Համաներման նախագիծը վաղը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում
Անկախ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել 7 համաներում, 8-րդը՝ նախապատրաստվում է: Կառավարության մշակած նախագծի քննարկումը խորհրդարանում մի քանի անգամ հետաձգվել է:
Վաղը փաստաթուղթը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: Սպասվող քննարկումն, ամենայն հավանականությամբ, հարթ ընթացք չի ունենալու, քանի որ կան դժգոհություններ թե ներսից, թե դրսից: Դեռ նախորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ են կազմակերպվում կառավարության ու Ազգային ժողովի շենքերի մոտ:
Հայտնի է նաև, որ համաներման նախագծի առնչությամբ վերապահումներ ունեն Հանրապետական խմբակցության անդամները:
Վաղը խորհրդարանի օրակարագային հարցը համաներման մասին նախագիծն է: Կրկին հրավիրվելու է արտահերթ նիստ՝ օրակարգում այս մեկ հարցով: ԸՕ-ի տապալված քննարկումների նախադեպն ունենալով՝ չի բացառվում, որ հանրապետականները կրկին անակնկալ կարող են մատուցել, առավել եւս, որ վերապահումներ ունեն նախագծի շուրջ:
«Ռադիոլուր»-ը կապ հաստատեց Հանրապետական խմբակցությունից մի քանի պատգամավորի հետ. չձայնագրվեցին, բայց վստահեցրին՝ վաղը մասնակցելու են արտահերթ նիստին: Ինչպես կծավալվի բովանդակային քննարկումը եւ ինչպես կքվեարկեն հանրապետականները՝ արդեն բարդ է կանխատեսել: Հստակ է միայն, որ համաներման նախագիծն ընդունվում է պատգամավորների պարզ մեծամասնության կողմ ձայներով: Նախագիծը նախատեսվում է քննարկել արագացված՝ 24-ժամյա ռեժիմով: Համաներման հիմնական սկզբունքը թերեւս փոխանցեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ սկզբունքորեն՝ մարդ սպանած որեւէ դատապարտյալ, չպետք է համաներման ենթարկվի, բայց պետք է աշխատեցնենք պայմանական վաղակետ ազատվելու մեխանիզմը»:
Հանրության եւ հատկապես ազատազրկման վայրերում գտնվողների հարազատների սպասելիքները նախագծից մեծ են: Դա է պատճառը, որ անցյալ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Աժ-ի եւ կառավարության շենքերի մոտ: Ցուցարարները պնդում են, որ խոստացված համաներման աննախադեպ ծավալը իրականությանը չի համապատասխանում:
Սպասվելիք համաներումը անկախ Հայաստանի պատմության մեջ 8-րդն է: Այս համաներման արդյունքում ազատ կարձակվի 400-ից 500 մարդ’ անմիջապես: Իսկ թե մինչեւ դեկտեմբերի 31-ը քանի՞ հոգի ազատ կարձակվի եւ քանի՞ հոգու վրա կտարածվի համաներումը, հայտնի չէ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայացված նախագծով համաներումը տարածվելու է 650-800 դատապարտյալի վրա։
Այս պահին համաներմանը վերաբերող բոլոր մանրամասները ոչ պաշտոնական են, քանի որ մինչև արտահերթ նիստը բոլոր քննարկումները դեռնփակ էին: Սա օրենքի պահանջն է: Բողոքի ալիքը բարձրացավ թերեւս համաներման ենթակա հոդվածների ցանկի չնախատեսված հրապարակումից հետո: Քայլը արդեն դատապարտել է արդրադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Հարցի քննարկման գաղտնիությունը քողարկված նպատակներ չունի: Զեյնալյանը պարզաբանում է. անձինք, ովքեր զբաղված են համաներման ցուցակով, կարող են դառնալ թիրախ՝ նաեւ կոռուպցիոն ռիսկերով ուղեկցվող: Այսպիսով նախարարի պաշտոնակատարը խուսափում է բոլոր ճշտումներից: Այս պահին անգամ հստակ չէ՝ համաներումը կտարածվի արդյո՞ք «Սասնա ծռեր» խմբավորման կամ Նորքի զինված բանդայի անդամների վրա:
Համաներման նախագծից հանրապետականների դժգոհությունն, ի դեպ, հստակ ձեւակերպված է: Եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն, հանրապետականները դժգոհ կինեն նախագծից: Ենթադրվում է, որ հանրապետականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա:
Որպես օրինակ նշվում է մահափորձը՝ անձը ցանկացել է ինչ-որ մեկին սպանել, բայց չի ստացվել: Հանրապետականները չհիմնավորված են համարում նման հանցագործների նկատմամբ ներողամտությունը, որովհետեւ եթե նա ցանկացել է դիտավորությամբ մարդ սպանել, էական չէ՝ հասե՞լ է իր նպատակին, թե՞ ոչ: Բացի այդ փաստաթղթում գտնել են իրավական սխալ՝ հակասություն Համաներման ակտի եւ օրենքի միջեւ: