ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Կոմիտասի Պոլսի աշխատասենյակը՝ VR ակնոցներով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Պատասխանատուների կարծիքով՝ սա տարբեր գերատեսչությունների երկարատև աշխատանքի արդյունք է։ Թանգարան-ինստիտուտի այցելուներն այսօրվանից նոր  հնարավորություն ունեն՝ տեխնոլոգիաների միջոցով կարող են հայտնվել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակում, տեսնել նրա ռոյալն ու անձնական իրերը։

Հենրիկ Սարգսյանն արդեն 65 տարի Բյուրականի աստղադիտարանի  առաջատարն ինժիներն է։ Այսօր եկել էր Կոմիտասի անվան տուն թանգարան, պատմելու Կոմիտասի տան  այն մանրակերտի մասին, որի հեղինակն իր վարպետն էր՝ Կոմիտասի աշակերտ Արամ Աստվածատրյանը։

«Այն մակետը, որի մոտ մենք գտնվում ենք, պատրաստվել է 1968 թ-ին իմ վարպետի՝ Արամ Աստվածատրյանի կողմից։ Իմ վարպետը եղել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբի սանը ու անձամբ է ճանաչել Կոմիտասին»

Կոմիտասի 100-ամյակին  ընդառաջ վարպետ Արամը պատրաստում է Կոմիտասի տան մակետը՝ դրա մի հատվածում տեղադրելով նաև վարդապետի նկարը։ Վարպետ Արամն իր աշակերտին միշտ պատմել է Կոմիտասի ու նրա մարդկային բացառիկ որակների մասին։

«Այս նկարն անձամբ ինքը Կոմիտասին իր  տան մեջ  պատշգամբում նկարել է։ Ինքն է ինձ պատմել՝ ասելով, որ երկու օրինակ նվիրեցի Կոմիտասին, ու նախքան նկարելը չի զգուշացրել։ Հետո Կոմիտասը տեսել ու ասել է՝ Մողեսիկ»։

Երբ Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտը հասնում է թանգարան, աշխատակիցներն իրենց առջև  երկու խնդիր են դնում՝ նախ որտեղ, ապա ինչպես ցուցադրել մակետը։

Թանգարանագետ Մարինե Հարոյան. «Ես սովետական շրջան անցած եմ ու հիշում եմ, որ թանգարաններում կային մակետներ ու ամեն անգամ երբ նայում էի այդ մակետներին ուզում էի  նրանց  մեջ հայտնվել։ Եվ ահա  այս նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս  հայտնվել այդ մակետների մեջ։

Այսօր թանգարան-ինստիտուտի սրահում գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR  ցուցադրությունը։

«Դուք Կոմիտասի աշխատասենյակում եք, որտեղ նա ապրել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ընկերակցությամբ»:

Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակում հայտնվելու համար պետք է միայն VR ակնոցով լինել։ Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակում Կոմիտասի ռոյալն է, ֆիսհարմոնը և անձնական այլ իրար։ Վիրտուալ շրջայցն ուղեկցվում է Կոմիտասի մասին տեղեկատվական նյութերով։

«Կոմիտասի դաշնամուրը նվեր էր հայտնի նավթարդյունաբերող և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանից, որը հովանավորել էր նաև նրա կրթությունը»։

Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն  որոշմամբ  գրանցվել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Այս    իրադարձություննը  համընկել է թանգարանի  հիմնադրման 9-ամյակի հետ՝ ասում է Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի,  ԿԳՄՍ նախարարության  և ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի և համագործակցության շնորհիվ»,-ասաց Կոստանդյանը:

Նմանատիպ գործընթացները պահանջում են տևական  և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ՝ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հուսով եմ, որ սա կլինի լավ առիթ, որպեսզի մենք ինքներս ևս մեկ անգամ վերաարժևորենք և իմաստավորենք այն ժառանգությունը, որ ունենք»,-ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյան. «Ուզում եմ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների, գրադարանների և արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պահպանմանն ու տարածմանը»,-նշեց Վահան Կոստանյանը:

Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

Back to top button