ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանրային քննարկում Արմավիրում մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ

Արմավիր համայնքում այս տարի առաջին անգամ ներդրվելու է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որտեղ բնակիչներն անմիջականորեն կմասնակցեն համայնքի խնդիրների լուծմանը: Այդ նպատակով քաղաքացիները առաջնահերթ լուծում պահանջող 5 առաջարկ են ներկայացրել, որից 4-ն է վերաբերել տեղական ինքնակառավարմանն ու դրվել է հանրային քննարկման: Առաջարկները կընդունվեն առցանց քվեարկությամբ, կընդգրկվեն սուբվենցիոն ծրագրերում և կիրագործվեն նույն հաշվետու տարում:

Փետրվարի 22-ից մինչև մարտի 15-ը Արմավիր համայնքի բնակիչները համայնքապետարանի էլեկտրոնային կայքում առցանց քվերակությամբ կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին: Մասնակցային բյուջետավորմանն ուղղված հանրային քննարկմանը ներկայացվել էր 4 առաջարկություն, որից երկուսը՝ Արմավիր քաղաքում, մյուս երկուսը՝ Լենուղի և Մյասնիկյան գյուղերում: Լենուղու բնակիչ Հրաչյա Ներսիսյանն առաջարկել է մասնակի վերանորոգել գյուղապետարանի շենքը.

 «Կա մի պարզ ճշմարտություն. տան տիրոջը գնահատում են մուտքից, եթե գյուղապետարանի շենքն ավերված է, նշանակում է այդ գյուղում ոչ մի աշխատանք չի իրականացվում: Շենքը կառուցվել է 1972-73թթ-ին, որից հետո այդտեղ վերանորոգման ոչ մի աշխատանքներ չեն իրականացվել՝ փայտե դուռ ու պատուհաններ են: Պատուհանների փեղկերը դեֆորմացվել են և բացել-փակելուց կոտրվում են»:

Բացի պատուհանների ու դռների վերանորոգումից, նախատեսվել է փոխել նաև գյուղապետարանի տանիքը: Նախնական հաշվարկներով ծախսը կազմում է 10 մլն դրամ: Երկրորդ առաջարկությունը Մյասնիկյան գյուղի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգումն է ու մանկական խաղահրապարակի տեղադրումը՝ 15 մլն դրամ նախնական արժեքով: Մասնակցային բյուջետավորմամբ իրականացվող ծրագրերի վրա համայնքային բյուջեից ավելի քիչ գումար է ծախսվելու, քան պետական բյուջեից, ասում է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը.

«Ծրագրի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 147 մլն դրամի, որից 120 մլն 968 հազար դրամը կարող է տրամադրել պետությունը, իսկ 24 մլն 193 հազար դրամը՝ համայնքը: Կախված է ծրագրերի արժեքից և մրցույթի շահած գնից»:

Արմավիրում հանրային քննարկմանը հետևում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության աշախատակիցներ, ինչպես նաև ռուս փորձագետներ՝ առցանց էլեկտրոնային հարթակի միջոցով:

ՏԿԵՆ համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյան.

«Այս տարի կառավարությունը 4 մարզերում ներդրեց բյուջետավորման գործընթացը, պետական բյուջեից հատկացվել է 500-ական մլն. դրամ, որը որոշակի մասնաբաժիններով բաշխվեց 4 համայնքների միջև: Համայնքներն իրենց հերթին ունեն համաֆինանսավորման իրենց կտորը՝ առնվազն 20 տոկոս: Մասնակցային գործընթացի գաղափարախոսությունն այն է, որ համայնքի բնակիչներն առավել տեղյակ լինելով համայնքի արդիական խնդիրներին՝ բարձրաձայնելով կենսագործման հնարավորութուն են ստեղծում»:

Բնակիչների ներկայացրած առաջարկները պետք է ներառեն միայն ՏԻՄ ոլորտը և ծախսերը չգերազանցեն սահմանված չափը: Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի անդամ Թամարա Շառոյանը ներկայացնում է Արմավիր քաղաքի բարեկարգման առաջարկնները.

«Հանգստի վայր քաղաքի սրտում՝ Արմավիրի համայնքապետարանի և թիվ 1 մշակութի տան միջև գտնվող տարածքում: Ժամանակակից լուծումներով այգու կառուցման առաջարկությունը նախաձեռնող խմբի անունից ներկայացրել է Գայանե Հարոյանը: Բնակիչն առաջարկել է, որ ունենան կանաչապատ հատվածով այգի, որն ունենա ճեմուղի, խաղաղություն կամ մանկություն բնութագրող արձաններ, միջավայրին հարմարեցված լինեն նաև օվալաձև կամ օղակաձև ամֆիթատրոն՝ մոտ 200 նստարանով»:

Նախատեսել են կառուցել հատակային շատրվան՝ երեխաների համար ստեղծելով խաղային միջավայր,տեղադրվելու են խաղեր, անցկացվելու է ոռոգման ցանց: Ներկայացված առաջարկը մեծ ծախսեր է պահանջում՝ շուրջ 130 մլն դրամ: Հաջորդն ուղղված է քաղաքի ծայրամասային անբարեկարգ փողոցներից մեկի հիմնանորոգմանը:

 «Առաջարկվել է Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի ասֆալտապատում, փողոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, որն ազդում է բնակիչների կյանքի որակի, ռեսուրսների հասանելիության, առողջության վրա: Առաջարկվում է հնարավորության սահմաններում հիմնանորոգել՝ ինչքան հնարավոր է»:     

Հետևելով հանրային քննարկմանը, ռուս փորձագետները նշեցին, որ մասնակցային բյուջետավորման գործընթացը լայն կիրառում ունի աշխարհում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցելու բյուջեի կառավարմանն ու նպաստելու համայնքի բարեկարգմանը: Սա նաև մրցակցություն է ստեղծում համայնքներում՝ բնակիչների առաջարկություններն իրագործելու առումով: Մասնակցային բյուջետավորում կատարվում է 9 փուլով և ավարտվում է նույն հաշվետու տարում:

Back to top button