանրային անվտանգություն։

Ընտրական հարցերով փորձագետ Էն Վեբ (Հյուսիսային Կարոլինա)

Նահանգի ընտրական հարցերով փորձագետ Էն Վեբը ասում է, որ նախորդ ընտրությունները կասկածի տակ դնող կարծիքներն էականորեն ազդել են հանրության վրա, փորձել խարխլել ամերիկյան ժողովրդավարությունը, սակայն, նահանգում վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների մեծ մասը հավատում է ԱՄՆ–ի ընտրությունների հավաստիությանը․ 

«Հարցված ընտրողների միայն փոքր մասն է մեր տեղական ընտրություններում խնդրահարույց հարցեր տեսնում։ Այստեղ նահանգային մակարդակով աշխատում են ընտրությունները սահուն անցկացնելու նպատակով»։

Ներկուսակցական փրայմերիզները կշարունակվեն մինչև սեպտեմբեր՝ ընդգրկելով ԱՄՆ–ի բոլոր նահանգները։ Այնուհետև կսկսեն թեկնածուների դեբատները։ Նախագահական ընտրությունների համապետական ​​քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Back to top button