ԿարևորՔաղաքական

Պեկին-Դելի-Թեհրան-Մոսկվա. ո՞րն է Երևանի տեղն այդ առանցքում

Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության 9-րդ անդամը։ Այդ մասին հայտարարվեց հուլիսի 4-ի գագաթնաժողովում: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ կազմակերպությանն անդամակցելը Իրանի համար նախադրյալներ կստեղծի անվտանգության, ինքնիշխանության ապահովման և տնտեսության կայուն զարգացման համար։ Դեռ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հուշագիր էր ստորագրվել կազմակերպությանն անդամակցության նպատակով Իրանի պարտավորությունների մասին։ Իսկ այս տարվա հունվարին Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել այդ հուշագրի մասին օրինագծին։ Պաշտոնական հայտարարություններին զուգահեռ փորձագիտական շրջանակները քննարկում են կազմակերպության ընդլայնման հեռանարկները, Արևմուտքի մտահոգությունները և դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի հետ անդամ երկրների համագործակցության ուղիները:

Նոր վախեր Արևմուտքի, համագործակցության նոր հեռանկարներ՝  Իրանի և ՌԴ -ի համար

Պեկինում գտնվող կազմակերպության քարտուղարությունում բարձրացվել է Իրանի դրոշը։ 2001 թվականին հիմնադրված կազմակերպությանը անդամակցում էին 6 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը։ Ակնկալվում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել 2024-ին կայանալիք հերթական գագաթնաժողովում։ Հայաստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի: Տնտեսական համագործակցության այս հարթակը, ինչպես արևմտյան վերլուծաբաններն են կանխատեսում, հնարավոր է վերածվի ռազմական դաշինքի:

Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը արևմուտքի անհանգստութունը տեղին է համարում: Ինչո՞ւ, քանի որ այսօր աշխարհի նոր վերաձևումը հիմնված է ոչ թե երկու գերտերությունների հարաբերությունների, այլ տարածաշրջանային երկրների ուժի տեսանելիության վրա․

«Այս համատեքստում Իրանի կշիռը շատ ավելի է մեծանում: Հաշվի առնենք նաև Չինաստանի փորձը երկու հակառակորդ երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցման հարցում, և Պեկին-Թեհրան 25-ամյա համգործակցության հուշագիրը հուշում էր այս մասին: Իսկ այս նոր անդամակցությամբ, որտեղ նշվում է ոչ թե տնտեսական, առևտրային համագործակցություն՝  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեքստում, այլ Իրանի անվտանգային համակարգը ամրապնդելու մասին է խոսվում, որը ունի ռազմական բաղադրիչ, որն ուղղված է լինելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հնարավոր հարձակման դեմ»:

Իրանը ռեգիոնալ ուժ. Հակազդեցություն՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմին

Իրանն այսօր դառնում է ռեգիոնալ գերհզոր ուժ, որը ինքնուրույնություն է ցուցաբերում և ենթակա չէ սպասարկել մեծ պետությունների շահերը, շեշտում է Արարատ Կոստանյանը և նշում, որ Թուրքիան այսօր նույնպես տարածաշրջանային ուժ է և վտանգ է ներկայացնում Իրանի և Հայաստանի համար: Ըստ Կոստանյանի՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, բազմապատկելով Թուրքիայի ազդեցությունը, և որպես գործիք օգտագործելով Բաքվին, Արևմուտքը նպատակ ուներ չեզոքացնել Իրանին: Իսկ Շանհայի համագործակության անդամ դառնալով կարևորվում է Թեհրանի դերը: Իրանը դառնում է տարածաշրջանային ինքնուրույն ուժ,-ասում է բանախոսը: Չնայած տարածաշրաջանի «լիդերի» հավականություն ունեցող Թուրքիան մշտապես տարաձայնություններ է ունեցել Թեհրանի հետ, հնարավոր է միջազգային գերհզորների կողմից «կանաչ լույս» վառելով զսպել Անկարայի առավելապաշտական ռեգինոալ նկրտումները:  

«Թուրքիան և Իրանը միշտ էլ տարածաշրջանում մրցակցել են, որը Հայաստանի համար դրական է եղել: Իրանի հետ մեր լավ հարաբերությունները, չնայած պատմական անժխտելի փաստերին, նաև մեկ բաղադրիչ են ունեցել՝ դա Թուրքիայի ֆակտորն է: Անկարան ցանկացել է մեկուսացնել Իրանին՝ Ադրբեջանի հետ տարածքային միավորում ստեղծելով, որը բխում է նաև Իսրայելի շահերից, մշտապես մտահոգել է Իրանին: Տարածարջանի նման փոփոխությունները, Իրանի դերի բարձրացումը զսպելու են Թուրքիայի և Ադրբեջանի ամբիցիաները: Մենք պետք է պահը ճիշտ գնահատենք և զիջողական դիրքերից հանդես չգանք, թե ոչ մի բան փոխելու հնարավորություն չկա: Մենք կարող են դիվանագիտորեն կոշտ քաղաքականություն վարել, որպեսզի կարողանանք Հայաստանի սահմանները անվտանգ պահենք և ստորագրենք Արցախի անկախությունը»:

Back to top button