Վերնատուն

«Ժամանակակից հայ արձակը» հավակնում է վրացական «Սաբա» հեղինակավոր մրցանակին. «Վերնատուն»

«ՓԵՆ Հայաստանի» 24 հայ հեղինակների ստեղծագործություններից կազմված «Ժամանակակից հայ արձակի ժողովածուի» վրացերեն թարգմանությունը հայտնվել է վրացական «Սաբա» հեղինակավոր գրական մրցանակաբաշխության «Լավագույն թարգմանություն» անվանակարգի կարճ ցուցակում։ Այս կարևոր իրադարձության մասին խոսում ենք գրքի թարգմանիչ Ասյա Դարբինյանի հետ։

««Սաբայի» կարճ ցուցակում հայտնվելը մեծ նվաճում է և հավասար է հաղթանակի»,- նշում է Ասյա Դարբինյանը: 76 գրքից կարճ ցուցակում ընդգրկվել է 14-ը, որոնցից մեկը հենց հայ արձակի այս ժողովածուն է։ Ի դեպ, ամենաերկար ցանկը հենց թարգմանական անվանակարգինն է։

Գիրքը տալիս է հայ ժամանակակից գրականության ամբողջական պատկերը․ դրանում ներառված են տարբեր ոճերի, ճաշակի ու լեզվամտածողության հեղինակների գործեր։ Թարգմանական առումով սա բավականին մեծ մարտահրավեր էր․ կտրուկ անցումները մեկ «լեզվից» ու մտածելակերպից մյուսին բարդ խնդիրներ են առաջադրում։

Գրքում ընդգրկված ստեղծագործությունները շատ տարբեր են՝ յուրօրինակ «գրական աջաբսանդալ», որտեղ որևէ որոշակի գիծ պահպանված չէ։ Այնուամենայնիվ, տարբեր թեմաների վերաբերյալ մեր ընդհանրությունները, նմանություններն ու զգացմունքային ընկալումները շատ ավելին են, քան տարբերությունները։

«Հաճախ եմ վրացի ընթերցողներից լսում, որ եթե տեղանունները գրված չլինեին, կմտածեին, թե պատմությունն իրենց մասին է»,- պատմում է թարգմանիչը։ «Դա բնական է, քանի որ մենք շատ մոտ ենք, գրեթե նույն ճանապարհն ենք անցել։ Տարբերություններ գրեթե չկան․ կատակները, անեծքները, հայհոյանքներն ու տիպիկ ձևակերպումները շատ ավելի հեշտ է թարգմանել վրացերեն և հակառակը»։

Ամեն անգամ մեր նմանությունների հետ կապված նոր բացահայտումներ անելը թարգմանչական փոքրիկ ուրախություններից է։ «Սաբա» մրցանակաբաշխությունն անցկացվում է շուրջ 24 տարի։ Վրաստանը հայտնի է որպես գրականության ու պոեզիայի երկիր․ նույնիսկ նրանց միջնադարյան թագավորներից շատերն ավելի հայտնի են որպես բանաստեղծներ, քան պետական գործիչներ։

«Որքան էլ պաթետիկ հնչի, սիրում եմ կրկնել, որ թարգմանությունն իմ առաքելությունն եմ համարում։ Քանի որ ունեմ երկու հայրենիք և երկու մայրենի լեզու, իմ փոքրիկ առաքելությունն է կամուրջ դառնալը՝ գրական գործերի թարգմանությամբ է՛լ ավելի մտերմացնելով այսքան հարազատ ու հարևան երկրներին», -եզրափակում է Ասյա Դարբինյանը։

Կարդացեք նաև

Back to top button