ԿարևորՔաղաքական

Հովիկ Աբրահամյանը համոզված է՝ իր կառավարությունը հաջողելու է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր շարունակել է կառավարության ծրագրի քննարկումը: Հովիկ Աբրահամյանը մի քանի տասնյակ  հարցերի է պատասխանել , ապա պատգամավորներն անցել են մտքերի փոխանակությանը: Խմբակցություններն իրենց վերջնական  դիրքորոշումները կհայտնեն վաղը, թեև  ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ կառավարության ծրագիրը չեն պաշտպանելու, ԲՀԿ-ն խոստացել է իր որոշումը ներկայացնել վաղը, դե իսկ խորհրդարանական մեծամասնությունը լիարժեք հավանություն է տալիս կառավարության ծրագրին։ Իսկ նիստերի դահլիճում քննարկումներն այսօր  թեմատիկ լայն շրջանակ են ունեցել՝ կառավարության անդամների ձեռնարկատիրական գործունեությունից,  ունեցվածքից ու ստվերից  մինչև  քաղաքական  հանդուրժողականություն։

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հնչեցրած այն միտքը, թե հայաստանյան պայմաններում ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ վերապահելն իրագործելի չէ: Միգուցե նման գաղափարն աշխատի կայացած կուսակցական համակարգով երկրներում, ասել էր Հովիկ Աբրահամյանը։ «Ստացվում է, որ միակ կայացած քաղաքական ուժը Հանրապետականն է, և բոլոր վերահսկողական լծակներն ու կառույցները պետք է տրվեն  հենց ՀՀԿ-ին»,- ասում է «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Ինչպե՞ս եք չափել կուսակցությունների կայացածության աստիճանը՝ Հովիկ Աբրահամյանին հարցրեց  պատգամավորը։ «Մենք չենք որոշել, ժողովուրդն է որոշել 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ինչքան էլ Ձեզ համար հաճելի լինի կամ չլինի, դա է իրականությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Թեման շարունակեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: «Երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, Դուք որպես ԱԺ նախագահ դեմ չէիք ընդդիմությանը վերահսկողական գործառույթ տալուն»,- ասաց Հեղինե Բիշարյանը։ «Տիկին Բիշարյան, կներեք, բայց ես չեմ հիշում, որ ասած լինեմ, թե պատրաստ ենք վերահսկողական պաշտոններ տալ ընդդիմությանը: Ես նման բան չեմ ասել»,- պատասխանեց վարչապետը։

Բայց քաղաքական ուժերի հետ համագործակցելու  կամ այդ ցանկությունն ունենալու մասին Հովիկ Աբրահամյանը բազմիցս է խոսել ու թեզը կրկնեց այսօր էլ: «Ես պատրաստ եմ լինելու քննարկել յուրաքանչյուր հարց, ընդունել ցանկացած ողջամիտ քննադատություն, սխալների դեպքում ՝ նաև ներողություն խնդրել: Ամեն դեպքում՝ ինչպես տեսնում եք, միշտ քայլեր եմ անում բոլորի հետ հավասար աշխատելու»։

Երկու պնդումների մեջ հակասություն գտավ դաշնակցական  Արծվիկ Մինասյանը. «Ինչպե՞ս եք առաջ մղելու քաղաքական հանդուրժողականությունն ու համերշախությունը՝ մերժելով ընդդիմությանը կառավարման համակարգում ներգրավելու առաջարկը»: «Համագործակցելու առաջարկ քաղաքական մեծամասնությունն  ընդդիմությանը միշտ արել է, նաև այս կառավարության ձևավորման ժամանակ կոալիցիա կազմելու  առաջարկի տեսքով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանը  կարծում է, որ 2014-ից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ լինել, քանի որ ընթացիկ տարվա բյուջեի  ֆինանսական սահմաններն արդեն գծված են: Ավելին՝ նա ռիսկային  է համարում բյուջեի եկամուտներն այս տարվա ընթացքում  100 մլրդ դրամով ավելացնելու  ծրագիրը:  Միջոցը տնտեսության ստվերային հատվածը հարկային դաշտ բերելն է։ «Բոլորս արձանագրում ենք, չէ՞, որ կա ստվեր: Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ այն շատ է: Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 տոկոս է։ Ամեն դեպքում՝մենք տեսնում ենք, որ ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն կա: Որքան հնարավոր է, մենք փորձելուենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու  լծակները»։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է վարչապետը շեշտադրում, որ սկսելու է իր մերձավորներից, Հովիկ Աբրահամյանը Սինգապուրի վարչապետի օրինակը բերեց: «Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք. երբ նրան հարց էին տվել, թե ինչպես արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք, պատասխանել էր, որ ինքը սկսել է իր մերձավորներից, ընկերներից: Ես նկատի ունեմ, որ նաև մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինը իրենք են պարտավոր իրենց աշխատանքի ընթացքում թույլ չտալ որևէ խախտում, հարկային դաշտ գան բոլորը: Ես շատ հստակ եմ ասել, պետք չէ, որևէ տողատակ փնտրել»։

Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ այս կառավարությունը հաջողելու  է: Թե ինչ է են կարծում խորհրդարանական ուժերը, պարզ կդառնա վաղը: Խմբակցություններն իրենց վերջնական  դիրքորոշումները կհայտնեն վաղը:

 

Back to top button