Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը
Դեկտեմբերի 19-ին բարձր տրամադրությամբ, երգով ու պարով Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառ քաղաքի եւ տարածաշրջանի նորակոչիկները:
Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի բաժանմունքի բակը նոյեմբերի 19-ին, բազմամարդ էր: Հայոց բանակ էին ճանապարհում Գավառ քաղաքի և տարածաշրջանի համայնքների նորակոչիկներին: Նորակոչիկ Կարեն Բաղդասարյանի տրամադրությունը տոնական է, ոգին՝ մարտական:
«Տրամադրությունս շատ բարձր է, ուրախ եմ, որ հայ եմ, հայ ազգի զինվոր եմ և, գնալու եմ պատվով ծառայեմ իմ հայրենիքին»,-ասաց Կարենը:
Նրան ու նրա հետ զինծառայության մեկնող մյուս տղաներին իրենց բարեմաղթանքները հղեցին
զինկոմիսարիատի բակում հավաքված նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
«Ցանկանում եմ երկրին խաղաղություն, բարի ծառայություն»,-«Ճանապարհում ենք եղբորս, ցանկանում ենք բարի ծառայություն, խաղաղություն, ամենալավ բաները բոլոր զինվորներին»:
«Ուրախ ճանապարհում ենք, ուրախ էլ ընդունենք: Միայն երկրին ցանկանում եմ խաղաղություն, բոլոր զինվորներին բարի վերադարձ իրենց օջախներ»,- մաղթանքի խոսքեր ասացին Արտիկ Ավետիսյանը, Ասյա Բաղդասարյանը և Վազգեն Ասատրյանը:
Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառի զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, երկրապահներ:
Նրանք նորակոչիկներին բարեմաղթանքներ հղելուց զատ, հորդորեցին նաև՝ լինել կարգապահ և օրինակելի զինվորներ:
«Մեր բոլոր զորակոչիկները գնում են համալրելու այն խիզախ զինվորների շարքերը, որոնք այսօր պարտադրում են մեր հակառակորդին լռեցնել իրենց կրակոցները»,- ասաց Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը:
Դիմելով նորակոչիկներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կոչ արեց լինել զգոն, համբերատար, միմյանց նկատմամբ հոգատար և հանդուրժող, խուսափել ներանձնային խնդիրներից ու բախումներից:
«Ուրախ եմ, որ ունենք լավ տրամադրություն, երգով, երաժշտությամբ, բարձր տրամադրությամբ մեր տղաներին ուղարկում ենք բանակ: Այո՛, և՛ իրենք պետք է հպարտ լինեն, և՛ մենք, և՛ հատկապես ծնողները: Շնորհակալությունս ծնողներին, երեխաներին նման լավ ոգով դաստիարակելու համար», — ասաց Գնել Սանոսյանը:
Զինվորական կոմիսարիատի բակում կազմակերպված միջոցառումից հետո նորակոչիկներն ու նրանց ճանապարհողները եղան Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Տեր Նշան քահանա Սարգսյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է դեկտեմբերի 16-ին՝ Սևան, Մարտունի և Վարդենիս քաղաքներից: