Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ինչ են պահանջում «Աշտարակ-Կաթ»-ից տուժած տնտեսվարողները
Առևտրով զբաղվող շուրջ երեք հարյուր տնտեսվարող ակնկալում է պետության աջակցությունը՝ դժգոհելով «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատիրոջից:
Տնտեսվարողներն իրենց բողոքը այսօր կառավարությանն են ներկայացրել: «Ռադիոլուրն» լսել է ոչ միայն նրանց փաստարկները, այլ նաև «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարչի հակափաստարկները: Խաչիկ Նազարյանը համաձայնել է պատասխանել «Ռադիոլուրի» հարցերին:
Աշտարակ կաթ ընկերության նախկին սեփականատերերի դեմ բողոքը ՓՄՁ ներկայացուցիչներին այսօր կառավարության շենք էր բերել: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ արդյուքնում են իրենց հաշիվները կալանքի տակ, իսկ իրենք՝ դատական քաշքշուկի մեջ հայտնվել: ԱՁ Նունե Վանեցյանը փոքր խանութ ունի: «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրում է, որ կաթնամթերք ստանալիս նախապես հնարավոր չէ պատվեր տալ: 3 մլն 600 հազար դրամ՝ այդքան է Նունեի պարտքը «Աշտարակ կաթին»:
«Պատահաբար, երբ փոխանցում էինք անում, պարզվեց, որ մեր հաշիվները սառած են: Մենք տեղյակ չենք եղել»:
Զրուցակիցս մանրամասնեց, թե ինչպես է ստացվել ամեն ինչ.
Շուրջ 300 տնտեսվարողների անունից այսօր կառավարությանը նամակ էր բերել Հայ Տնտեսվարողների և Սպառողների Իրավապաշտպան Կենտրոն նախագահ՝ Արթուր Աթոյանը: Նրա փոխանցմամբ՝ իրենց դիմել են տնտեսվարողները:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից Ռադիոլուրին փոխանցեցին, որ սնանկացման գործընթաց է սկսվել և հորդորոեցին բոլոր հարցերն ուղղել սնանկացման կառավարչին: www.azdarar.am կայքից տեղեկացմանք, որ «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը: Նա համաձայնեց «Ռադիոլուրին» մանրամասներ ներկայացնել:
Ասաց, որ «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ»-ն ունի բազմաթիվ պարտատերեր, միայն HSBC բանկին պարտք է 11 մլն դոլար: Ընկերության գույքը նախկին տնօրենը գրավադրել է հենց այս բանկում: Պարտատերեր են նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցները, որոնք աշխատավարձ չեն ստացել:
Նազարյանը փոխանցեց նաև, որ աուդիտորական ընկերությունն ուսումնասիրել ու պարզել է, որ բացի վերը նշվածից ընկերությունն ունի նաև շուրջ 1 մլրդ 800 հազար դրամ դեբիտորական պարտք:
Զրուցակիցս վստահեցրեց՝ տնտեսվարողներին, որոնց մեջ նաև խոշոր ընկերություններ կան, նամակ են ուղարկել, տեղեկացրել պարտքերի մասին, առաջարկել դրանք մարել՝ առանց դատական քաշքշուկի:
Խաչիկ Նազարյանի խոսքով, օրենսդրության պահանջով , տնտեսվարողները պետք է ունենան վճարման կտրոններ ու բանկային փոխանցումներ: Նրանք, սակայն, բանավոր են վստահեցնում, որ վճարումները կատարել են: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, սնանկության գործով կառավարիչը դժվարանում է ասել: Գիտի միայն, որ ապացույց ներկայացնելու բեռը տնտեսվարողինն է: