ԿարևորՄշակույթ

Գալյա Նովենց․ հայ կինոյի Աննա Մանյանին

Նա ծնվել էր Երևանում՝ ստալինյան սարսափներով լեցուն 1937 թվականին, հուլիսի 1-ին։  2012 թվականի հուլիսի 22-ին բոլորիս ցնցեց  մահվան բոթը՝  75 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Գալյա Նովենցը։ Թատրոնում վերջին դերը խաղաց  նույն թվականի հունիսին՝ «Տարօրինակ միսիս Սեվիջը» բեմադրության մեջ։

Ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում` սկսած 1958 թվականից, Գալյա Նովենցը  հայկական թատրոնի բեմում  ու կինոյում  մի քանի տասնյակ դերեր է կերտել․ հրաշալի, խորը կերպարներ, որոնք կարող են հիացնել   ցանկացած մարդու` անկախ տարիքից ու ազգությունից։ Հայ դերասանուհուն հաճախ համեմատում էին  Աննա Մանյանիի հետ։ Բայց բոլորը չէ, որ համեմատությունն ընդունում էին։

50-ից ավելի դերեր թատրոնում ու ռադիոբեմադրություններում, հարյուրավոր կրկնօրինակումներ, բայց Գալյա Նովենց դերասանուհուն ժողովրդինը դարձրեց կինոն։ Նա կինո էր մտել Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով: Ընդամենը 7-8 րոպե ենք տեսնում նրան այդ ֆիլմում, բայց հասկանում ենք, որ սա խաղ չէ, այլ`  կյանքի բնական շարունակություն։  Շատերն ասում են՝ Գալյան խաղում էր՝ առանց խաղալու: Ինքը՝ դերասանուհին  խոստովանել է, որ կինոն իրեն նաև համարձակություն տվեց։

«Երբ սկսեցի կինոյում նկարահանվել, և բավականին հաճախ, իմ մեջ ինչ-որ չափով կոտրվեց այդ վախը։ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ  զգացի, որ իմ մեջ ինչ-որ բան փոխվել է։  Ըստ երևույթին` դերը, կերպարը ես շատ սիրեցի, և շատ մեծ ցանկություն կար մեջս այդ դերը լավ խաղալու»։

Թե որքան էր Գալյան ուզում  խաղալ ու  հատկապես  լավ խաղալ Սիրանույշի դերը, պատմում  էր ֆիլմի ռեժիսորը, ցավոք ևս հանգուցյալ Ալբերտ Մկրտչյանը.

«Մի օր ասեցի՝ Գալյա՛, քեզ նկարելու եմ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ Սցենարը ես եմ գրել, քեզ համար եմ ստեղծել էդ կերպարը, ռեակցիա չտվեց։ Մի օր էլ ասեցի՝ հա, վերջնականապես որոշեցի, Սոֆիկո Չիաուրելիին եմ հրավիրելու ։ Գալյան հանգիստ նստած էր ու միանգամից՝ ես չե՞մ կարող խաղալ այդ դերը։ Դու կտեսնես, ոնց կխաղամ։ Ու ես հանգստացա, որովհետև այդ էի ուզում Գալյայից»,- ասում էր Մկրտչյանը։

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Մասնակցում էր 40 երկիր: Հեղինակավոր կինոփառատոնին  Խորհրդային Միությունը մրցութային երկու ֆիլմ էր ներկայացրել՝  Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդեսն» ու Ալբերտ  Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»: Երկուսն էլ բարձր են գնահատում, բայց «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում էր: Պատմում է «Կինո +» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը․

«Հայ դերասանական արվեստի պատմության ընթացքում Գալյա Նովենցը միակն էր, որ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել  է ժյուրիի հատուկ մրցանակի։ Այդ օրերի իտալական մամուլը  գրում էր, որ Հայաստանը իտալացիներին թվում է շատ նեապոլիտանական, իսկ  խիզախ մոր կերպարը ստեղծած Գալյա Նովենցը հիշեցնում է Աննա Մանյանիին»,- պատմում է Ռոբերտ Մաթոսյանը։

Շատերն էին նրան համեմատում Աննա Մանյանիի հետ,  բայց բոլորը չէ, որ համաձայն էին տարածված տեսակետին։ Համաձայն չէին նրանք, ովքեր չէին  ուզում համեմատել  Գալյա Նովենցին որևէ մեկի հետ։  «Գալյան իսկապես անկրկնելի էր,  բացառիկ ամեն ինչով»,-ասում է Ռոբերտ Մաթոսյանն ու հիշում մի դրվագ Մինսկի կինոփառատոնից, որտեղ ևս կանացի լավագույն դերակատարման համար Գալյա Նովենցն արժանացել էր բարձր մրցանակի:

«Հենց բացման արարողության ժամանակ Գալյան անկյուն էր քաշվել։ Ինձ ասաց՝ վերջ, վաղվանից որևէ միջոցառման չեմ մասնակցի, մենակ դու ինձ կասես՝  ինչ է կատարվում։ Մեկ էլ արդյունքներն են ամփոփվում, ու Մինսկում հայտարարվում է, որ «Մեր մանկության տանգո» ֆիլմի գլխավոր դերակատար Գալյա Նովենցը արժանանում է լավագույն դերասանուհու համար սահմանված մրցանակին։ Դուք չեք պատկերացնում ՝ ինչ էր կատարվում․ բոլոր պճնված դերասան, դերասանուհիները  թափվել էին նրա գլխին ու շնորհավորում էին։ Նա իր համեստությամբ ու ներքին տաղանդով բոլորին հաղթեց»,- նշում է Մաթսյանը։

2013 թվականի մայիսին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը  հանդիսատեսի դատին հանձնվեց  «Գալյա Նովենց» վավերագրական ֆիլմը՝ իրականում վերջին ֆիլմը դերասանուհու մասնակցությամբ․

«Նկարահանումներին պարզապես անկողնուց հանել տարել ենք՝ իր ցանկությամբ, իհարկե։ Նույնիսկ զարմացա, որ համաձայնել էր, որովհետև արդեն շատ ծանր վիճակում էր, կադրում էլ է դա երևում։ Դա նրա վերջին հանրային շփումն էր։ Այդ օրը դուրս եկավ տնից ու նկարահանումը արեցինք։ Նա շատ հայկական էր, շատ մարդկային։ Ինձ թվում է յուրաքանչյուր հայ կին կարող է այդ հարցը տալ․ «Տեսնես կեղնի՞ մե օրըմ, որ ես երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ»,- պատմում էՌիտա Շառոյանը։

Կինոյում վերջինը Սանամի դերն էր՝ Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը» ֆիլմում։ Ինչպես հիշում ենք  «Կարոտից» 26 տարի առաջ Գալյա Նովենցը կինո էր մտել դարձյալ Դովլաթյանի մեկ այլ ՝ «Բարև, ես եմ» ֆիլմով։ Թատրոնում վերջինը «Տարօրինակ միսիս Սեվիջն» էր։

Back to top button