ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պոնտոսցի հույների ժառանգները Հայաստանում նշեցին հունարենի օրը

2018թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հունաստանի կառավարության որոշմամբ փետրվարին նշվում է «հունարենի համաշխարհային օրը»։ Օրն ընտրվել է ի հիշատակ հույն բանաստեղծ Դիոնիսոս Սոլոմոսի, որը Հունաստանի Հանրապետության օրհներգի տեքստի հեղինակն է։ Հունարենը բանաստեղծի առաջին լեզուն չէր, նա ծագումով Արևմտյան Հունաստանից էր, որտեղ տարածված լեզուն իտալերենն էր։ Սոլոմոսը ավագ տարիքում է սովորել մայրենին և այնքան է կատարելագործվել, որ գրել է հիմնի բառերը։

Հունարենը 2-րդ լեզու է նաև Հայաստանի հունական ծագմամբ քաղաքացիների համար։ Նրանք հիմնականում 1780-ական թվականներին հանքագործությունը զարգացնելու համար Հերակլ II թագավորի կողմից Հայաստան բերված հույների ժառանգներն են։ Հանքագործները պոնտոսցի հույներն էին, ուստի ստացվում է, որ Երևանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինե Ռաֆաելովայի համար արդի հունարենը մայրենի միայն 3-րդ լեզուն է՝ հայերենից և պոնտոսյան հունարենից հետո։

«Տեղի հույն բնակիչները՝ Պոնտոսի հույները խոսել են Պոնտոսի բարբառով և այդ բարբառը զարգացել է բուն հունարենից առանձին՝ հին հունարենի հիմքի վրա»։
Հայ-հունական արմատներով զրուցակիցս պատմում է՝ պոնտոսցի հույների և հայերի միջև ամուսնություններն ընդունված են եղել, և այսօր Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը հենց նրանց ժառանգներն են։



«Երբ 90-ականներին Հայաստանից եղավ մեծ արտագաղթ, դա ազդեց նաև հույն համայնքի վրա։ Շատ մեծ թվով հույներ ծրագրով տեղափոխվեցին Հունաստան։ Վիճակագրություն չկա, քանի որ Սովետական Միության ժամանակ որպես ազգային փոքրամասնություններ հաշվարկված չեն եղել։ Բայց, իրականում 90-ականներին դատարկվել են գյուղեր։ Այդ թվում Մադան գյուղը, Հանքավան գյուղը։ Այսօր կարելի է հատուկենտ հույներ հաշվել, որոնք Մադանում են ապրում։ Իհարկե դա ուներ պատճառահետևանքային կապ՝ տնտեսության անկման պատճառով հանքերն այլևս քիչ էին շահագործվում»։

Հունական համայնքի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի վարիչն է։ Հունարենն իր ղեկավարած ամբիոնի լեզուների թվում չէ, բայց հարազատ ԲՈՒՀ-ում այն դասավանդվում է եվրոպական լեզուների շրջանակում։

«Հունարեն դասավանդվում է նաև Երևանի պետական համալսարանում՝ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանակներում։ Ունենք հայ-հունական քոլեջ, որն ավելի շատ մասնագիտացած է զբոսաշրջության, սերվիսի, սննդի պատրաստման մասնագիտությունների ուղղությամբ, բայց այնտեղ էլ դասավանդվում է։

Հունարեն դասավանդվում է նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում, քանզի ունենք միջպետական պայամանագիր Հունաստանում գործող ՆԱՏՕ-ի դպրոցների հետ, և կարծես թե ամեն տարի 6-8 ուսանող այդ ռազմական դպրոցից մեկնում են Հունաստան, սպայի կոչում են ստանում, սովորում են մինչև մագիստրատուրա ավարտելը և վերադառնում»։

Պետական մակարդակով Հունաստանի կողմից կա՞ն ծրագրեր, որպեսզի «հայահույն» համայնքի հետ կապը պահպանվի՝ հարցնում եմ զրուցակցիս։

«Մինչև 2000-ականների սկիզբը Հունաստանի պետության կողմից կազմակերպվում էին ամառային ճամբարներ, և մեծ թվով երեխաներ մեկնում էին այնտեղ։ Վաղուց չենք ունեցել ճամբար, բայց, անցյալ տարի դեսպանատան հովանավորությամբ 30 երեխա եղան Հունաստանում։ 3 խումբ մեկնեց՝ 10-ական երեխա։ Դեսպանատունը կարողացավ այնպիսի ժամանակ ընտրել, որ ազգային տոների հետ էր կապված։

Առաջինը՝ «Օհիի օրն» էր, երբ ֆաշիստներ պահանջում են Հունաստանից ընդունել իրենց գերիշխանությունը և հույները «ոչ» են ասում նրանց, «օհի» նշանակում է «ոչ», տոնվում է հոկտեմբերի 28-ին։ Հաջորդը մեծ կրոնական տոն էր՝ Քրիստոսի ծնունդը, տոնվում է դեկտեմբերի 24-ին։ Հաջորդ խումբը, որ ես ինքս էի ուղեկցում նրանց, մարտի 25-ին էր՝ Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից անկախացման օրը»։

Հայաստանում հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան էլ պատմում է՝ ամեն տարի 2019թ.-ից սկսած, նշում են «հունարենի համաշխարհային օրը»։ Նախորդ տարիներին հասցրել են անդրադառնալ հայ-հունական մշակութային առնչություններին, իսկ այս տարի շեշտը կդնեն հունարենի ուսուցման զարգացման վրա։

«Տասնյակ տարիներ Հայաստանում հունարեն է ուսուցանվում, բայց այս տարին տարբերվում է նրանով, որ ուսուցանում են Հունաստանից ժամանած հունախոս դասախոսներ։ Դա դեսպանատան և հունական համայնքների միության նախաձեռնությամբ է, որովհետև մեր կազմակերպությունը ճանաչված է որպես «հունարենի բաժին», ինչն էլ մեզ հնարավորություն է տվել դասախոսներ հրավիրել։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ լավ մակարդակի է հասել հունարենի դասավանդումը։ Սկսել են հունարեն սովորել մարդիկ, ովքեր հունական արմատներ չունեն։ Բացի այդ, առանձին դասընթացներին մասնակցում են նաև դիվանագիտական գործունեություն ծավալող մարդկանց երեխաները»։



Մեր երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Հայաստան է ժամանել 2023թ.-ի դեկտեմբերի 15-ին, պատմում է՝ հունական համայքնին ծանոթանալու համար պետք է շրջի մարզերով, ինչը դեռևս չի հասցրել անել։

«Շատ ծրագրեր կան։ Դրանցից մեկը, որ շուտով կլինի, Հայաստանի վարչապետի այցն է Հունաստան։ Ինչպես նաև կունենանք համագործակցային ծրագրեր արտաքին գործերի նախարարությունների միջև և տնտեսական հարցերով համագործակցություններ»։

Դեսպանը շեշտում է՝ անկախ նրանից՝ ինչպիսի գործակցություն է 2 պետությունների միջև, հայ և հույն ժողովուրդներն ունեն բարիդրացիական հարաբերություններ և միմյանց հանդեպ մեծ սիրով են լցված։ Հենց դա է օգնում բարձրաստիճան այրերին խորացնել երկկողմ համագործակցությունը։

Back to top button