ԿարևորՔաղաքական

Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթը. ռուս սահմանապահները հսկելու են պարտավորությունը, ոչ թե ճանապարհը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի փոխվարչապետի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանում է: Օվերչուկը հանդիպել է և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Քննարկումների առանցքում ճանապարհների ապաշրջափակման հարցն է: Պաշտոնականը Երևանը բազմիցս պնդել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ հիմնվելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա: Ի՞նչ հարցեր են քննարկվել այս հանդիպմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին հանդիպել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի մեր երկրի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մինչև այս հանդիպումը տեղի է ունեցել Օվերչուկ-Գրիգորյան դեմ առ դեմ հանդիպումը:

Փաշինյանն ասել է, որ կողմերն աշխատում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: «Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնվելով կողմերի ինքնիշխանության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են»,-ասել է վարչեպտը։

Ինչի՞ մասին է 9-րդ կետը

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրվում է, որ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարութուներով դեսպան Էդմոն Մարուքյանը մի քանի ելակետային դրույթներ է նշել: «Քանի դեռ հայտարարութուններում հակասութուն կա, նշանակում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն չկա»,-ասել է Մարուքյանը՝ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Կա նոյեմբերի 9-ի ադրբեջանական մեկնաբանություն, և կա այն, ինչ գրված է համաձայնագրում: Մի ելակետային, բազային տվյալ կա, որ ՀՀ սուվերենությունը պետք է գործի՝ ցանկացած բացվող, բացված և ապագայում ծրագրվող ճանապարհների բացման նկատմամբ: Ի՞նչ վերաբերում է ռուսական կողմի կամ նոյեմեբրի 9-ի փաստաթղթին, ապա այն ժամանակվա պայամանվորվածության տրամադրվածությունը հետևյալն է. հայկական կողմը հնարավորություն է տալիս Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, իսկ ռուսական կողմը մեր ստանձնած պարտավորությունը պետք է որևէ ձևով հսկի, որի մեխնաիզմները տարբեր են: Դրանց վերաբերյալ վերջնական որևէ պայմանավորվածություն այսօր չկա, այդ պատճառով էլ տարբեր հայտարարութուններ են հնչում»:

«Ռուսական սահմանապահները պետք է հսկեն ոչ թե մեզ, այլ պարտավորությունը»,-ամփոփում է Մարուքյանը:

Ճանապարհների ապաշրջափակման դեպքում դրանց հսկողության մասին խոսելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն էլ շեշտել էր, որ «մեխը» իրավազորությունն է: Եղոյանի համոզմամբ՝ հայկական կողմի պնդումը որևէ կերպ չի հակասում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։ Նա որպես օրինակ նշել էր հայ-իրանական սահմանը, որտեղ ծառայություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները, բայց այդ ճանապարհը ՀՀ իրավազորության տակ է։

«Ռուսաստանը այլ բան չի ասում, Օվերչուկը քանի՞ անգամ հայտարարեց, որ իրավազորության հարց չի քննարկվելու։ Երբ ՀՀ մտնում է մեկ ավտոմեքենա, ՀՀ-ն պետք է 100%-ով իմանա, թե ինչ է այդ մեքենայի մեջ, ինչքան է այդ մեքենայի մեջ, երբ մտավ այդ մեքենան ՀՀ և դուրս եկավ ՀՀ-ից։ Այ, սրա մասին է խոսքը։ Մեր պատասխանն այն է, որ 100%-ով ՀՀ-ն սա պետք է իմանա՝ մեկ, և երկրորդ հերթին՝ ունենա իրավազորություն՝ որոշելու, թե որ ավտոմեքենան, որ տեսակի բեռը, որ քանակի բեռը կարող է մտնել ՀՀ։ Բեռներ կան, որոնք բնականաբար, չեն կարող տեղափոխվել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է տարբեր առաջարկներ անել Ադրբեջանին, և եթե Բաքուն անվտանգային մտահոգություններ ունի, ապա կարելի է անցակետերում հսկողությունը արտապատվիրակել երրորդ ընկերությունների կամ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների։

Միջանցքի հարց գոյություն չունի

«Զանգեզուրյան միջանցք» ձևակերպումը գրեթե ամենօրյա ռեժիմով Բաքուն և Անկարան օգտագործում են ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելիս: Ամենաթարմ ձևակերպումը Էրդողանինն է: Ավարտելով երկօրյա այցը Բաքու և տուն վերադարձի ճանապարհին պատասխանելով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ ասել է, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։ «Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտով հաղթահարել այդ խնդիրը։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և մենք կարող ենք ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ»:

Հայկական կողմը կրկին պնդում է, որ «միջանցքի» հարց գոյություն չունի: ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների ներկայությամբ առցանց քննարկմանը հունիսի 13-ին ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը: Էդմոն Մարուքյանն էլ հավելում։

Back to top button