ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսական աճ, առևտրային հաշվեկշռի պակասուրդ․ ՀԲ նոր շեշտադրումները Հայաստանի տնտեսության մասին

Համաշխարհային բանկի փորձագետները արձանագրել են, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը կտրուկ աճել է՝ ապրիլյան 7 %-ից հասնելով ավելի քան 12 %-ի։ Ըստ բանկի փորձագետների՝ այս տարվա առաջին կեսին զբոսաշրջային այցերն ավելացել են ավելի քան 15 %-ով՝ կազմելով ավելի քան 1 մլն մարդ։ Նրանց 40 %-ը Հայաստան է եկել Ռուսաստանից։

Զբոսաշրջություն, ՏՏ, շինարարություն, հանքարդյունաբերություն․ սրանք այն հիմնական  ոլորտներն են, որոնք այս տարվա առաջին կեսին ապահովել են ՀՀ տնտեսական աճը։ Թեթև արդյունաբերության ոլորտում ևս աճը վատ չէ։ Դա պայմանավորված է սննդամթերքի և խմիչքի արտադրության ծավալի մեծացումով, որը ծխախոտի հետ մեկտեղ կազմել է ոլորտի թողարկման 60 %-ը: 2026 թվականի առաջին հինգ ամիսներին տնտեսական գործունեությունն ընդլայնվել է 8 %-ով` գերազանցելով կանխատեսումները: ՀԲ այս գնահատականներն արտացոլված են վերջին զեկույցում։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է․

«Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունը մեծանում է։ Իհարկե կա նաև որոշակի գնաճի մեծացում, կա որոշակի զգուշավորություն, բայց բոլոր դեպքերում տնտեսական ցուցանիշները բավական կայուն են՝ երկարաժամկետ հատվածին միտված, կան նաև որոշակի բացասական սպասումներ Ռուսաստանի տնտեսության հետ կապված»։

Փորձագետները արձանագրել են, որ մայիսին թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը շարունակել են կրճատվել. ընդ որում՝ արտահանման պատկերն ավելի վատ է, քան ներմուծմանը՝ համապատասխանաբար 11,5 %` 1,6-ի համեմատ։ Երկուսի դեպքում էլ անկման տեմպը դանդաղել է նախորդ ամսվա համեմատ: Այս անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերարտահանման շարունակական նվազումով. կիսաթանկարժեք քարերի արտահանումն ու ներմուծումը կրճատվեցին համապատասխանաբար 61,7 և 82 %-ով։ Արդյո՞ք սա միայն ՌԴ սահմանափակումներով է պայմանավորված՝ հարցնում եմ տնտեսագետ Սոս Խաչիկյանին․

«Սա պայմանավորված չէ միայն ՌԴ սահմանափակումներով, բայց պայմանավորված է գործակցությամբ։  Դիտարկվում է նաև վերարտահանումը, որովհետև կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի վերարտահանման հետ կապված գործընթացներն էլ էին մեծ մասամբ տեղի ունենում ռուսական շուկայի շրջանակում, և դրանք նույնպես էականորեն կրճատվել են»։

Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար խստացրեց հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելքը: Եթե դա շարունակվի և ընդլայնվի, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել ոչ միայն առևտրի, այլև գների և սոցիալական վիճակի վրա՝ արձանագրում են ՀԲ փորձագետները։ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանի դիտարկմամբ՝ «Ռուսաստան ընդհանուր ապրանքային արտահանումը ՀՆԱ-ի մեջ շուրջ 6 %-ն է, բայց դրա մի մասի հետ կապված է, որ այս պահին կա խնդիր։ Հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ կամ մշակող արդյունաբերություն, կամ մի քանի ընկերություններ են, որ չեն կարողանում տեղաբաշխել արտադրանքը»։

Սահմանափակումների ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցառումներ է նախատեսել արտահանողներին օժանդակելու համար։ Ըստ այդմ՝ կփոխհատուցվեն այլընտրանքային շուկաներ, այդ թվում` ԵՄ, ապրանք տեղափոխելու և մաքսային ծախսերը: ՀԲ փորձագետները արձանագրել են, որ մայիսի 4,2 %-ի համեմատ  հունիսին գնաճն ավելացել է՝ հասնելով 5,1 %-ի։ Դա պայմանավորված է սննդամթերքի թանկացումով:

Գնաճը Հայաստանում պայմանավորված է հիմնականում աշխարհաքաղաքական անորոշություններով՝ արձանագրում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը։ Իսկ սննդամթերքի գնաճը, փորձագետի կարծիքով, մի քանի գործոնով է պայմանավորված․

«Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռաբար աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։

Հայաստանի տնտեսությունը զերծ չէ համաշխարհային իրադարձությունների ազդեցությունից։ Որպես հետևանք 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում։

Կարդացեք նաև

Back to top button