ԿարևորՀասարակություն

Հայ եկեղեցու պատմությունը` ինտեգրված. ԿԳՄՍ-ն ու Մայր Աթոռը համաձայնության չեկան

Սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում  առանձին չի դասավանդվի և կներառվի «Հայոց պատմության» դասագրքում։ Փոփոխությունը նախատեսվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչով։ Շուրջ մեկուկես տարի Տավուշում փորձարկվելուց հետո այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում։ Ոլորտի պատասխանատուներն ասում են, որ  նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճաններում:

Եկեղեցին բացասաբար է վերաբերվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրմանը։ Հարցը քննարկվել էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպման ժամանակ։

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ սեպտեմբերից հանրակրթության պետական  չափորոշիչները կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում։ Նոր չափորոշիչներով  վերանայվել են նաև առարկայական ծրագրերը։ Դրանք բեռնաթափվել են՝ համապատասխանեցվելով սովորողների տարիքին ու հիմնական կարիքներին։ Նոր համակարգի ներդրումը ենթադրում է նաև որոշ առարկաների ինտեգրում կամ միավորում։ Դրանցից է, օրինակ, Հայոց եկեղեցու պատմությունը, որը նախատեսվում է դասավանդել Հայոց պատմության հետ։ Սա թույլ կտա խուսափել կրկնություններից՝ «Ռադիոլուրին» ասում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

«Հիմա ծրագրերը համապատասխանեցվել են այնպես, որ թեման մանրամասն ուսումնասիրվում է մի առարկայում , իսկ մյուսներում  արդեն դրա առանձնահատկություններն  ուսումնասիրվում են տվյալ առարկայի տեսանկյունից։ Հետևաբար` մենք նույն գաղափարն ու նույն հասկացությունը  սովորողներին ներկայացնում ենք  ոչ թե ամեն առարկայից տարբեր  եղանակներով, այլ միասնական ձևով, որ շփոթություն չառաջանա  երեխաների մոտ։ Նման կրկնություններ կամ համընկնումներ ունենք նաև հումանիտար առարկաների գծով, որտեղ անհրաժեշտություն  է առաջանում հարցն ուսումնասիրել  միայն մեկ ուղղությամբ, միայն մեկ առարկայի շրջանակում և  օգտագործել մյուս առարկան իր տեսությունը սովորեցնելու համար։ Օրինակ՝ աշխարհագրության մեջ չսովորեցնել պատմություն կամ  պատմության մեջ՝ աշխարհագրություն»։

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում արդեն մեկ ու կես տարի գործում են հանրակրթության պետական նոր չափորոշիչները։ Ինչպես տնօրեն Նառա Պապյանն է ասում՝  միանշանակ չընդունվող փաստաթուղթն իրենք ընդունեցին որպես հնարավորություն՝ յուրաքանչյուր երեխայի կարողունակությունը զարգացնելու  համար։ Ըստ «Ռադիոլուրին» զրուցակցի՝ հանրակրթության   պետական նոր չափորոշիչը,  ի տարբերություն հնի, չափելի է։ Հստակ սահմանված են վերջնարդյունքները։

«Մեզ համար շատ կարևոր է արժեքային կրթությունը, որ աշակերտը գիտակցի՝ այստեղ էլ կարող է ուժեղ լինել և ուժեղացնի իր գյուղը։ Այս գիտակցումով ենք մենք առաջնորդվում»։ 

Ըստ Նառա Պապյանի՝ այս համակարգով դասավանդման արդյունքում որևէ առարկայից «գիտելիքի սով» չի առաջանում․աշակերտները բոլոր ուղղություններով հավասարաչափ  գիտելիքներ են ստանում։ Դպրոցում հաջողության բանալին ուսուցիչն է․ թե որ առարկան որի հետ կմիավորվի, այդքան կարևոր չէ, որքան այն, թե ինչպես կմատուցվի՝ ասում է զրուցակիցս։  

«Ճկուն ուսուցչից է կախված առարկայի ճիշտ դասավանդումը։ Մեր ուսուցիչների պարագայում դժգոհություն չկա ինտեգրված առարկաների դասավանդման հարցում։ Ուսուցիչը պետք է կարողանա ինտեգրված առարկայում արժեքային կրթությունը թելի պես տանել»։  

Համակարգն առաջինը կիրառած Տավուշի մարզի դպրոցներում արդյունքները գոհացնող են՝ ասում է ԿԶՆԱԿ տնօրենը։

«Փորձարկումը ցույց է տալիս, որ սովորողների մոտ բավական  առաջընթաց կա։ Մասնավորապես՝ առաջին տարվա արդյունքների ամփոփումը  ցույց տվեց, որ Շիրակի և Լոռու  մարզերի համեմատ  Տավուշի մարզի արդյունքներն ավելի բարձր էին, սովորողների հմտություններն ավելի  լավ էին զարգացած։  Մեր ուսումնասիրությունները նույնպես այդպիսի արդյունք են ցույց տալիս, որ երեխաներն ավելի կազմակերպված ու նպատակասլաց են։ Կարողանում են կառավարել ժամանակը, մասնակցել քննարկումների, կարողանում են շատ լավ հաղորդակցվել։ Սովորելու գործընթացին ավելի լավ են տիրապետում»։

Հայոց եկեղեցու պատմությունը հայոց պատմության հետ միավորելը ճիշտ չի համարում Հայ Առաքելական եկեղեցին։ Առարկան գիտելիքի փոխանցման աղբյուր չէ միայն, այն ոգի, նկարագիր, ինքնություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է՝ խնդրին անդրադառնալով՝  ասել էր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Հնարավոր է, որ այսօր այդ դասագրքերը  ճիշտ պատրաստված չլինեն, ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ կազմված ու ներկայացված  չլինեն։ Կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել և ճիշտ վիճակի մեջ բերել։ Նաև պետք է ուսուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնել»։  

Վեհափառը նաև նշել էր, որ հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ տարրալուծելը եկեղեցին ճիշտ չի համարում՝  պնդել է կաթողիկոսը։

Նույն կարծիքին է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։  Կարծում է՝ առարկան առանձին դասավանդելը կարևոր է արժեհամակարգային առումով։

«Սա կարևոր է եկեղեցին ճանաչելու, եկեղեցու պատմությունը կամ եկեղեցու մշակութային խորքերը  ճանաչելու իմաստով դառնալու լիարժեք հայ ազգի զավակ։ Հիմա տեղի է ունենում այս աղճատումը։  Եվ սա կապ չունի ո՛չ մշակույթի,  ո՛չ հոգևոր կյանքի զարգացման, ո՛չ կրթության հետ»։

Նախարարությունն այս որոշումը կայացնելիս  բովանդակային որևէ քննարկում չի ունեցել եկեղեցու հետ՝ ասում է Բագրատ Սրբազանը։

Քննարկումների փուլն արդեն անցել ենք՝ հակադարձում է ԿԳՄՍ նախարարը և հավելում, որ չափորոշչի քննարկման և հաստատման փուլում քննարկումների տարբեր հնարավորություններ են եղել։ Ժաննա Անդրեասյանը բնական է համարում կարծիքների տարբերությունը, նաև այն, որ դրանք  քննարկումներից հետո էլ կարող են տարբեր մնալ։

Back to top button