ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փոխվելու է միայն «Պատմություն» առարկայի անունը, իսկ բովանդակությունն արդեն փոխվել է. փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»։ Նախարարության այս նախագծին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությամբ ավելի հստակ կդառնա առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։ Մասնագետները ոչ միայն այդ կարծիքին չեն, այլև առաջարկվող փոփոխության մեջ վտանգներ են տեսնում։

Կառավարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Նախագիծն արդեն տեղադրված է e-draft հարթակում: Որպես հիմնավորում նշվում է, որ այդպիսով ավելի հստակ կդառնա առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։ Մասնագետները, սակայն, հիշեցնում են` Խորենացու «Հայոց պատմությունը» ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին է, այլև հայկական պետականության, թագավորությունների։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանի կարծիքով՝ այս որոշման հիմքում որոշակի թյուրըմբռնում կա, որովհետև դեռ հնագույն ժամանակներից մեր լեզվամտածողության մեջ «հայոցը» հենց այդպես էլ ընկալվել է։

«Մամուլում քննարկվում և քննադատվում է, ինչը տեղին է։ Հայոց պատմությունն իր մեջ ներառում է թե Հայաստանի և թե հայության պատմությունը։ Նաև տարրական գրագիտության հարց է։ «Հայոց» բառը «հայք» բառի գրաբարյան սեռական հոլովման ձևն է։ Եվ այն մեկնաբանությունը, թե շեշտադրվում է պետականությունը, խիստ արհեստական է։ Իսկ ո՞վ ասեց, որ հայոց պատմության դեպքում պետականությունը ժխտվել է»։

Օրերս Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ Թե ովքեր են առաջարկի հեղինակները, նույնիսկ մասնագիտական շրջանակում չգիտեն։ Նրանց անունները նաև պատմաբան Էդգար Հովհաննիսյանին են հետաքրքրում․

«Անկեղծ, շատ կուզենայի իմանալ այդ պատմաբանների անունները։ Որովհետև ինչպես պատմության դասագրքի դեպքում էր անհասկանալի, թե ինչ փորձաքննություն են անցել դասագրքերը, նաև հետաքրքիր է՝ ովքեր են այս առաջարկի հեղինակները։ Պատմաբանները մի փոքր համայնք է, որտեղ բոլորն իրար ճանաչում են, բայց արդեն 4 օր է քննարկվում է թեման, գոնե մեկ գրառում կամ հարցազրույց չեմ տեսել այդ պատմաբանների կողմից»։

Մինչ պատմաբանը կարծում է, որ արհեստական, ոչինչ չտվող, փոխարենը ձևավորված ավանդույթները չեղարկող մի գործընթացի ենք գնում, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նախագիծը հիմնավորում է միջազգային փորձով և ընդգծում. տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության առարկան կոչվում է այդ երկրի պատմություն։

«Շատ երկրներում ոչ թե ուսումնասիրում են ժողովրդի պատմությունը, այլ ուսումնասիրում են երկրի պատմությունը, որը իր մեջ ներառում է նաև ժողովրդի պատմությունը»։

Իրականում սա բառախաղ է, որը ոչ միայն կեղծ օրակարգ է ձևավորում, այլև կարող է վտանգավոր դառնալ, նկատում է պատմաբանը.

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի պատմության մասին, արդյո՞ք մենք չենք ուսումնասիրելու հայկական գաղթաշխարհը, Սփյուռքը։ Օրինակ՝ Հայաստանի անկախության վերականգնման գաղափարի առաջին ծիլերը հնդկահայ գաղութում ծնվեցին 18-րդ դարում։ Հիմա դա Հայաստանի՞ հայոց պատմություն է, թե գաղթաշխարհ է»։

Սկզբունքներն ու տերմինները պետք է մնան նույնը, և այս դեպքում ավելի լավ տերմին, քան «հայոց պատմությունն» է, չի կարող ստեղծվել, որը կընդգրկի թե Հայաստանի պատմությունը, թե հայ ժողովրդի պատմությունը, նկատում է Էդգար Հովհաննիսյանը։ Ավելին՝ ընդգծում է, որ հայկական պետականությունը տարբեր ժամանակներում տարբեր սահմաններ է ընդգրկել.

«Առաջին Հանրապետության ժամանակ այլ սահման էր ընդգրկում, Տիգրան Մեծի ժամանակ ՝ ավելի մեծ։ Եթե մենք ասում ենք Հայաստանի պատմություն, միայն այդ ժամանակն ընդգրկող պետական սահմանները ներառող միավորման պատմությու՞նն ենք դիտարկելու ուսումնասիրման նյութ , թե՞ այլ հարակից հարցեր ևս»։

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հավաստիացմամբ՝ փոխվելու է միայն անունը։ Իսկ բովանդակությունն արդեն փոխվել է։

«Առարկայի բովանդակությունն արդեն իսկ փոխվել է։ Իսկ առարկան այդպես անվանելու խոսակցություններ եղել են դեռևս չափորոշչի մշակման ժամանակահատվածում։ Բաց քանի որ նախորդ չափորոշչում գործել էր Հայոց պատմություն անվանումը, այդպես շարունակվել է նոր չափորոշչում ևս»։

Առարկայի անունը կմնա՞ նույնը, թե՞ կփոխվի, կառավարության որոշումից է կախված։ Իսկ e-draft հարթակում նախագծին այս պահին օգտատերերի 82 տոկոսը դեմ է քվեարկել:

Back to top button