
Արվեստասերներին Անի Հովակը հայտնի է «Հովեր» երգչախմբից, սակայն վերջերս Փայտարվեստի թանգարանում բացված նրա անհատական ցուցահանդեսը փաստում է, որ նա նաև հետաքրքիր նկարիչ է։
Անին խոստովանում է, որ չի կարող և չի ցանկանում սահմանափակվել արվեստի միայն մեկ ուղղությամբ։
Վոկալից բացի, նա զբաղվում է գեղանկարչությամբ, կոլաժներով՝ երկրորդ կյանք տալով այնպիսի առարկաների, որոնք ուրիշների համար գուցե անպետք են։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ. արվեստագետը ցանկանում է իր ուժերը փորձել նաև թատրոնում և կինոյում։
Անիի խոսքով՝ ինքն անընդհատ ստեղծագործական որոնումների մեջ է, և ժամանակը ցույց կտա, թե այդ փնտրտուքներն առաջիկայում ինչպիսի նոր ու հետաքրքիր դրսևորումներ կունենան։




