
Bild պարբերականը ԵՄ հետախուզական ծառայությունների տագնապի մասին է գրում։ Նշվում է, որ սերբ-հունգարական սահմանին հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են երկու ռուս ենթադրյալ գործակալի։ Նրանց ուղեբեռում պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Ըստ հատուկ ծառայությունների՝ հնարավոր թիրախներից կարող էր լինել Գերմանիայի ռազմարդյունաբերական օբյեկտներից մեկը։ Անվտանգության փորձագետները ենթադրում են, որ սա Ռուսաստանի «ստվերային պատերազմի» հերթական դրսևորումն է՝ արդեն Եվրոպայի սրտում։
Գերմանիայում կանխվել է ռազմական օբյեկտի վրա հարձակումը՝ գրում է միջազգային մամուլը՝ մանրամասնելով, որ Սերբիայի ոստիկանությունը Հունգարիայի սահմանին ձերբակալել է երկու նախկին գործակալի, որոնք ենթադրաբար Ռուսաստանի հետախուզական ծառայությունների անունից Գերմանիայում հարձակում էին ծրագրում։
Bild-ը գրում է, որ նրանց ուղեբեռում պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Հարձակման թիրախը, ըստ վարկածների, կարող էր լինել Ուկրաինայի համար զենք արտադրող գերմանական ընկերություններից մեկը։
Այդ դեպքով հետաքննություն է ընթանում։ Իսկ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ իրենք պարբերաբար ռուսական հարձակման վտանգի տակ են հայտնվում։
«Մենք պարբերաբար դառնում ենք Ռուսաստանից եկող հիբրիդային հարձակումների թիրախ։ Ռուսական պետությունը ձգտում է ապակայունացնելու մեր հասարակությանը, խաթարելու մեր ժողովրդավարությունը և թուլացնելու մեր աջակցությունը Ուկրաինային»։
Ըստ Bild-ի՝ ահաբեկչության բացահայտման մեջ ներգրավված է եղել նաև վերջերս ստեղծված Հիբրիդային սպառնալիքների կենտրոնը։
DW–ն գրում է, որ Գերմանիան ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով ուժեղացնում է հետախուզական գործակալությունները։ Այս տարվա ապրիլին այդ երկրի քրեական ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել էր Ղազախստանի քաղաքացու՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով։ Բեռլինի Դաշնային դատարանի տված ձերբակալման օրդերում նշվում է, որ այդ անձը 2025 թ․ մայիսից մշտական կապ է պահպանել ռուսական հետախուզության հետ:
Անհանգիստ է նաև ԵՄ անդամ Լատվիայում։ Երկրի նախագահ Էդգարս Ռինկևիչսը չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումը: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի այդ սցենարին։
Լատվիայի նախագահի խոսքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է հստակ ազդանշան տան Կրեմլին, որ եթե Ռուսաստանը մարտահրավեր նետի, դաշինքի պատասխանը կլինի համաչափ։
Անցյալ տարի Միացյալ Նահանգների պահանջով ՆԱՏՕ-ի երկրները ավելացրին պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ–ի 5 %-ը, բայց ԵՄ–ում արդեն հասկանում են, որ դա էլ բավարար չէ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե․ «Մենք չենք կարող շարունակել այսպես՝ չափազանց կախված լինելով Միացյալ Նահանգներից։ Մեզ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ, և մենք կարող ենք դրան հասնել միայն այն դեպքում, երբ անխափան աշխատենք որպես մեկ մարմին՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը։ Եվ դա այն է, ինչ մենք անում ենք»։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը նույնպես շեշտել է Ռուսաստանից պաշտպանվելու անհրաժեշտության մասին․
«Եվրոպացիները գիտակցում են, որ կառավարության առաջին խնդիրը անվտանգությունը պահպանելն է: Երկրորդ խնդիրը ուժեղ տնտեսություն ունենալն է, և երկուսն էլ անհրաժեշտ են ռուսներին զսպելու համար: Մեզ պետք են ուժեղ տնտեսություններ։ Բայց նախևառաջ մենք պետք է պաշտպանվենք, և դա առաջնահերթ է: Եվ սպառնալիքն այստեղ է․ Ռուսաստանը գործակցում է Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի հետ: Եկեք միամիտ չլինենք»:
Եվրամիությունը մոտենում է Ռուսաստանի հետ ուղղակիորեն հակամարտության մեջ մտնելու վտանգավոր շեմին․ այս մասին գրում է իտալական L’Antidiplomatico պարբերականը։
Ըստ վերլուծության՝ իրավիճակն աստիճանաբար մոտենում է «անդառնալիության կետին»։




