ԼուրերԿարևորՀասարակություն

Ռադիոձայնագրման ամբողջ ստուդիան՝ հայկական նոր հավելվածում

Հայկական նոր StartUp-ն այն մարդկանց համար է, որոնք ամեն օր աշխատում են աուդիո ֆայլերի հետ։ Հայկական IT ընկերությունը՝  «Podcastle»-ը, ստեղծել է հավելված, որը հնարավորություն է տալիս մշակել ձայնը, օրինակ աուդիոձայնագրությունից հեռացնել աղմուկը և ստանալ ստուդիական որակ։ Հավելվածի հեղինակներն ասում են՝ սա հարթակ է նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել, մշակել ու տարածել իրենց աուդիոարտադրանքը։

«Տեսեք՝ դուք Ձեր սուրճը թողել եք ձեր աշխատավայրում, դուրս եք եկել, եկել եք մեզ մոտ։ Հետո կգնաք, ձայնը կմշակեն, կտան ձեզ, նոր միայն դա եթեր կգնա։ Իսկ մենք ունենք մի գործիք՝ անունը «Interview». մենք լինք ենք ուղարկում այն մարդուն, ում հետ ցանկանում ենք զրուցել, և նա իր տանը, մենք մեր տանը ամենաբարձր որակով ձայնագրում ենք մեր զրույցը»։

Զրուցակիցներս Podcastle հայկական հավելվածի համահիմնադիրներն են, պատմում են, թե ինչպես են կարողացել մի ամբողջ պրոֆեսիոնալ ռադիո ձայնագրման ստուդիան փոխարինել համակարգչային ընդամենը մեկ վեբ–հավելվածով։

«Դուք ռադիոյում ունեք ստուդիա, ունեք թանկարժեք միկրոֆոններ,  ունեք հատուկ ծրագրեր ձայնի որակը կարգավորելու համար։ Ես ունեմ երկու տարբերակ՝ գալ Հանրային ռադիո, ասել՝ խնդրում են ինձ տարածք ու թիմ տրամադրեք, ես ասելիք ունեմ։ Մենք մեր ծրագրով փորձում ենք լուծել այս խնդիրը նրանց համար, ովքեր ցանկանում են բարձր որակի աուդիո արտադրանք ստեղծել»,– պատմում է «Podcastle»–ի մարկետինգի թիմի ղեկավար Արսեն Համբարձումյանը։

Ամեն ինչ սկսվեց շուրջ 1.5 տարի առաջ, երբ հայտնի ընկերություններից մեկում աշխատող ծրագրավորող ընկերներն իրենց ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար որոշեցին մի հարթակ ստեղծել, որը կկարողանար անգլերեն տեքստերը փոխակերպել աուդիոյի։ Դրա միջոցով կկարողանային զբաղված օրվա ընթացքում և աշխատել, և զուգահեռաբար զբաղվել ինքնակրթությամբ։

«Վերցնենք մեր հայաստանյան իրականությունը․ մենք ունենք աշխատակից, որն աշխատում է մեզ մոտ, սովորում է Ամերիկյան համալսարանում և ժամանակի խնդիր ունի․ մեր գործիքի շնորհիվ նա կարողանում է անհրաժեշտ բոլոր տեքստերը վերածել աուդիոյի և աշխատանքին զուգահեռ լսել դրանք»,– մանրամասնում է Արսեն Համբարձումյանը։

«Podcastle»–ի առաջին արտադրանքը հենց տեքստը «կարդացող» գործիքն էր․ հայկական մտքի շնորհիվ հնարավոր դարձավ տեքստը փոխակերպել ձայնի։ Արսեն Համբարձումյանն ասում է՝ առաջին հաջողված ծրագիրն ստիպեց մտածել հաջորդ քայլերի  մասին։ Ուսումնասիրեցին շուկան ու հասկացան, որ կան, օրինակ, լուսանկարները մշակելու ծրագրեր, հավելվածներ, կան վիդեո խմբագրման ծրագրեր, բայց չկա մի հարթակ, որը հնարավորություն կտա մշակել աուդիոֆայլերը։ Հենց այդ բացը լրացնելու համար արվեց երկրորդ քայլը։

«Ու արդեն սկսեցինք թիմ ձևավորել, դիմեցինք ֆինանսավորման համար ներդրողների, որոշակի ֆինանսավորում ստացանք ու կամաց–կամաց աճեցինք։ Հիմա ունենք մոտավորապես 40 աշխատակից աշխարհի 3 երկրում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում»։

Դուք ունեք աուդիո ֆայլ, որի մեջ փողոցի աղմուկ է,  քամու կամ, օրինակ, օդորակիչի ձայն․ հայկական ստարտափի ստեղծած հավելվածը կարող է հեռացնել աղմուկը ու ձեզ վերադարձնել լիովին անաղմուկ, ստուդիական  որակի աուդիոֆայլ։

«Պատկերացրեք՝ մենք իրար հետ խոսեցինք, դուք ունեք մեր հարցազրույցի աուդիոֆայլը, հիմա դուք պետք է մոնտաժ անեք, ու օրինակ ինչ–որ նախադասություններ հանեք այդ աուդիոյից, հետո կտրված մասերը սահուն կպցնեք իրար և այլն․․․ Եթե դուք այս աշխատանքն անելու եք մեխանիկորեն, ապա ծրագիրը դա ձեր փոխարեն կանի ավտոմատ և ավելի լավ որակով»,– ասում է «Podcastle»-ի համահիմնադիր Վարդան Դաբաղյանը։

«Podcastle»-ի առաջնային շուկան հյուսիսամերիկյանն է՝ ԱՄՆ և Կանադա։ Համահիմնադիրնեն ասում են՝ Հայաստանում այնքան էլ ծանոթ չեն իրենց ծրագրին․ հայկական շուկան շատ փոքր է, պահանջներն այլ են։ Բացի դրանից՝ այս պահին հավելվածի հիմնական ֆունկցիան՝ տեքստը աուդիոյի կամ աուդիոն տեքստի վերածելը, հնարավոր է միայն անգլերենով։

«Բայց ֆունկցիաները, որոնք կապված են ձայնի հետ աշխատելու հետ՝ ձայնագրել կամ խմբագրել, հնարավոր է նաև հայերեն տեքստերի դեպքում։ Ու հիմա էլ եթե հարցնեք, թե ինչ է «Podcastle»-ը, կասենք՝ աուդիոկոնտենտի ստեղծման, խմբագրման ու տարածման հարթակ»։

«Podcastle»–ում առաջարկ ունեն նաև ռադիոկայանների և լրատվական խմբագրությունների,  ինչու չէ նաև Հանրային ռադիոյի համար։

«Առաջարկը ռադիոներին հեռակա լավ որակով հարցազրույցներ անելն է։ Եթե դուք գիտեք, որ, օրինակ Ամասիայում կա ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմեր, որից ուզում եք հարցազրույց վերցնել, բայց հնարավորություն չունեք այնտեղ գնալու, կարող եք իրեն հատուկ լինք ուղարկել և նշանակություն չունի, որ ինքը դաշտում է դուք ռադիոստուդիայում․ դուք կստանաք նույն որակի ձայն երկու կողմից էլ»,– ասում է «Podcastle»–ի համահիմնադիրը։

Շուրջ 300 հազար օգտատեր, հսկայական ներդրումներ ու հեռանկարներ։ Հայկական IT ընկերությունում ապագայի մեծ ծրագրեր ունեն․ վստահեցնում են՝ մեր հաջորդ հանդիպմանը կկարողանան նաև կլոնավորել իմ ձայնը։

Back to top button